«Վիտամին»-ի կազմն էլի միասին հանդես կգա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` «Վիտամին» ակումբը եթերում չէ. հումորային նախագիծը փակվել է, սակայն փրոդաքշընը շարունակում է իր գործունեությունը:
«Ժողովուրդ»-ը ակումբի նախկին անդամ Վաչե Թովմասյանից հետաքրքրվեց, թե այժմ տղաներն ինչով են զբաղված, արդյոք առաջիկայում հեռուստադիտողները նրանց մեկ նախագծում տեսնելու նոր հնարավորություն կունենան: Հումորիստը տեղեկացրեց, որ հեռուստադիտողներին ներկայանալու նոր առիթներ անպայման կլինեն. «Մենք հիմա աշխատում ենք նոր նախագծերի վրա, պարզապես դեռ չեմ կարող դրանց անունները տալ, չակերտներ բացել: Այդ նախագծերում մենք ե՛ւ որպես պրոդյուսեր ենք հանդես գալու, ե՛ւ անձամբ հեռուստադիտողին ներկայանալու առիթ կունենանք»,- ասաց նա` հավելելով, որ իրենք ուզում են երկար նախապատրաստվել, որպեսզի որակ ստանան:

Մեր այն հարցին, թե արդյոք համագործակցությունը կշարունակվի «Շանթ» հեռուստաընկերության հետ, Վաչեն պատասխանեց. «Առայժմ կշարունակենք աշխատել «Շանթ»-ի հետ, բայց հնարավոր է նաեւ այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցենք. ոչինչ չենք բացառում»:

Վաչեն նաեւ տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է անհատապես ներկայանալ սթենդ-ափ շոուի ժանրում.«Սա ամբողջ աշխարհում շատ ընդունված ժանր է, իսկ Հայաստանում КВН-ի դպրոցից եկած հումորներն են արդիական: Կարծում եմ՝ սթենդ-ափ շոուի ժանրը, որը պարունակում է անկեղծություն, ինքնաքննադատություն, հաճախ ներկայացումը կառուցում է իրական դեպքերի հիման վրա, պետք է որ դուր գա հայ հանդիսատեսին: Սկզբնական շրջանում ես իմ շոուով կներկայանամ ակումբային տարբերակով, իսկ հետո, եթե եթերի ցենզը թույլ տա (որոշ առումով ազատ, համարձակ հումոր է լինելու), այն կհեռարձակվի նաեւ հեռուստատեսությամբ»,-նշեց նա:

Մենք նաեւ հարցրինք` արդյոք նախկին «Վիտամին» ակումբի թիմը կրկին միասնական կազմով կներկայանա հեռուստադիտողներին. «Մենք իրականում էլի միասին ենք, իրար հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ընտանիքի նման ենք դարձել, բայց ասել, թե հաջորդ շաբաթ արդեն մեզ միասին կտեսնեք եթերում, սուտ կլինի: Իսկ թե երբ հնարավոր կլինի կրկին միասին հանդես գալ, դեռ չեմ կարող ասել»,-պատասխանեց հումորիստը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս