«Մեր կուսակցությունը հիմնավորել էր, որ լավագույն համակարգը խորհրդարանական համակարգն է: Վերջին քսանհինգ տարիների ընթացքում Հնչակյան կուսակցությունը համակարգային փոփոխությունների հարց է բարձրացրել»,- ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հարցին:
Նա նշեց, որ ՍԴՀԿ-ն երկու շաբաթվա ընթացքում ներքին կարգով և փաստաբանների հետ քննարկել է Սահմանադրական բարեփոխումները:
Տիգրանյանի խոսքով` Միանձնյա կառավարման նոր առաջարկության հիման վրա շրջանցում ենք նախագահական ընտրությունները:
Ատենապետի հավելմամբ` նոր Սահմանադրության նախագծով հայկական բանակը պետք է հեռու մնա քաղաքականությունից: «Մենք կցանկանայինք, որ նաև հեռու մնար ընտրություններից, եթե ապաքաղաքականացնում ենք ապա լիովին պետք է ապաքաղաքակացնենք»,-նշեց նա:
Տիգրանյանի փոխանցմամբ` իրենք ցանկանում են, որ բազմակուսակցությունը զարգանա` «Մենք տեսնում են, թե ինչպես է մի կուսակցություն ստեղծվում և անհետանում»:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն էլ փոխանցեց, որ կողմ է Սահմանադրության փոփոխություններին, սակայն ըստ նրա պետք է քաղաքական մշակույթը փոխվի:
«Երկրում առակա մարտահրավերները Սահմանադրությամբ չէ, որ պետք է հարթվեն: Իրականում գիտենք ինչ է կատարվում մեր երկրում: Այո, Խորհրդարանական կառավարումը մի քայլ առաջ է, բայց նախ և առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք», ընդգծեց նա: