«Կան պաշտոնյաներ, որ 20 տարի նույն պաշտոնին են, ի՞նչ է, ուրիշ մարդ չկա՞: Մենք պետք է ազատվենք հղփացած, լճացած պաշտոնյաներից»,-«Հ2» հեռուստաընկերությամբ խոսելով Հայաստանում կոռուպցիայի մասին՝ երեկ հայտարարել է ՕԵԿ ղեկավար, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Սա, թերեւս, այն եզակի դեպքերից է, որ Ա. Բաղդասարյանի հետ անհնար է գոնե մասամբ չհամաձայնել: Խոստովանենք` իրոք որոշ պաշտոնյաներ 20 տարի է՝ իշխանության վերին օղակներում են, ընդ որում, անընդհատ բարձրանալով իշխանական աստիճաններով: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը, որն ուղիղ 20 տարի է՝ իշխանական վերնախավում է. 1993թ.-ից նախարար էր, հիմա արդեն նախագահի աթոռին է: Հովիկ Աբրահամյանը նույն թվերին Արտաշատի քաղաքապետից հասավ ԱԺ նախագահի պաշտոնին, Տիգրան Սարգսյանը՝ բանկերի խորհրդի, ԿԲ նախագահից դարձավ վարչապետ: Ի վերջո, Արթուր Բաղդասարյանը 20 տարի առաջ Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնից հասավ մինչեւ ԱԺ նախագահ, հետո՝ ԱԱԽՔ: Էլ չենք խոսում միջին օղակի պաշտոնյաների մասին:
Փաստորեն, Արթուր Բաղդասարյանը երեկ հանդես էր գալիս ինքնախոստովանությամբ: