ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԶՐՈՅԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հոկտեմբերից, երբ ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել, ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումը զգալի նվազեց: Արդյունքում տեղական արտադրողներն ու արտահանողներն առ այսօր կանգնած են լուրջ խնդրի առջեւ. կա՛մ պետք է վնասներ կրելով արտահանեն եւ ռուսական շուկայում զբաղեցրած տեղը չկորցնեն, կա՛մ էլ դադարեցնեն արտահանումը, որն ավելի վտանգավոր գործընթաց է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 1 միլիարդ 932.7 մլն դոլար: Այդ թվում արտահանումը 11.2 տոկոսով նվազել է եւ կազմել 624.8 մլն դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 36.2 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 307.9 մլն դոլար:
Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում կոնյակի արտադրության ծավալները 10.7, իսկ գարեջրինը՝ 12.4 տոկոսով նվազել են: Գարեջրի եւ կոնյակի արտադրության ծավալների անկման պատճառն այն է, որ տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան գրեթե ապրանք չի արտահանվում: Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր հենց կոնյակ, թեեւ վերջին տարիներին ավելացել էր նաեւ գարեջրի արտահանումը:
Պռոշյանի գինու, կոնյակի գործարանի արտահանման մասով պատասխանատու Աննա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունն իր արտադրանքը արտահանում է դեպի ԱՊՀ երկրներ, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Իսրայել եւ այլուր: «Արտահանման ծավալները, նախորդ տարվա համեմատ, այս տարի նվազել են: Պատճառը ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներն են: Թեեւ վերջին երկու ամիսների ընթացքում մի փոքր ավելի բարելավել է վիճակը, պատվերների քանակներն ավելացել են: Իսկ մինչ այդ վատ էր. չկային պատվերներ»,-ներկայացրեց Տոնոյանը:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ առեւտրային գործարքն իրականացվում է ռուսական ռուբլիով. «Կան երկու-երեք ընկերություններ, որոնք իրենց ցանկությամբ դոլարով են գործարք կատարում, բայց հիմնականում աշխատում ենք ռուբլիով: Փորձում ենք վնասներ չկրել հետեւյալ կերպ՝ այն հումքը, որը մեզ անհրաժեշտ է՝ շիշ, պիտակներ, խցաններ, փորձում ենք դրանք ձեռք բերել ռուսական շուկայից: Եւ այն ռուբլին, որը ստանում ենք ապրանքի վաճառքից, օգտագործում ենք նշված ապրանքները ձեռք բերելու համար: Այսինքն՝ ռուբլին ինչպես գալիս է, այնպես էլ գնում է: Այն ո՛չ դոլարի ենք վերածում եւ ո՛չ էլ դրամի: Կարելի է ասել՝ զրոյական եկամուտով ենք աշխատում»:
ՀՀ Վայոց Ձորի «Գետնատուն» ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է գինիների արտադրությամբ եւ արտահանմամբ: Ընկերությունը հայկական գինին արտահանում է հիմնականում դեպի ՌԴ: Ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով այս ընկերությունը նույնպես նվազեցրել է ինչպես արտահանման, այնպես էլ արտադրության ծավալները, քանի որ ընկերության արտադրանքն այս ընթացքում ներքին շուկայում էլ մեծ դժվարությամբ է իրացվում: «Չգիտեմ՝ խոշոր արտադրողներն ինչպես, բայց մեր ընկերությունը ներքին շուկայում մի կերպ է դիմանում»,- ընդգծեց «Գետնատուն»-ի տնօրեն Նաիրի Բաղդասարյանը:
Ե՛ւ արտահանման, ե՛ւ ներքին շուկայում իրացման առկա խնդիրներին ծանոթ են նաեւ ՄԱՊ ընկերությունում: Այս ընկերության ներկայացուցիչը նույնպես փաստեց, որ դեպի ՌԴ արտահանման ծավալները 2015 թվականի ընթացքում զգալի նվազել են: Նշենք, որ ՄԱՊ-ը նաեւ արտահանում է իրականացնում դեպի Ուկրաինա, Գերմանիա, ԱՄՆ. «Ներքին շուկայում մենք հիմնականում աշխատում ենք ակցիաների, գների իջեցման հետ կապված միջոցառումներով: Եթե գնային այս միջոցառումները չձեռնարկենք, ապա ավելի բարդ վիճակում կհայտնվենք»:
Այնուամենայնիվ, առաջիկայում հնարավոր է, որ այս վիճակը կկարգավորվի, եւ ռուսական շուկան Հայաստանի արտահանողների համար դառնա եկամտաբեր: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ: «Խնդիրը հիմնականում կապված էր ռուբլու արժեզրկման հետ, ինչի արդյունքում մեր արտահանողները գրեթե կրկնակի տուժեցին: Վերջին ամիսներին նկատվում է կայունություն, որը, կարծում եմ, երկար ժամանակ կպահպանվի: Անհրաժեշտ է հարմարվել նոր վիճակին, նոր գներին, գտնել նոր շուկաներ: Հնարավոր է՝ մյուս տարի որոշակի ակտիվություն նկատվի: Հնարավորությունները մեծ են, պետք է ճիշտ եւ արագ կողմնորոշվել, եւ հնարավոր է՝ կարճ ժամանակում վերականգնել կորուստները»,- մեկնաբանեց Առաքելյանը:
Ինչ վերաբերում է ներքին շուկայում իրացմանը՝ տնտեսագետն ասաց, որ վերջին տարվա ընթացքում նկատվում է առեւտրի կտրուկ անկում, ինչն էլ պայմանավորված է եկամուտների կրճատմամբ: «Բնակչության զգալի մասը եկամուտ ստանում է տրանսֆերտների հաշվին, ինչպես նաեւ առկա բացասական սպասումները ստիպում են մարդկանց քիչ ծախսել: Այս երեւույթների ազդեցութունը դեռ կպահպանվի, եւ սպառման ծավալների աճ, կարծում եմ, չի լինի: Քանի որ հիմնական խնդիրն առաջացել է ռուբլու պատճառով»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Մասնագետն առաջարկեց նաեւ արտահանող ընկերություններին վարկավորել ռուբլով, ինչը զգալիորեն կնվազեցնի արտարժույթային ռիսկերը:
Ամփոփելով նկատենք, որ, չնայած իշխանությունների հավաստիացումներին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առջեւ կբացվի ԵՏմ 170 միլիոնանոց շուկան, անցած ամիսները ցույց տվեցին, որ տեղի է ունենում հակառակ գործընթացը. ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով մինչ այդ եղած շուկաներն էլ են փակվում Հայաստանի առջեւ: Եվ եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվեցին, ապա դժվար չէ կանխատեսել, թե դա ինչպիսի բացասական ազդեցություն կունենա ՌԴ տնտեսության վրա, ինչն էլ կրկնակի ուժգնությամբ կհարվածի ՀՀ արտահանման ցուցանիշներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑ 21 ՑՈՒՑԱՐԱՐ
Մինչ Ազգային ժողովում պատգամավորները քվեարկում էին ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը, Աժ դարպասների մոտ «Ոչ»-ի շարժման անդամներն ու ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացնում: Նրանք հավաքվելով Ազատության հրապարակում` երթով շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա` Ազգային ժողովի շենքի դիմաց:
Ցուցարարներին էին միացել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ակցիայի հենց սկզբում ոստիկանները, պատռելով Ազգային ժողովի դարպասներին փակցված «Ոչ» գրությամբ պաստառները եւ ուժ կիրառելով, բերման ենթարկեցին 21 ցուցարարի: Փորձեցին բերման ենթարկել նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, ինչը նրանց չհաջողվեց:
Վերջինս ելույթ ունեցավ եւ խորհուրդ տվեց չզարմանալ ոստիկանների կողմից իրեն բերման ենթարկելու փորձի վրա, քանի որ «մեր ոստիկաններն այսպես են աշխատում»: «Լավ կլիներ, որ նրանք այսպես պաշտպանեին սահմանը, այլ ոչ թե ժողովրդի դեմ պայքարեին»,-նշեց Մանուկյանը: Ինչին ի պատասխան՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց. «Հարգելի՛ս, մենք սահման գնացել ենք, գնում ենք, ու եթե պետք լինի, էլի կգնանք, դուք գնացեք»:
Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ցուցարարներին հորդորեց Ազգային ժողովի դիմաց կանգնելու փոխարեն գնալ Արաբկիրի ոստիկանության բաժին՝ պահանջելու ազատ արձակել բերման ենթարկված տասնյակ ցուցարարներին:
«Խնդրում եմ՝ բոլորովս գնանք Արաբկիրի բաժին ու ամեն քայլ անենք, որ ազատվեն, երբ կազատվեն, կհրապարակեն այն ծրագիրը, որը իշխանությունները փորձեցին այսօր խափանել»,-նշեց նա:
Լեւոն Զուրաբյանի կոչով ակցիայի մասնակիցները լքեցին տարածքը եւ շարժվեցին դեպի ոստիկանության Արաբկիրի բաժին: Երեք ժամ ցուցարարներին ոստիկանական բաժնում պահելուց հետո նրանց ազատ արձակեցին: «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը փոխանցեց, որ այդ ընթացքում ցուցարարներին ոչ ոք չի մոտեցել եւ որեւէ կարգավիճակ չի տվել:
«Մեզ առեւանգել են ոստիկանական համազգեստով մարդիկ: Ես խնդրում եմ, որպեսզի համապատասխան մարդիկ վարույթ սկսեն»,-ասաց ակտիվիստը՝ հավելելով, որ փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո իրենց հետագա քայլերի մասին կհայտարարեն:

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

 
ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ
Հայաստանը պատրաստվում է ավելացնել Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող գազի ծավալները՝ միաժամանակ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան: Թեհրանում կայացած հանդիպմանը նման պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեհին: Վերջինս նշել է, որ այդ հարցում հայ֊իրանական համագործակցության ձեւաչափը շարունակելու է մնալ նույնը՝ հավելելով, որ գործարքի մանրամասները քննարկվելու են առաջիկայում: Զանգանեհիի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հրավերով մոտ օրերս Հայաստան կայցելի Իրանի վարչապետ Էսհաղ Ջահանգիրին: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ Իրան-Հայաստան գազատարի կառուցման պայմանագիրը կնքվել է 2004 թվականին: Իրանի գազի արտահանման ազգային ընկերության կառավարիչ-տնօրեն Ալիրեզա Քամելիին «Շանա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանը հնարավորություն ունի տարեկան մոտ 2.3 մլրդ խորանարդ մետր գազ արտահանել Հայաստան: Ներկայումս շահագործվող գազատարի միջոցով օրական կարելի է արտահանել 6 մլն խորանարդ մետր գազ, այնինչ՝ միայն 3 մլն է արտահանվում: «Քանի որ անհրաժեշտ ենթակառուցվածնքերը չկան Հայաստանում, երկիրը չի կարողանում լիովին օգտվել գազատարի հնարավորություններից»,֊նշել է Քամելին: Իրանցի պաշտոնյան նաեւ հավելել է, որ Հայաստանը ներկայումս նախատեսում է կառուցել նոր՝ 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծ եւ խնդրել է Իրանին մատակարարել նոր գործարանի գործարկման համար անհրաժեշտ բնական գազ:




Լրահոս