Լեյշմանիոզ հիվանդությունը Հայաստանում շատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միայն այս տարվա ընթացքում հանրապետության տարածքում լեյշմանիոզի 17 դեպք է արձանագրվել: Մինչդեռ 99թ-ից մինչ օրս ընդամենը 81 դեպք էր եղել: Պատկերն արդեն իսկ մտահոգիչ»,-Կապանում հանդիպելով քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ ընդգծեց ՀՀ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ փոխանցումով պայմանավորված եւ մակաբուծային հիվանդությունների բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Նշենք, որ լեյշմանիոզը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանիների, օրինակ՝ թափառող շների, մլակների միջոցով: Հիվանդության նշաններն են՝ անկանոն տենդ, ավշային հանգույցների մեծացում, մոմագույն մաշկ: Գաղտնի շրջանը 3 շաբաթից մինչեւ 3 տարի կարող է տեւել: Շներից ու մլակներից մարդուն փոխանցվող այս հիվանդությունը Հայաստանում մի քանի տարի է, ինչ սկսել է գլուխ բարձրացնել: Իսկ, ահա, մեր հարեւան Վրաստանում այն վաղուց արդեն բավականին տարածված է: Այս ամենը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները անհրաժեշտ միջոցառուներ են ձեռնարկել: Նախ շեշտը դրվել է տեղեկացվածության վրա:

Մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչ է իրանից ներկայացնում լեյշմանիոզը, եւ համապատասխան պայմանների չհետեւելու դեպքում ինչ անդառնալի հետեւանքների այն կարող է հանգեցնել: Նշենք, որ այս հիվանդության հետեւանքով ընդհուպ մինչեւ մահվան դեպքեր են եղել: Այդ իսկ պատճառով էլ ԱՆ մասնագետները այցեր են կատարում մարզեր` բնակչությանն իրազեկելու եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

«Լեյշմանիոզը առավել շատ սպառնում է սոցիալապես ծանր պայմաններում մեծացող երեխաներին, խոսքը վերաբերում է հատկապես ցածր իմունիտետ ունեցողներին եւ թեր սնվողներին»,-դիմելով ներկաներին՝ ընդգծեց բժշկուհին: Կապանում այս տարվա հուլիսին ընդերային լեյշմանիոզի 4 դեպք է արձանագրվել: Բոլորն էլ երեխաներ: Հիվանդները բուժում են ստացել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Կապանի Շինարարների թաղամասում ամիսներ առաջ կատարած շրջայցի ժամանակ մասնագետները շինարարական եւ կենցաղային աղբակույտերի են հանդիպել, ինչը նպաստավոր է հիվանդության տարածման համար: Լեյշմանիոզից խուսափելու համար պետք է մանրավանդակ ցանցով փակել բնակարանների լուսամուտներն ու դռները: Կանխել աղբակույտերի առաջացումը, պայքարել կրծողների եւ թափառող շների դեմ:

Հերմինե Միքայելյան
Կապան




Լրահոս