House ոճն ակտուալ չէ Հայաստանում. Արնի Ռոք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Սոլար եւ Արնի Ռոք նախագիծը, որ հիմնադրվել է 2011թ.-ից, մատուցում է էլեկտրոնային երաժշտություն, հանդես է գալիս երեւանյան տարբեր ակումբներում, հասցրել է հայտնի դառնալ Նարինե Դովլաթյանի, Սոնե Սիլվերի, Արփի Շահնուբարյանի, Իլոնայի եւ շատ այլ երգիչների հետ իր համագործակցություններով: Դիջեյների նախագիծը շարունակում է աշխատել նոր ստեղծագործությունների վրա: DJ-պրոդյուսեր Արնի Ռոքը (Վահե Ախպերջանյան) «Ժողովուրդ»-ին պատմել է, որ իր, Հայկ Սոլարի եւ երգչուհի Իլոնայի ստեղծագործությունը` «Tango with the wind»-ը, հնչել է Միլանում` Ջիորջիո Արմանիի նորաձեւության ցուցադրությանը: Իսկ վերջերս, լսելով Կոմիտասի ստեղծագործություններից մեկը, իրենք որոշել են փորձել ներկայացնել այն նորովի:

-Առաջիկայում հայ աստղերի հետ համագործակցություններ կունենա՞ք, մի փոքր պատմեք այդ մասին:

-Ներկա պահին համագործակցում ենք Մանե Սարգսյանի, Ջիվան Խաչատրյանի եւ Ծովինար Մելքոմյանի հետ: Մանե Սարգսյանի հետ աշխատանքի արդյունքի հիման վրա, ամենայն հավանականությամբ, կնկարահանվի տեսահոլովակ: Բոլոր ստեղծագործություններն էլ կլինեն էլեկտրոնային ոճի մեջ, մի երգը ռոքային ուղղություն ունի, դրա վրա սկսել ենք աշխատել դեռեւս տարիներ առաջ, հիմա որոշել ենք ավարտին հասցնել:

-Դուք հանրությանը հաճախ ներկայանում եք house ոճում. այն այսօր Հայաստանում որքանո՞վ է ակտուալ:

-House ոճն ակտուալ չէ Հայաստանում եւ ունի շատ փոքրիկ լսարան: Համեմատած այն ոճի հետ, որը հիմա համարվում է դոմինանտ մեր երգարվեստի շուկայում, hous-ը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի զարգանա որպես մրցունակ ճյուղ: Այս ոճի զարգացմանը կարող են նպաստել մեդիան եւ մշակույթի պետական կառույցները, եթե ավելի ինտենսիվ կերպով աջակցեն այլընտրանքային երաժշտության տարածմանը, ինչպես, օրինակ, արվում է մեր հարեւան Վրաստանում:

-Դուք հայերեն երգեր կարծես չունեք, ինչո՞ւ. մտավախություն չունեք, որ այս հանգամանքը կարող է քննադատությունների տեղիք տալ հայ հանրության շրջանում:

-Մի գաղտնիք բացահայտեմ. մենք ունենք մեկ հայերեն երգ` «Բարեւ արեւ», որը գրել ենք դեռ 4-5 տարի առաջ, բայց երբեք չենք թողարկել, իսկ հետո այդ երգը մեզանից գնեցին: Դրա հետագա ճակատագրին լավ տեղյակ չեմ: Ի սկզբանե, երբ մեր նախագիծը ստեղծվել է, փորձել է դուրս գալ միջազգային շուկա, իսկ միջազգային հանրությանն ավելի հասանելի է անգլերենը: Մենք քննադատությունից չենք վախենում, նորմալ ենք վերաբերվում դրան: Որքան մարդ, այնքան կարծիք: Առողջ քննադատությունները մեզ միշտ օգնում են, դրանց հետ մենք հաշվի ենք նստում, իսկ նեգատիվ բնույթի քննադատություններին ուշադրություն չենք դարձնում. հնարավոր չէ բոլորին գոհացնել:

-Ձեր կողմից եղել են հին հայկական էթնիկ էլեմենտներով երգերի հետաքրքիր մատուցումներ: Նման երգերի վրա աշխատելու բարդությունը, միեւնույն ժամանակ հետաքրքրությունը ո՞րն է: Որքանո՞վ եք կարեւորում այդ երգերի դերը:

-Մենք ունենք շատ հարուստ էթնիկ երաժշտություն, եւ միշտ կարելի է գտնել ինչ-որ հետաքրքիր, գեղեցիկ մեղեդիներ եւ նորովի ներկայացնել: Էթնիկ գործերի հետ աշխատելու բարդությունն այն է, որ պետք է, չկորցնելով դրա հարուստ հնչողությունը, տաս նոր շունչ: Պետք է անել այնպես, որ հինը խոսի նորի հետ` փոխարինելով մեկը մյուսին: Ամբողջ աշխարհում հին էթնիկ երաժշտությունը միշտ էլ ունի իր ուրույն առանձին տեղը եւ պահանջարկը: Ի դեպ, Հայկ Սոլարը, ես եւ երգչուհի Իլոնան ստեղծել ենք նոր ստեղծագործություն` հիմնվելով հնի վրա (Tango with the wind), եւ այն հնչել է նույնիսկ Միլանում` Ջիորջիո Արմանիի նորաձեւության ցուցադրությանը: Իսկ վերջերս մենք լսեցինք Կոմիտասի ստեղծագործություններից մեկը, որը մեզ շատ հուզեց, եւ, հավանաբար, կփորձենք այն ներկայացնել նորովի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս