Նոյեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երգիչ Էրիկի մենահամերգը: Նա հանդիսատեսին խոստանում է մի շարք անակնկալներ եւ պրեմիերաներ:
Երգիչը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ամենակարեւոր հանգամանքը սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալն է. «Այն բոլոր երգերը, որոնք հանդիսատեսը սովոր է լսել իմ կատարմամբ, հնչելու են սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, ինձ կնվագակցի ամենաքիչը վաթսուն երաժիշտ` բացի այն բենդը, որը մյուս համերգներին ինձ հետ հանդես է գալիս, այսինքն` համերգին ոչ մի սինթեզի ձայն չեք լսելու. դա ամենակարեւորն է: Ես առաջին հերթին մտածում եմ որպես երաժիշտ»,-շեշտեց նա:
Էրիկը հավաստիացրեց, որ էստրադայի արտիստներից ոչ մեկը մինչ այժմ նման համերգով հանդես չի եկել. «Սա հանդիսատեսի համար նորություն կլինի մեր մեռած էստրադայում: Հանդիսատեսը լավ էստրադայի կարիք ունի, իսկ ես միշտ երազել եմ նման համերգի մասին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է համերգի ընթացքում հնչելիք դուետներին, Էրիկը պատասխանեց. «Ես չեմ ուզում հատուկ այդ օրվա համար դուետ լինի. դուետը պետք է ծնվի: Եթե նկատել եք, ես մինչեւ օրս շատ քիչ զուգերգեր եմ ունեցել, օրինակ` տարիներ առաջ Անդրեի հետ եմ երգել… Իսկ թե ինչ տեսքով այս անգամ դուետները կմատուցվեն, պարզ կդառնա համերգի օրը, թող դա անակնկալ մնա»,-մեկնաբանեց երգիչը:
Մեր այն հարցին, թե արդյոք այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պես դահլիճներ լցնելը դժվար չէ, եւ արդյոք Էրիկն այդ առումով մտավախություն չունի, նա պատասխանեց. «Այդ մասին ընդհանրապես չեմ մտածում, քանի որ զանգերը չեն դադարում, տոմսերն արդեն ահագին վաճառվել են, այնպես որ այդ առումով մտահոգված չեմ: Ինձ թվում է` մեր հանդիսատեսը հոգնել է միաժանր, միանման համերգներից եւ կարոտ է նման մատուցման»:
Աննա Բաբաջանյան