ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես երեխայիս տանում եմ մանկապարտեզ եւ խիստ անհանգստացած եմ այնտեղ իշխող բարքերից: Երեխայի ներքնակը, քնելու բոլոր պարագաները մանկապարտեզի տնօրինությունը պահանջում է ծնողներից: Անգամ լինում է, որ մտնում ենք խումբ, երեխաներից մի քանիսը քնած չեն լինում: Դաստիարակները նրանց չքնելը պատճառաբանում են մահճակալների քիչ լինելով, ու երեխաները քնում են հերթափոխով: Խնդրում եմ պարզաբանել մանկապարտեզներում տիրող այս ողբալի վիճակը:

Գայանե Մկրտչյան (26 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գայանե Մկրտչյանի հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ երեխային մանկապարտեզ ընդունելու գործընթացը կազմակերպելիս ծնողի եւ տնօրինության միջեւ կնքվող պայմանագրում («այլ դրույթներ» տողում) նշվում է երեխայի չքնելու մասին:  
Չքնող երեխաների հետ խմբի դաստիարակը կազմակերպում է անհատական աշխատանք:
Ինչ վերաբերում է տնօրինության կողմից անկողնային պարագաների պահանջին, տեղեկացնում ենք, որ ծնողը կարող է իր ցանկությամբ դրանք տրամադրել մանկապարտեզին, թեեւ մանկապարտեզները հիմնականում ապահովված են անհրաժեշտ գույքով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողի գնահատականն իսկապես դիպուկ է: Նման իրավիճակն իրոք ողբալի կարելի է համարել, եւ այս պարագայում համապատասխան կառույցի պարզաբանումը նույնիսկ երկրորդական է: Թեեւ քաղաքապետարանի պատասխանատուներն ամեն կերպ ձգտել են հերքել Գայանե Մկրտչյանի պնդումները` այդպես էլ չպարզաբանելով, թե երեխաներն ինչու չեն քնում` չե՞ն ցանկանում, թե՞ մահճակալները չեն բավարարում:




Լրահոս