«Մարդկանց «կլպելու» համար ամեն ինչ անում են». քաղաքացիները՝ կոշկակարներին և դերձակներին հարկելու որոշման մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է գտնվում, և իրավիճակը գնալով ավելի է վատանում, թերևս վաղուց հաստատված փաստ է: ՀՀ Կառավարության անդամները այդ մասին հրապարակային չեն հայտարարում, բայց նրանց բոլոր գործողությունները հենց միայն այդ մասին են վկայում: Ինչպես հայտնի է՝ եկող տարվա պետբյուջեն, այս տարվա բյուջեի համեմատ, կրճատված է լինելու:

Սակայն առավել ուշագրավ է, թե ինչպես է ՀՀ Կառավարությունը ծրագրում ավելացնել պետբյուջեի եկամուտները: Սովորաբար գործադիրը պետբյուջեի նախագծին կից օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացնում ԱԺ, որոնց նպատակը պետբյուջեի տվյալ նախագծով նախատեսված մուտքերի կատարումն ապահովելն է: Ըստ այդմ, պարզվում է, որ 2016 թվականի պետբյուջեի մուտքերը նախատեսվում է հավաքագրել՝ կրկնուսույցներին, կոշկակարներին և դերձակներին հարկային դաշտ բերելով: Այսինքն՝ որքան ողբերգական է վիճակը, որ հույսները դրել են ժամագործների և դերձակների հազարական դրամները հարկելու վրա:

Իմանալու համար՝ ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները Կառավարության այս որոշման շուրջ, Armlur.am-ը հարցախույզի դուրս եկավ: Կարծիքները տարբեր էին. հարցվածների մեծ մասը վստահ է, որ սխալ է առանց այդ էլ սոցիալական ծանր պայմաններում գտնվող հայերին մի կողմից էլ հարկային բեռի տակ դնել, մյուս մասն էլ կարծում է, որ քաշքշուկներից խուսափելու համար միանշանակ պետք է օրինական դաշտ մտնել:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս