Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը “Օմբուդսմենի զեկույց 2012-ում” հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության թերացումներն ու դրական զարգացումները։
Ստորև ներկայացնում ենք այն։
Պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
• Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, և իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միևնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ:
• Հստակ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը, հատկապես, խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ:
• 2012 թվականին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների և/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը:
• Չի իրականացվել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցների սպառումը, որի հետևանքով կայացվել է չափազանց մեծ քանակի (շուրջ 5700) հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում:
• Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում եղել են ողջամիտ ժամկետների նախատեսման մի շարք խախտումներ:
• ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտին վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ չեն կազմակերպվել ձեռնարկատերերի կամ այլ շահագրգիռ անձանց հետ պատշաճ հանրային քննարկումներ:
• Արձանագրվել են հարկային և մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի և վարքագծի կանոնների խախտման մի շարք դեպքեր:
Արձանագրված դրական զարգացումները
• Հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ավելացված արժեքի հարկի գծով հար¬կա¬յին հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումը և վճարումը, ներդրվել է պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ, ինչպես նաև բարելավվել է սուբյեկտների համար հարկման համակարգը:
• Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ` հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները ժամանակին ու պատշաճ կատարելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
• 2012 թվականին վերափոխվել են հարկային և մաքսային ծառայությունների վեբկայքերը, որոնց մշակման համար կիրառվել են նոր մոտեցումներ և տեխնոլոգիաներ: