Դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեն նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը պաշտոնապես հրապարակվեց «Պաշտոնական տեղեկագրի» հերթական համարում, ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ հրամանագիրն արդեն ուժի մեջ է:
Այս փաստը ենթադրում է, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը եւ հակաքարոզչությունն այլեւս պաշտոնական բնույթ են կրում: Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների` այս ժամկետից դուրս կողմ եւ դեմ քարոզչությունը եւս արգելված չէ: Պարզապես պաշտոնական քարոզչությունը ենթադրում է պետության կողմից երաշխավորված պայմանների ստեղծում:
Այսպես, յոթ օրերի ընթքացքում մարզպետերը եւ Երեւանի քաղաքապետը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք քարոզչություն կատարողներին (նաեւ հակաքարոզիչներին) պետք է տրամադրվեն անվճար: Համապատասխան դահլիճների եւ շինությունների ցանկը պետք է հրապարակվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Քվեարկության օրվանից 40 օր առաջ, այսինքն՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ ոստիկանությունն իր կայքում պետք է հրապարակի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների ցուցակը: Ըստ այդմ, Հայաստանի հանրությունը հնարավորություն կունենա իմանալու, թե որքան է մնացել, որպեսզի ընտրողների թիվն, ի վերջո, գերազանցի բնակչության թիվը: Ինչպես հայտնի է պաշտոնական տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունը 3 միլիոն է, իսկ առկա բնակչությունը` 2 մլն 800 հազար: Վերջին` 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրացուցակներով ընտրողների թիվը հասել էր 2 մլն 600 հազարի: Քանի որ ենթադրվում է, որ հանրաքվեի ժամանակ ցուցակային ընտրողների թիվն առնվազն մի հարյուր հազարով կավելացնեն, ուստի դրանից հետո արդեն էլ բան չի մնա, որպեսզի Հայաստանում նորածիններն էլ «ընտրող» լինեն:
Ինչեւէ, հանրաքվեի քարոզարշավից քաղաքական ուժերի համար ամենագրավիչը անվճար եթերաժամանակն է: «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ քվեարկությանը նախորդող 30 օրերին, այսինքն՝ նոյեմբերի 6-ից սկսած խորհրդարանի խմբակցություններից յուրաքանչյուրն իրավունք ունի Հանրային հեռուստաընկերության եթերից անվճար օգտվել 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերից` 120 րոպե: Բացի այդ՝ խմբակցություններն իրավունք կունենան օգտվել նաեւ Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամանակից՝ համապատասխանաբար 120 եւ 180 րոպե տեւողությամբ:
Ինչպես հայտնի է՝ այսօր Հայաստանի խորհրդարանն ունի վեց խմբակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»: Նրանցից երեքը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ, սահմանադրական փոփոխություններին կողմ են: Այս պահին սահմանադրական փոփոխություններին միանշանակ դեմ են արտահայտվել երկու խմբակցություն` ՀԱԿ եւ «Ժառանգությունը»: ՕԵԿ-ը ոչ այն է՝ դեմ է, ոչ այն է՝ կողմ: Այս կուսակցությունում սովորաբար հոգով կողմ են իշխանությունների ցանկացած նախաձեռնությանը, բայց քանի որ նրանք այս փուլում իրենց ընդդիմություն են հռչակել, հրապարակային մի փոքր պետք է ընդդիմանան իշխանություններին: Ուստի բացառված չէ, որ եթե ՕԵԿ-ը որոշի հեռուստաեթերից օգտվել, ապա մի օր դեմ կխոսեն, մյուս օրը ձեռնպահոտ, որը ավելի շատ «կողմ»-ի կնմանվի:
Ի դեպ, հանրաքվեի ժամանակ քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն նախաձեռնության հեղինակը` տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ խմբակցությունները, կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները: Վերջիններս իրենց քարոզչությունը կամ հակաքարոզչությունն իրականացնելու համար կարող են ստեղծել քարոզչական հիմնադրամներ: Այդ հիմնադրամների միջոցով առավելագույնը քարոզչության համար կարող է ծախսվել 100 մլն դրամ: Խմբակցությունները, կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները քարոզչական հիմնադրամի հաշվին կարող են վճարել մինչեւ 25 միլիոն դրամ, իսկ անհատ քաղաքացիները` մինչեւ 100 հազար դրամ:
Այսինքն՝ ցանկության դեպքում իշխանությունները միանգամից մի քանի քարոզչական հիմնադրամ կարող են ստեղծել, նույնը վերաբերում է նաեւ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին: Սակայն, եթե իշխանությունների դեպքում միջոցների հայթայթման խնդիր գոյություն չունի, ապա ընդդիմության դեպքում մեկ հիմնադրամը մի բան էլ դեռ շատություն կանի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ