ՆՍՏԱՑՈՒՅՑ-ԴԱՍԱԴՈՒԼ` ԵՊՀ-Ի ԲԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց երեկ՝ առավոտյան, նստացույց-դասադուլ է սկսել բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վազգեն Գալստյանը:
«Պահանջում եմ, որ իմ կողմից բարձրաձայնված խնդիրներն անհապաղ լուծում ստանան: Իմ պահանջը վերաբերում է կրթության որակի բարձրացմանը եւ ԵՊՀ-ի վարկանիշի լավացմանը: Մինչ այս նստացույցը շուրջ երկու տարի է, ինչ որոշակի գործողություններ եմ իրականացրել ե՛ւ ուսանողական նոր կառույց ստեղծելու, ե՛ւ առարկաների ծրագրային բովանդակությունը փոխելու համար, բայց ապարդյուն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում  իր պահանջները ներկայացրեց Վազգենը: Նրա խոսքով՝ ԵՊՀ պրոռեկտորը, նաեւ` դասախոսական անձնակազմից, մոտեցել են իրեն եւ պայմանավորվել հանդիպել ու զրուցել: Վազգենը հուսով է, որ իր ներկայացրած պահանջները մասնակի կբավարարվեն:
Իսկ մյուս դասադուլավոր ուսանողները` մոտ 15-20 հոգի,  կրկին հավաքվել էին ԵՊՀ-ի մուտքի մոտ, որտեղից էլ երթով շարժվեցին Օղակաձեւ այգի եւ, չնայած  վատ եղանակին, նստելով խոտերի վրա՝ քննարկեցին իրենց հետագա քայլերը: Հիշեցնենք, որ մի խումբ ուսանողների կողմից հայտարարված դասադուլային պայքարը մեկնարկել է փետրվարի 25-ից: Դասադուլի մասնակիցները երթ էին կազմակերպել ԵՊՀ-ից դեպի մյուս ուսումնական հաստատություններ` կոչ անելով անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Հավելենք, որ ակտիվիստները ստորագրահավաք էին ներկայացրել ԵՊՀ ռեկտորին` պահանջելով անբարեկիրթ վերաբերմունքի համար աշխատանքից ազատել իր օգնական Գեւորգ Մելքոնյանին: Դասադուլավորները պայմանավորվեցին հանդիպել այսօր` ժամը 14:00-14:30-ի սահմաններում, Ազատության հրապարակում: Հավաքին ներկա է լինելու նաեւ դերասան Վարդան Պետրոսյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս