ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՍԻԳԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂ ՎՏԱՌ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի մասնագետները ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով Սեւանա լճի ձկնապաշարների գնահատում են իրականացրել եւ արդյունքները ներկայացրել նույն նախարարության ծրագրերի իրագործման գրասենյակ: Նրանց գնահատմամբ` սիգը արդեն վերարտադրող վտառ չունի լճում, այսինքն՝ այլեւս չկա սիգի արդյունագործական պաշար, պարզապես  այս ձկնատեսակը մնացել է  որպես կենսաբազմազանության միավոր: Սիգ ձկնատեսակը վերջնականապես չկորցնելու համար ինստիտուտն առաջարկում է մոտակա տարիներին շարունակել  որսի արգելքը եւ վերանայել ՌԴ ջրամբարներից սիգի ձկնկիթ ներմուծելու հնարավորությունները:
Լճի ձկների ընդհանուր կենսազանգվածը 2005-2012թթ. կտրուկ նվազել է: Իսկ սիգի կենսազանգվածը նշված ժամանակամիջոցում նվազել է 100 անգամ. 2005թ. հաշվարկվել է 600 տոննա, մինչդեռ 2012թ.՝ ընդամենը 6,5 տ: Սեւանա լճի ձկնային պաշարների ու վերարտադրության վերաբերյալ Գավառի Օրհուս կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը պատասխանել է, որ միայն 2008-2012թթ. ընթացքում Սեւանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 880.800 մանրաձուկ (5-100 գ) եւ գեղարքունու 600.681 մանրաձուկ (5-65գ): 2012թ. արծաթափայլ ծածանի պաշարները Սեւանա լճում կազմել են 96,7 տ: Լճում ձկան ընդհանուր կենսազանգվածը գնահատվել է 100-105 տ: Սեւանի իշխանի պաշարներն աննշան լինելու պատճառով առանձին չեն գրանցվել:
Հաշվի առնելով հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ձկնաբանական հետազոտությունների արդյունքները, լճում սիգի պոպուլյացիայի դեպրեսիվ վիճակը եւ պաշարների աղետալի չափով կրճատման փաստը՝ 2013թ. Սեւանա լճում ձկնարդյունահանման կառավարման ուղղությամբ ինստիտուտն առաջարկել է՝ առաջիկա տարիներին շարունակել սիգի որսի արգելքը եւ վերանայել ՌԴ ջրամբարներից սիգի ձկնկիթ ներմուծելու հնարավորությունները` վերջինիս պաշարները համալրելու համար: Նաեւ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում շարունակել Սեւանա լիճ իշխանի մանրաձուկ բաց թողնելու գործընթացը՝ ուժեղացնելով հսկողությունը որսագողության դեմ ոչ միայն լճում, այլեւ գետերում,  2013թ. արծաթափայլ ծածանի որսը թույլատրել 40-50 տոննայի սահմաններում:
Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի խոսքով՝ Սեւանա լճում սիգի բազմացող վտառ այլեւս գոյություն չունի,  մնացել են միայն հատուկենտ խոշոր ձկներ, որոնց հաշվին սիգի պաշարները վերականգնվել չեն կարող, դրա համար ինստիտուտն առաջարկ է ներկայացրել, որպեսզի նորից սիգի ինկուբացիա իրականացվի լճում, այսինքն՝ արհեստական վերարտադրություն կատարվի ոչ միայն էնդեմիկ տեսակների, այլեւ սիգ ձկնատեսակի համար: «Արգելված շրջան է, բայց հիմա, փաստորեն, որս է կատարվում, ինչի արդյունքում  քանակները նվազում են»,-լրացրեց նա:
Տնօրենն առաջարկում է ձկնաբուծարաններից պարզել, թե որտեղ են ավելի բարեկարգված պայմաններ, որպեսզի հնարավոր լինի արհեստական ճանապարհով նորից բուծում իրականացնել: «Բայց դա պարզապես առաջարկ է, որը պետք է դնել քննարկման: Եվ դրա համար, բնականաբար, համապատասխան ֆինանսական միջոցներ եւ ձկնաբուծարան է անհրաժեշտ: Այդ ամենը պետք է կատարվի կառավարության մակարդակով, այնպես, ինչպես իշխանի արհեստական որոշումն է ընդունվել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Է. Ղուկասյանը:
Իսկ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանի համոզմամբ՝ նշված թվերը իրականությանը չեն համապատասխանում:
«Ասում են՝ 100 անգամ, բայց իրականում հնարավոր է, որ շատ նվազած լինի: 1991թ.-ից սկսած՝ չպետք է ձկնորսության թույլտվություն տրվեր: Ո՞վ է ասում, որ հիմա չկա ձկնորսության թույլտվություն: Դե թող հիմա ինձ ասեն, թե 2006թ.-ին լճում ինչքան սիգ կար ու հիմա ինչքան կա: Ես այդ տվյալներին չեմ հավատում, հետազոտության արդյունքները արժանահավատություն չունեն: Ո՞նց են որոշում: Հետազոտում է գիտությունների ազգային ակադեմիան, բայց թույլտվությունը տալիս է բնապահպանության նախարարությունը: Եթե կարաս բռնելու թույլտվություն տվել են, ապա չի կարա էդ ցանցի մեջ սիգ չընկնի: Ի՞նչ է, մեկը կանգնելու է ցանցի կողքը ու սիգերին քշի, որպեսզի չընկնե՞ն ցանցը»,-վրդովված նկատեց Վ. Գուլանյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կարաս եւ խեցգետին որսալու թույլտվության ժամանակ կա չնախատեսված եւ չպլանավորված որս: Իսկ կարասի ցանցի մեջ կարող է ե՛ւ սիգ ընկնել, ե՛ւ խեցգետին: «Այս տարվա համար դեռ չգիտեմ՝ կա թույլտվություն, թե ոչ: Բայց անցյալ տարի մենք որ ձկնագողին բռնել ենք, ձեռքին միայն խեցգետին որսալու թույլտվություն է եղել: Նշեմ, որ եթե որսը խեցգետնաորսիչով է, ապա անհնար է՝ այդտեղ ձուկ ընկնի, իսկ եթե թույլտվության մեջ գրված է դնովի ցանց, ապա դրա մեջ իշխան էլ է ընկնելու, կարաս էլ, սիգ էլ: Իսկ նման թույլտվություններ շատ կան ու շատ են հանդիպել»,-լրացրեց Վ. Գուլանյանը:
«Ժողովուրդ»-ը դեռ կանդրադառնա այս հարցին եւ կներկայացնի, թե ՀՀ բնապահպանության նախարարությունն ինչ քայլեր է նախաձեռնելու առկա խնդիրները լուծելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս