ՕՐԸ ԿԳԱ` ԲԱՐԻՆ ԷԼ ՀԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգիչ ԱՐՄԵՆ ԽՈՒԲԼԱՐՅԱՆԻ կարծիքով՝ Հայաստանում երգարվեստով կայուն գումար վաստակելը դժվար է, երգիչների հիմնական եկամուտը դրսի ելույթների շնորհիվ է: Ի դեպ, երգչի ուղին է բռնել նաեւ նրա դուստրը` Օվսաննա Խուբլարյանը, որը մասնակցում էր “Հայաստանի ձայնը” մրցույթին: Իսկ մինչ այդ նա մասնակցել է “X factor”, “Հայսուպերսթար”, “Մանկական Եվրատեսիլ” մրցույթներին, “Նոր ալիք”-ի նախընտրական փուլին… Այս պարագայում երեւի տեղին է ասված` պտուղը ծառից հեռու չի ընկնում:
-Դե՞մ չեք, որ Ձեր դուստրը հոր ճանապարհով գնա: 
-Ինքն ավելի մեծ ճանապարհով կգնա: Դեմ կլինեի, եթե ռեստորանում աշխատեր, բայց իր ոճը մեծ բեմի համար է, արտասահմանյան, ժամանակակից երգեր է կատարում, լեզուներ գիտի, սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 3-րդ կուրսում:
-Մրցույթում առաջ գնալու հարցում որեւէ նշանակություն ունեցա՞վ այն փաստը, որ Դուք նրա հայրն եք:
-Մրցույթի մասնակիցներից հո մենակ իմ աղջի՞կը չէր, շատ այլ երաժիշտների երեխաներ կային: Հավատացե՛ք՝ ընկերությունն ու բարեկամությունն այս պարագայում կապ չունեին: Գնահատվում էր կատարման որակն ու շատ այլ հանգամանքներ: Հետո միայն մեր ժյուրին չէր, որ դատում էր, դրսից էլ մասնագետներ կային:
-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է երգարվեստով գումար վաստակել Հայաստանում:
-Չեմ կարող ասել, որ Հայաստանում միշտ ստաբիլ վիճակ է, մենք հիմնականում դրսից ենք գումար վաստակում: Ամենաեկամտաբերները մեր գործուղումներն են: Մեզ մոտ շոու բիզնեսը դեռ շատ աճելու տեղ ունի:
-Բայց կա՞ շոու բիզնես:
-Արդեն կա, կան պրոդյուսերներ, որ գումարներ են ներդնում երգիչների վրա, կան երգիչներ, որ գումարներ են վաստակում, նորմալ է, բայց դե Ռուսաստանի հետ չենք կարող համեմատվել:
Հիմա իմ նպատակը մեծ շրջագայություններն ու համերգներն են, իմ խումբն եմ կազմում: Ամեն ինչ իր հերթին, օրը կգա՝ բարին էլ հետը:
-Որպես երգերի հեղինակ՝ ի՞նչ խնդիրներ ունեք այսօր:
-Ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո, անունը կա, ճանաչումը կա, մենք մեր ձայնագրման ստուդիան էլ ունենք, այդ հարցում էլ խնդիր չկա: Ընկերս ձայնագրման ստուդիա է բացել, մենք այնտեղ ենք ձայնագրվում, աշխատում: Գումար կրկին ծախսում ենք, բայց ժամանակ չենք կորցնում:
-Իսկ որպես քաղաքացի՝ ի՞նչ խնդիրներ ու հոգսեր ունեք:
-Բոլորի պես, էլի՛: Ինձ դուր չի գալիս արտագաղթը: 
-Եթե Դուք էլ հնարավորություն ունենայիք, կգնայի՞ք Հայաստանից:
-Դե եթե այսքան տարի չեմ լքել Հայաստանը, դժվար օրերն այստեղ ենք անցկացրել, մնացել մեր հայրենիքին անդավաճան, կարծում եմ՝ արտագաղթի մասին ավելորդ է խոսելը: Քանի մեր երկրում կարողանում ենք աշխատել, ստեղծագործել, կապրենք Հայաստանում: Աստված չանի, եթե զգամ, որ չեմ կարողանում հացի գումար այստեղ վաստակել, դա արդեն ուրիշ խնդիր է:
-Հացի գումարից բացի, կարողանո՞ւմ եք այլ գումարներ էլ աշխատել, թե՞ միայն սոցիալական հարցերը լուծելու համար է բավականացնում:
-Որոշակի գումար աշխատում ենք, բայց նաեւ ներդնում ենք ձայնասկավառակի, տեսահոլովակի, գովազդի վրա: Ծախսելու տեղեր շատ կան, եթե դա էլ չանես, դուրս կմնաս, պետք է հաճախ նորություններ մատուցես: Ես շատ ուրախ եմ, որ ինչ-որ տեղ ներկա եմ լինում, իմ երգերը երգում են: Անգամ եղել է, որ Վրաստանում, Ռուսաստանում լսել եմ իմ երգը: Վրաստանում ,Սիրելիսե ու “Առանց քեզ” երգերս լսել եմ վրացերեն, վերցրել էին առանց ասելու: Հիմա շատ երգիչներ կան, որ նմանատիպ խնդրի առաջ են կանգնում` Ջոնին, Միհրան Ծառուկյանը: Չնայած եթե քո երգը գրանցված է, կարող ես դատի տալ ու շահել:
-Դուք գրանցո՞ւմ եք Ձեր երգերը ,Հայ հեղինակե կազմակերպությունում:
-Հին երգերը բոլորը գրանցված են, բայց նորերը դեռ չեմ հասցրել, պատրաստվում եմ: Իսկ եթե որեւէ մեկը ցանկանա երգել, պետք է հարցնի: Ես էլ կա՛մ կհամաձայնեմ, կա՛մ ոչ:
-Պատահե՞լ է, որ մերժեք:
-Այո՛, Կրասնոդարից էին զանգել, ուզում էին ,Առանց քեզե երգը ռուսերեն երգել, ես մերժեցի, քանի որ ինքս մտադրություն ունեմ երգերս ռուսերեն ներկայացնել:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 492 համար




Լրահոս