Նախագահի այս ընտրությունները կհիշվեն յուրօրինակ առանձնահատկությամբ. ողջ նախընտրական քարոզարշավը, հիմա նաեւ հետընտրական պայքարն ուղեկցվում է թեկնածուների հացադուլներով: Ասել է թե` հացադուլը դարձել է քաղաքական պայքարի հիմնական միջոց:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ԳԱԱ մոտ հացադուլ էր անում նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը, իսկ հիմա Ազատության հրապարակում պայքարի այդ միջոցին է դիմել Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը երեկ վստահեցրեց՝ հացադուլ անելու է մինչեւ ապրիլի 9-ը՝ այն օրը, երբ լինելու է Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ր.Հովհաննիսյանը մեկնաբանեց՝ ապրիլի 9-ից Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չի լինելու, ուստի նա իրավունք չունի որեւէ երդում տալու: «Դե յուրե երդմնակալությանը պարոն Սարգսյանը չի կարող մասնակցել: Ու եթե ինքը մինչ այդ այլ լուծման չենթարկվի, եթե ինձ փոխադարձ ընդունելի այլ հակաառաջարկ չներկայացնի, ուրեմն ինքը կեղծ երդում պիտի տա: Բայց ինչ էլ լինի՝ այսպես, թե այնպես, ապրիլի 9-ին լինելու է նոր Հայաստանի երդմնակալությունը. ուզում եմ, որ դա լինի դե յուրե նախագահի երդմնակալություն, որտեղ կարող եմ մի բան ասել՝ ինքը՝ Ս.Սարգսյանը, հաստատ ընտրված նախագահ չէ: Ես իմ մասին հաջորդ նախադասությունը չեմ ասում, բայց կարծում եմ՝ եթե ուզում է հիմա գալ, կարող եմ առաջարկել՝ Րաֆֆի-Սերժ երկրորդ փուլ»,-ասաց նա: Երեկ Ր.Հովհաննիսյանը վստահեցրեց, որ պատրաստ է Ս.Սարգսյանի հետ հանդիպելու, բայց Ազատության հրապարակում կամ հարակից սրճարաններից որեւէ մեկում: Նշենք, որ երեկ Ս.Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ասել էր, թե հացադուլի մասին հայտարարությունից հետո նախագահականի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է Ր.Հովհաննիսյանին՝ փոխանցելու նրա հետ Ս.Սարգսյանի հանդիպման պաշտոնական հրավերը, սակայն թեկնածուն մերժել է: Ր.Հովհաննիսյանը, սակայն, հայտարարեց, թե ստում են՝ ասելով, որ ինքն է մերժել հանդիպումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմեց՝ Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է իր ներկայացուցչին՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Իսկ Հովհաննիսյանը ոչ թե մերժում է հրավերը, այլ Ս.Սարգսյանին է հրավիրում Ազատության հրապարակ: «Եվ ես հիմա ասում եմ` Ձեզ հարմար օր եւ ժամ հրավիրում եմ այդ զրույցը, այդ երկխոսությունը` այս համազգային տագնապը հաղթահարելու համար, բաց կամ փակ քննարկման: Որոշումը Ձերն է: Ես կողմ եմ բաց քննարկման… Բայց խաղ ու պար չլինի»,- ասաց նա:
Զարմանալի զուգադիպությամբ, ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ հիմա, Ր.Հովհաննիսյանը հացադուլ է անում Զատիկին նախորդող Մեծ պասի օրերին: Հիշեցնենք, որ 2011թ. կրկին պասի օրերին նա Ազատության հրապարակում հացադուլ էր անում, որը հետո կոչեց ծոմապահություն: Այս հանգամանքը դարձել է տարբեր մեկնաբանությունների, ընդհուպ մինչեւ՝ կատակների թեմա: Երեկվա ասուլիսին լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու են նրա հացադուլները համընկնում պահքի հետ: «Նախ՝ ես չորոշեցի երկու տարի առաջ, որ իշխող կոալիցիան պիտի հակապետական հուշագիր ստորագրեր նախագահական նստավայրում, խփեր շամպայնի բաժակները պետական փողերով եւ կուսակցապետություն ստեղծեր: Ես չընտրեցի այդ պահը: Իրենք արեցին, ես պատասխանեցի: Իրենք նշանակեցին, ես մասնակցեցի, ժողովուրդը հաղթեց, իրենք գողացան ժողովրդից, ես էլ որոշեցի: Քանի որ շատ ներսից է գալիս հարցը, ներսո՛ւմ փնտրեք, թե ինչու է այն Մեծ պահքի շրջանում՝ աստվածատուր է, ինքնամաքրման հա՞յտ է յուրաքանչյուրիս համար»,-ասաց նա:
Նկատենք, որ Ր.Հովհաննիսյանի այս քայլն իշխանական ճամբարում, այնուամենայնիվ, մտահոգությունների տեղիք է տվել. նրանց համար սա անսպասելի էր, միեւնույն ժամանակ՝ հացադուլի հետեւանքներն անկանխատեսելի են: Մանավանդ որ Ր.Հովհաննիսյանը հայտարարել է, թե Ս.Սարգսյանը երդմնակալության կգնա իր դիակի վրայով: Պատահական չէ, որ հիմա ՀՀԿ-ականները մի կողմից փորձում են արժեզրկել այս քայլը՝ հացադուլը որակելով շանտաժ, մյուս կողմից ամեն ինչ անել, որ Ր.Հովհաննիսյանը դադարեցնի այն: Եվ այս համատեքստում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ի պատասխան Հովհաննիսյանի խոսքերի, ասել էր, թե Ս.Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին: «Ես խոսում եմ իմ մասին, իսկ մնացած գործիչները, ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչները, իշխանավորները, կեղծ իշխանավորները, իրենք խոսում են ուրիշների դիակների մասին, հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի մասին, դրանում է տարբերությունը»,-երեկ հակադարձեց Հովհաննիսյանը:
Հ.Գ.-1 Ի դեպ, երեկվանից ՍԴ-ն սկսեց նախագահի թեկնածուներ Ր.Հովհաննիսյանի եւ Ա.Ղուկասյանի դիմումների քննարկումը, որով նրանք պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Այսօր ՍԴ-ում կշարունակվի դիմումի քննությունը, որից հետո դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ:
Հ.Գ.-2 Նշենք, որ երեկոյան ոստիկանները թույլ չեն տվել Ր.Հովհաննիսյանին Ազատության հրապարակում վրան խփել, իսկ պատճառը, թե իբր այդպես կվնասվի ասֆալտը: Ասֆալտ, որը վաղուց արդեն ճաքեր է տվել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ