Սահմանադրական փոփոխություններում գլխավորը չփոխվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ինչպես և սպասվում էր, հոկտեմբերի 5-ին խորհրդարանում ընդունվեց ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 104 կողմ եւ ընդամենը 10 դեմ ձայներով: Ակնհայտորեն իշխանությունների համար այդ  քվեարկության պատկերն այն աստիճան սպասելի էր, որ պատգամավորներին նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը ներկայացվել էր քվեարկությունից ընդամենը մեկ ժամ առաջ, եւ սա այն դեպքում, երբ նախագծում արվել էին շուրջ երկու տասնյակ կարեւորագույն փոփոխություններ:

Դրանք պատգամավորներին ավելի քան կես ժամ ներկայացնում էր ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, որի ելույթից պարզ դարձավ, որ մասնագիտական հանձնաժողովը վերջին պահին որոշել է փոփոխել այն բոլոր վիճահարույց դրույթները, որոնք առկա էին նախագածում:

Մասնավորապես հավաքների ազատության մասին 43-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված դրույթը, որով բացօթյա հավաքների անցկացման համար որպես պարտադիր նորմ էր սահմանված իրազեկումը, փոփոխվել է, եւ առաջարկվող նախագծում իրազեկումն այլեւս չի դիտվում որպես պարտադիր պայման:
Փոփոխվել է նաեւ նախագծի 58-րդ` սեփականության իրավունքի մասին հոդվածի 4-րդ կետը, որով անձին սեփականությունից զրկելը դարձյալ հնարավոր է դառնում միայն դատարանի վճռի առկայության դեպքում:

Դրական առումով փոփոխվել է նաեւ օրենքների հետադարձ ուժի մասին 73-րդ հոդվածի 2-րդ կետը, որով անձի իրավական կարգավիճակը բարելավող իրավական ակտերը այլեւս հետադարձ ուժ ունեն առանց բացառության, մինչդեռ նախկին տարբերակով դա հնարավոր էր միայն համապատասխան ակտերով նախատեսված լինելու դեպքում:

Առանցքային փոփոխություն է արվել նաեւ ԱԺ նախագահի պաշտոնավարման կարգը սահմանող 104-րդ հոդվածում: Այսուհետ սահմանվում է Աժ նախագահի ընտրության նոր մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում Աժ նախագահին փոխել: Եթե մինչ այդ Աժ նախագահի` իր լիազորությունների ողջ ժամկետում պաշտոնավարելու ամրագրումը շատերին տեղիք էր տալիս մտածելու, որ Սերժ Սարգսյանն ինքն է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, ապա այս փոփոխությամբ փորձ է արվել փարատել նաեւ այդ կասկածը:

Նշանակալի փոփոխություն է արվել նաեւ վարչապետի ընտրության կարգում թե՛ պատգամավորների քվեների քանակի, թե՛ վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետի առաջադրման կարգի վերաբերյալ: Ընդ որում, այս դեպքում եւս նվազեցվել են որեւէ կոնկրետ պաշտոնյայի (ինչպես նախկինում Աժ նախագահն էր) կամ մեծամասնության կամքի պարտադրման հնարավորությունները:

Փոփոխվել է նաեւ երկրի նախագահի ընտրության կարգը. նախկինում առաջարկված «ընտրիչների ժողովը» փոխարինվելու է Ազգային ժողովի պատգամավորներով: Կատարված փոփոխությունների շարքում են նաեւ երկրի գլխավոր դատախազի, ՎՊ նախագահի, ԿԸՀ նախագահի ընտրության եւ լիազորությունների հետ կապված խմբագրումները, ինչպես նաեւ երկրի նախագահի կողմից այդ պաշտոնյաներին ժամանակավորապես նշանակելու լիազորության ընձեռումը, եթե Աժ-ն այս կամ այն պատճառով չի կարողանում նրանց ընտրել:

Եվ վերջին` կարեւոր փոփոխությունները վերաբերում են Սահմանադրության 201-րդ եւ 203-րդ հոդվածներին, որոք սահմանում են առանց հանրաքվեի Սահմանադրության դրույթները փոփոխելու եւ վերպետական կառույցներին անդամակցելու կարգը: Վերջինի դեպքում «տարածքային ամբողջականության» վերաբերյալ ձեւակերպումը փոխարինված է «տարածքների փոփոխություն» եզրույթով, ինչը եւս որոշակիորեն փարատում է այս հարցում առկա մտահոգությունները:

Ամփոփելով` կարող ենք ասել, որ մասնագիտական հանձնաժողովը, ըստ էության, ականջալուր է եղել մինչ այս հնչեցված գրեթե բոլոր մտահոգություններին եւ փորձել է վերջնական տարբերակում դրանց գերակշիռ մասը հաշվի առնել, բացառությամբ, իհարկե ամենավիճահարույց` 89-րդ` Աժ ընտրության եւ կազմի մասին հոդվածի, որտեղ ի սկզբանե «թաղված էր շան գլուխը»` ՀՀԿ-ի վերարտադրությունն ապահովող «կայուն մեծամասնության» եւ «երկրորդ փուլի» մեխանիզմների ամրագրմամբ: Ասել է թե` այն նպատակը, ինչի համար նախաձեռնված էր այս ամբողջ գործընթացը, հոկտեմբերի 5-ին Աժ կողմից հավանության արժանացած նախագծով մնաց անփոփոխ:

Թամարա Միքայելյան




Լրահոս