Ինչո՞վ էր խանգարում նախագահի երդման ներկայիս տեքստը. մտածված է նախագահի պաշտոնին լիովին անհարիր մի տեքստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն իր առջեւ դրված առաջադրանքը կարծես թե կատարել է: Սույն փաստաթղթով միանշանակորեն ապահովելով Սերժ Սարգսյանի հետնախագահական իշխանավարումը՝ հանձնաժողովը զուգահեռաբար տապալվել է ժողովրդավարական արժեքներին, ազգային-պետական առանձնահատկություններին համապատասխան եւ օրենքի գերակայությունը երաշխավորող սահմանադրության նախագիծ մշակելու գործում: Մի կողմ է դրված գործող Սահմանադրությունը, եւ առաջարկվում է լիապես նոր փաստաթուղթ, որտեղ անգամ փոփոխված է հանրապետութան նախագահի երդման տեքստը: Նախագահի երդման համար առաջարկվող տեքստն ամբողջովին փոխանցում է այն անլուրջ վերաբերմունքը, որ դրսեւորել է Սերժ Սարգսյանի հանձնաժողովը մեր պետության մայր օրենքի նկատմամբ:

Հարկ է նախ նկատել, որ ՀՀ գործող Սահմանադրության 54-րդ հոդվածում արձանագրված հանրապետության նախագահի երդման տեքստը սահմանում է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»: Երդման այս տեքստը, կարելի է ասել, նախանշում է, թե նախագահը կոնկրետ որ հարցերում է պատասխանատու եւ ինչպիսի խախտումների կամ սխալների համար կարող է մեղադրվել: Հանրապետության նախագահի կողմից այսպիսի երդմանը զուգահեռ Սահմանադրության ցանկացած խախտում անթույլատրելի է, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները անարգելը՝ դատապարտելի, իսկ անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության ոլորտում նվազագույն վրիպումը՝ հավասար պետական դավաճանությանը: Այսպիսի երդում տվող պաշտոնյան անձամբ եւ ի պաշտոնե պատասխանատու է պետության ներկայիս դրության համար:

Այժմ տեսնենք, թե ինչպիսի երդում է տալու հանրապետության նախագահը նոր Սահմանադրությամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ բոլոր ուժերը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»: Իրականում բավականին տարօրինակ է «հավատարիմ» բառի գործածությունը, քանզի նույնիսկ հանձնաժողովը պիտի հասկանար, որ նախագահի պաշտոնի համար տրված երդումն արմատապես տարբերվում է եկեղեցում կատարվող հարսանեկան ծեսից: Իսկ վերջին ձեւակերպումից այնպիսի տպավորություն է, որ երդումը տրվում է երիտհանրապետական մի ժողովում: Ինչպե՞ս կարելի է հանրապետության նախագահի երդման խոսքն այդպես անլրջացնել ու զրկել որոշակիությունից: Հարց է ծագում՝ իսկ այս դեպքում ո՞վ է երդվելու անվերապահորեն հետեւել Սահմանադրությանը, պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, թե՞ այդ ոլորտներում վաղուց արդեն պաշտպանելու բան չի մնացել:

Կարծում ենք՝ մտածված է նախագահի պաշտոնին լիովին անհարիր մի տեքստ: Այս կարծիքն ավելի հիմնավոր է դառնում, երբ հայացք ենք ձգում Գերմանիայի Սահմանադրությանը, որին այնքան հաճախ հղում են կատարում մասնագիտական հանձնաժողովի անդամները: Վերջինս նախագահի համար սահմանում է հետեւյալ ձեւակերպումը.«Երդվում եմ ջանք չխնայել ապահովելու գերմանական ժողովրդի բարեկեցությունն ու բարօրությունը, պաշտպանել վտանգներից, պահպանել ու պաշտպանել Սահմանադրությունն ու դաշնային օրենքները, ազնվաբար իրականացնել իմ պարտականությունները եւ երաշխավորել արդարությունը: Աստված ինձ օգնական»: Կարելի է բառացի համեմատել ՀՀ գործող Սահմանադրության, առաջարկվող տարբերակի եւ գերմանական Սահմանադրության երդման տեքստերը: Տարբերությունն ակնհայտ է՝ հաստատապես ոչ Սերժ Սարգսյանի առաջարկած նոր Սահմանադրության օգտին: Ավելի նախընտրելի կլիներ, եթե տառացի արտագրվեր գերմանական տարբերակը: Հատկանշական է, որ միջազգային փորձը կրկին չի կիրառվել այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կար: Հետաքրքիր է, որ անձնական շահերը սպասարկող դրույթները Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներն արդարացնում են միջազգային փորձով, մինչդեռ այսպիսի գավառական «նորարարությունների» պարագայում հղում անում «ազգայինին»:

Իհարկե, չենք կարող չնկատել, որ հանրապետության նախագահի երդման տեքստը մինչ այս առանձնապես չի խանգարել, որ այն արտասանողները կարծես լծվեն Հայաստանը «շենացնելու» գործին: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի բոլոր նվագածուները անդադար փնովում են գործող Սահմանադրությունը եւ ինքնամոռաց համոզում, որ միայն ու միայն առաջարկվող տարբերակի ընդունման դեպքում Հայաստանը կփրկվի: Այդ անհեթեթությունների տրամաբանությունը, սակայն, անմիջապես խարխլվում է հենց առաջարկվող այս տարբերակի մանրամասն քննության պարագայում: Պարզ եւ անկեղծ մի հարց է առաջանում՝ այդ ինչո՞վ էր խանգարում նախագահի երդման ներկայիս տեքստը, որ այն նույնպես վերանայել են: Ի՞նչ է, նախագահի երդման տեքստն էր մեղավոր, որ այդ պաշտոնում աշխատող Սարգսյանը շարունակաբար արհամարհել է թե՛ իր երդումը, թե՛ պարտականությունները: Հարկ է, սակայն, նկատել, որ աղճատելով գործող Սահմանադրությունը եւ կազմաքանդելով պետական ինստիտուտները՝ Սերժ Սարգսյանի հանձնաժողովը ենթագիտակցորեն չի կարողացել զերծ մնալ նաեւ երդման տեքստի աղավաղումից: Վերջապես մտադրվելով Սահմանադրությունը իջեցնել Հայաստանում այսօր տիրող համատարած ապօրինության մակարդակին՝ հանձնաժողովը իրականությանն է մոտեցրել նաեւ երդման տեքստն ու դրա բովանդակությունը: Այսօրինակ անորոշ, հստակ պատասխանատվություն չպահանջող երդում տվող նախագահից այլեւս ոչինչ չի կարելի պահանջել:

Առաջարկում ենք Սահմանադրության նախագծում առանձին գլխով ներկայացնել ՀՀԿ-ի առաջնորդին վերաբերող դրույթները՝ նրան վերապահելով երդվել հանրապետության նախագահի երդման ներկայիս տեքստով: Այս դեպքում գոնե կիմանանք՝ ով է իրավիճակի պատասխանատուն, թե չէ նոր Սահմանադրությամբ ոչ մի պաշտոնյա իրական պատասխանատվությամբ օժտված չէ:

Ն. Հովսեփյան




Լրահոս