Սահմանադրական կարգավիճակ է ստանում անգործության մատնված հերթական կառույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդակենտրոն» նոր Սահմանադրության հեղինակների ներկայացմամբ` առաջարկվող փաստաթուղթը բեկումնային փոփոխություններ է ներմուծելու ՀՀ կառավարման համակարգում, ինչը հանգեցնելու է ողջ պետական ապարատի գործունեության առավել մեծ արդյունավետության: Այդ համատեքստում ուշագրավ է Կառավարության կազմավորման եւ հանրային խորհրդի մասին սահմանադրական դրույթների ամրագրումը:

Հարկ է նախ նկատել, որ վերջնական նախագծում փոփոխված է 150-րդ հոդվածը, որը նախատեսում էր Կառավարության անդամների երդման կարգը: Իրականում տարօրինակ էր, որ Սահմանադրության մեջ ներառված էր երդման հակիրճ տեքստը, քանզի թե՛ Գերմանիայի, թե՛ Իտալիայի սահմանադրություններում (որոնցից էլ հիմնականում փոխառնված են առաջարկվող նախագծի լուծումները) նման բան գոյություն չունի: Բայց եւ այնպես, ԱԺ-ի վավերացումը ստացած նախագծում ընդհանրապես խոսք չկա Կառավարության երդմնակալության մասին, այն դեպքում, երբ Գերմանիայում կանցլերն ու նախարարները երդվում են պառլամենտի առաջ, իսկ Իտալիայում` հանրապետության նախագահի:

Բնականաբար, երդում տալով չէ, որ Հովիկ Աբրահամյանն ու նրա նախարարները պիտի այսուհետ գործեն օրենքի տառին համապատասխան, հրապարակայնորեն բացատրություններ տան իրենց ֆինանսական ահռելի կուտակումների համար եւ այլն: Կարող ենք միայն ողջունել նոր սահմանադրության հեղինակների համեմատաբար անկեղծ մոտեցումը` հանրությանը լիովին ձեւական ու ավելորդ նորմեր չպարտադրելու հետ կապված: Սակայն հետաքրքիր է, որ քննադատության չարժանանալով հանդերձ` Կառավարության երդման կարգը սահմանող հոդվածը փոփոխվել է, թեեւ նախագծում կային ավելի կարեւոր դրույթներ, որոնք իրական վերամշակման կարիք ունեին:

Սրա փոխարեն նոր 150-րդ հոդվածը սահմանում է Կառավարության կազմավորման կարգը: Ըստ այդմ, Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում: Վարչապետը նախագահին պիտի ներկայացնի փոխվարչապետերի եւ նախարարների իր թեկնածուներին, որոնք նշանակվում են եռօրյա ժամկետում: Անհամաձայն լինելու պարագայում նախագահն այս հարցով կարող է դիմել Սահմանադրական դատարան: Ուշագրավ է, որ եռօրյա ժամկետում Կառավարության անդամներին չնշանակելու եւ միաժամանակ սահմանադրական դատարան չդիմելու դեպքերում նախարարները համարվում են նշանակված իրավունքի ուժով: Հարկ է նկատել, որ բավականին տրամաբանական տարբերակ է գտնված Կառավարության անդամների նշանակման հարցում նախագահի եւ վարչապետի հնարավոր հակասությունների հաղթահարման համար, որի կապակցությամբ մենք եւս մտավախություն էինք արտահայտել:

Խորհրդարանական կառավարման պայմաններում, երբ քաղաքական համակարգը կայացած չէ, այս դրույթը կարող է ինչ-որ առումով կայունություն ապահովել, թեեւ բնավ չի երաշխավորում Կառավարության գործունեության արդյունավետությունը: Իրավական նորմերով դատելիս` բարդությունների առաջացման պարագայում գործը հասնում է Սահմանադրական դատարանին, որի վճիռն էլ անբեկանելի է նախագահի ու վարչապետի համար: Սակայն մենք ունենք փորձառություն, երբ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը համարեց հակասահմանադրական, մինչդեռ Կառավարությունը չփոխեց իր դիրքորոշումը, եւ կարելի է ասել՝ լիովին արհամարհեց ՍԴ անբեկանելի թվացող վճիռը: Անշուշտ, դրանում նվազ դերակատարություն չունեցան նաեւ Սահմանադրական դատարանի լղոզված ու անորոշ ձեւակերպումներն ու այդ մարմինը ներկայացնող դատավորների հակասական մեկնաբանությունները:

Ուստի այսօրինակ հարցերի շուրջ առավել իրատեսական է քաղաքական լուծումների ներդրումը, ինչը այս փոփոխություններով տեղի չի ունենալու: Կասկած չկա, որ եթե Սերժ Սարգսյանը, իր` մեծամասնության առաջնորդի կարգավիճակով պայմաններ թելադրի նախագահ-վարչապետ ծագած հակասություններում, Սահմանադրական դատարանն անելու է ճիշտ այնպես, ինչպես Սարգսյանն է կամենում: Դրա բազմակի փորձն արդեն իսկ ունենք, իսկ հակառակի ոչ մի երաշխիք չկա, ավելին` նոր Սահմանադրության 89-րդ հոդվածով իրավականորեն դրա հնարավորությունն ամրագրված է:

Հատկանշական է, որ նոր Սահմանադրության 161-րդ հոդվածով հատուկ կարգավիճակ է ստանում նաեւ հանրային խորհուրդը: Նախատեսվում է, որ հանրային խորհուրդը կլինի Կառավարության խորհրդակցական մարմինը, որի կազմավորման եւ գործունեության հարցերի մեկնաբանությունը թողնված է օրենքին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008թ. Մարտի 1-ից հետո ստեղծված մթնոլորտն իբր մեղմելու համար ստեղծեց այս կառույցը, 1996թ.-ից նախագահի կարգավիճակի տենչող Վազգեն Մանուկյանին էլ կարգեց դրա ղեկավար:

Իրականացավ Վազգեն Մանուկյանի «մանկության երազանքը», թե ոչ, հարցի մյուս կողմն է, սակայն նա այսօր ունի գրասենյակ եւ գտնվում է պետության «հատուկ» հոգածության ներքո: Այդուհանդերձ, կառույցի գործունեության 6 տարիների ընթացքում հազիվ թե կարելի է հիշել մի դեպք, երբ այս մարմինը օգտակար որեւիցե դերակատարություն ունեցած լինի: Փաստացիորեն սահմանադրական կարգավիճակ է ստանում անգործության մատնված հերթական կառույցը, որի խորհուրդներին անցած տարիներին որեւէ մեկը չի անսացել, եւ, մեղմ ասած, կասկածելի է, որ այսուհետ կանսա:

Ն. Հովսեփյան




Լրահոս