ԵՎ ԴՈ՞Ւ, ՔԸՐՔ
Համաձայն որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների` ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հետ այս օրերին ժամանելու է Հայաստան եւ միանալու է Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին: Նշենք, որ Քըրքորյանը Հովհաննիսյանների ընտանիքի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Քըրք Քըրքորյանի ներկայացուցիչ, «Լինսի» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի նախկին պատասխանատու Հարութ Սասունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ըստ էության, չի բացառել այդ հնարավորությունը:
ԿԽԱՅՏԱՌԱԿՎԵՆ
«168 ժամ»-ի տեղեկություններով` ՀԱԿ-ում որոշել են չմասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, քանի որ հաշվարկել են, որ այդ ընտրություններում հաջողության չեն կարող հասնել, ավելին, մասնակցելով ի ցույց կդնեն իրենց թուլությունը եւ կխայտառակվեն:
ՀԻԱՍԹԱՓԵՑՈՒՑԻՉ Է
Երեկ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջեւ` վանկարկելով. «Դուք շնորհավորել եք կեղծ նախագահին»: «Բոլորիս աչքի առջեւ տեղի է ունեցել կեղծված ընտրություն ՀՀ-ում, եւ արդեն երկրորդ անգամ նույն մարդն ինքն իրեն հռչակել է երկրի նախագահ, եւ այս կոնտեքստում մեզ համար հիասթափեցուցիչ եւ զարմանալի են այն բոլոր դեմոկրատական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահների, պետքարտուղարների պաշտոնական ուղերձները՝ ուղղված Սերժ Սարգսյանին, այն դեպքում, երբ բազմիցս բարձրաձայնվել են բոլոր ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել 2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ»,-ասել է ակցիայի մասնակից, ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը:
2 ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հանդիպել են ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ: Իսկ դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ: Երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվել են հետընտրական իրավիճակն ու շարժման ծավալման հետ կապված առաջիկա քայլերը: