ՀԵՀ-ը կոչ է անում ուսանողներին շատ երեխաներ ունենալ. ուսման վարձի փոխհատուցումը երաշխավորվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) շարունակում է երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին աջակցման ծրագրերը։ Հոկտեմբերի 12-ին երկու և ավելի երեխա ունեցող 15 ուսանող-ծնողներին հանձնվեցին 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր։

Վերջիններս ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի սովորողներ են։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, խոսելով ծրագրի մասին, նշեց, որ այս խմբի ուսանողները լինելու են հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում, և նրանց աջակցություն ցուցաբերվելու է ամբողջ ուսումնառության ընթացքում։ «Քանի դեռ դուք ուսանող եք, ձեր ուսման վարձի խնդիրը հոգալու է ՀԵՀ-ը։ Եվ մենք ուրախ կլինենք, որպեսզի հետագա տարիներին ձեր թիվն ավելանա։ Հավատացնում եմ ձեզ, եթե մեզ դիմեն երկու և ավելի երեխա ունեցող հարյուրավոր ուսանողներ, գումար կգտնվի նրանց աջակցելու համար»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հայկանուշ Գրիգորյանը սովորում է Գորիսի պետական համալսարանի երրորդ կուրսում, ունի երկու երեխա։ Ասում է, որ դժվար է համատեղել ուսումն ու կրթությունը, սակայն փորձում են դժվարությունները հաղթահարել՝ նպատակներին հասնելու համար։ Հայկանուշ Գրիգորյանը Երիտասարդական հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացել է նաև նախորդ տարի և իր երախտագիտությունն է հայտնում ցուցաբերած մեծ օժանդակության համար։

ՀԵՀ-ը հանդիպման ընթացքում ուսանող-ծնողներին նվիրեց նաև Արցախի ազգային վիճակախաղի տոմսեր (վիճակախաղի նպատակը ԼՂՀ վերաբնակեցման պետական ծրագրի իրագործմանն աջակցելն է)։

Նշենք, որ երեխաներ ունեցող ուսանողներին աջակցելու ծրագիրը Երիտասարդական հիմնադրամը սկսել է 2014 թվականին։ 2014-2015 ուսումնական տարում հիմնադրամի կողմից արդեն իսկ փոխհատուցվել է 2 և ավելի երեխա ունեցող մոտ 20 ուսանող-ծնողների ուսման վարձը։




Լրահոս