Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալված Խաչատուր Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի դեմ նախաքննությունը դեռ շարունակվում է: Դեպքից անցել է շուրջ մեկ ամիս, սակայն նախաքննությունը վարույթ ընդունած ԱԱԾ-ն այլեւս որեւէ լրացուցիչ տեղեկություն չի հաղորդում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակել էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 1-ին նրան վիրահատել էին: Նա ասել էր, որ տեսել է կրակողին, բայց չի հիշում, թեեւ կարծում է, որ կրկին տեսնելու դեպքում կճանաչի: Նաեւ ենթադրել էր, որ այս մահափորձը կապված է իր քաղաքական գործունեության, մասնավորապես` իր հակառուսական կողմնորոշման հետ:
Նշենք, որ դեռեւս փետրվարին 14-ին «Ժողովուրդ»-ն այցելել էր Զեյթուն վարչական շրջան եւ զրուցել ձերբակալվածներից Խաչատուր Պողոսյանի հարազատների հետ: Վերջիններս պնդել էին, որ Խաչատուրի եւ Սամվելի «գլխին սարքել են», եւ իրենք շատ լավ գիտեն պատվիրատուի անունը:
Խ. Պողոսյանի զոքանչը` 51-ամյա Կարինե Էլչակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը շատ լավ գիտի, թե ով է պատվիրել Պ. Հայրիկյանի մահափորձը. «Ես 99 տոկոսով համոզված եմ, որ այս ամենը Վարդան Սեդրակյանի ձեռագիրն է, նա է դրդել այս երկու անմեղ տղաներին, որ գնան այդ արարքին»: Վերջինս նաեւ նշել էր, որ բնավ չի ցանկանում արդարացնել Խաչատուրին, եւ եթե նա նման արարք կատարել է, պետք է անպայման իր պատիժը կրի, քանի որ «իրավունք չուներ ընկնել նման հիմարի խելքին»: «Կրկնում եմ՝ պատվիրատուն Վարդան Սեդրակյանն է, Խաչիկին պետք չէր նման բան անել: Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է: Այո՛, Խաչիկը ամեն ինչ է, բայց ոչ մարդասպան: Դա քո ձեռագիրն է, Վարդա՛ն Սեդրակյան»,-զայրացած պնդել էր Կարինեն:
Փետրվարի 14-ին «Ժողովուրդ»-ը նաեւ այցելել էր Սամվել Հարությունյանի տուն, սակայն տանը մարդ չէր եղել: Փորձել էինք զրուցել նաեւ Սամվելի մոր` տիկին Ռոզայի հետ, բայց վերջինս հրաժարվել էր հանդիպել` պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի: Երեկ մեզ հաջողվեց կատարվածի շուրջ զրուցել Սամվել Հարությունյանի մոր` 65-ամյա Ռոզա Գալստյանի հետ:
«Այն, ինչ կատարվեց իմ տղայի հետ, զարմացրել է բոլորիս, մինչ օրս չեմ կարողանում ուշքի գալ»,-ասաց նա` շեշտելով, որ իր հարեւանները շատ ճիշտ էին «Ժողովուրդ»-ին ասել, թե իր որդին ունակ չէ մարդ սպանել: «Վարդան Սեդրակյանի հետ ես գործ չունեմ, քանի որ դեռ ոչինչ հայտնի չէ, եւ նրա մեղավորության մասին ոչինչ ասել չեմ կարող: Չգիտեմ՝ իմ տղայի գլխին սարքել են, թե ոչ, բայց նման մի բան հաստատ կա, քանի որ իմ տղան այդ տղան չէ»,-խորը հոգոց հանելով՝ ասաց մահափորձի մեջ կասկածվող Սամվելի մայրը:
Ըստ տիկին Ռոզայի` Պարույր Հայրիկյանի վրա հարձակման օրը, ինչպես նաեւ մյուս օրերին, ինքն իր որդու մոտ ոչ մի տարօրինակ բան չի նկատել. «Սամվելը քաղաքում է եղել, երբ նրան ձերբակալել են: Իմ տղան Վարդան Սեդրակյանի բնակարանը նորոգել է եւ այդ օրերին նրա ամառանոցն էր սարքում: Այն, ինչ հեռուստատեսությամբ ու մամուլով Վարդան Սեդրակյանն արտահայտվեց իմ տղայի հասցեին, ես միայն մի բան կարող եմ ասել, որ վերեւում Աստված կա, նրանք իմ երեխայից ոչինչ չեն գտնի, քանի որ նա այդ մարդը չէ»:
Սամվելի մայրը համոզված է, որ իր տղային կարդարացնեն. «Մենք Պ. Հայրիկյանին գիտենք միայն որպես քաղաքական գործիչ եւ ոչ ավել»:
«Խաչատուրի ընտանիքն ինչ ասել կամ չի ասել, դա իրենց տեսակետն է, ես միայն մի բան գիտեմ, որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ, ու սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել: Բայց ես չգիտեմ, թե ով կարող է լինել այդ մեկը, անգամ կասկածներ չունեմ: Իմ տղան թշնամիներ էլ չունի, ու այս ամենից ես ոչինչ չեմ հասկանում»,-վստահաբար ասաց նա:
Տեղեկացանք, որ Սամվելը կնոջից բաժանված է եւ ունի մեկ դուստր. «Դե ընտանեկան խնդիրներ կային, ամուսիններ են, չհասկացան իրար, բայց արդեն միացել էին»:
Կատարվածի շուրջ ցանկացանք զրուցել նաեւ Սամվելի կնոջ հետ, սակայն տիկին Ռոզան ասաց, թե որեւէ կապ չունի նրա հետ. «Գիտեմ միայն, որ ապրում է 9-րդ Մասիվում, ու ընդհանրապես կապ չունեմ իր հետ: Նրա կինն էլ Ձեզ ոչինչ ասել չի կարող, քանի որ նա Սամվելի հետ միայն հանդիպել է երեխային տեսնելու պատճառով, ուրիշ ոչ մի կապ չի եղել»:
Նշենք, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը փետրվարի 28-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մահափորձը հետաքննողներն իրենց տարօրինակ են պահում, կատարողներին բացահայտել են, բայց ոչ մի առաջընթաց. «Երեւի բավարար անկախություն չունեն: Դա կարող է նաեւ վտանգավոր լինել»: Հավելենք, որ դեռեւս մարտի1-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ում անունը տրվում էր որպես նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, դեռեւս չի հարցաքննվել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Ի դեպ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե իշխանությունները ցանկանում են ընտրություններից հետո` փետրվարի 22-23-ին, երբ ՀՀ-ից հեռացած կլինեն նաեւ միջազգային դիտորդները, իրեն ձերբակալել: Մեր այն հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ իշխանությունների սցենարը տապալվել է, նա ասել էր. «Ոչ մի բան չի կարելի արձանագրել, այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է»:
ՄԱՅՐՆ ՈՒՇՔԻ ՉԻ ԳԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ