ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռեւս նախորդ տարեվերջին սկսել էր հետեւել զեղչային քաղաքականությանը: Տասն օր առաջ Երեւանում կատարված դիտանցումների նախնական արդյունքներով կրկին հայտնաբերվել են խախտումներ մասնավորապես հագուստի եւ օծանելիքի վաճառքով զբաղվող մի քանի խանութներում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից: «Դրանց շարքում են «Կաշառել», «Բեյսիք հաուս», «Ռուժ» «Բետի Բարկլի» «Վենեցիա» խանութները, որտեղ դիտանցումների նախնական արդյունքներով արձանագրվել են խախտումներ: Մասնավորապես «Բեյսիկ հաուս» խանութի ապակու վրա փակցված է 70 տոկոս զեղչ, բայց մեր մասնագետները, բացի ուսումնասիրություն կատարելուց, նաեւ հսկիչ-գնում են արել եւ պարզել, որ որոշ դեպքերում 50 տոկոս զեղչ է գործում, իսկ որոշ դեպքում էլ այն ընդհանրապես չկա: Արդյունքում՝ 70 տոկոս զեղչով ապրանք խանութում չի հայտնաբերվել»,-ներկայացրեց մամլո խոսնակը:
Իսկ «Ռուժ» օծանելիքի խանութի ցուցափեղկին փակցված է եղել 10 տոկոս զեղչ ամբողջ տեսականու վրա, սակայն մի շարք ապրանքների, մասնավորապես «Շաննել» ապրանքատեսակի վրա որեւէ զեղչ չի գործել: Նմանատիպ իրավիճակ է նաեւ «Կաշառել», «Բետի Բարկլի» խանութներում: «Սրանք սպառողին մոլորեցնելու եւ խաբելու դրսեւորումներ են: Այս պահին հանձնաժողովը նշված խանութների հետ կապված լրացուցիչ ուսումնասիրություն կկատարի, որից հետո առաջիկայում կտեղեկացնի մանրամասների մասին»,-ավելացրեց Գ. Սահակյանը:
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ