Սոցցանցերում եւ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը գաղտնի նշանադրվել է: Լուսանկարներում սոցցանցերի օգտատերերը նրա մատնեմատին մատանի են նկատել, ինչն էլ կասկածների տեղիք է տվել: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանից, ով նաեւ նրա հայրն է: «Սիլվան նշանադրվել է դեռեւս մեկ ամիս առաջ, բոլորի աչքից հեռու ենք արել արարողությունը, շուրջ 80 հոգով, չենք ուզեցել, որ այն հանրության համար քննարկման թեմա դառնա, թե ինչպես են մարդիկ իմացել, չգիտենք»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե միջոցառմանը հայկական շոու-բիզնեսից ներկայացուցիչներ եղել են, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Բացարձակ չկային, միջոցառումն արել ենք նեղ շրջապատում, մտերիմներով»:
Մենք նաեւ հարցրինք, թե երբ է պլանավորում «Նորահարսիկ» հիթային երգի կատարող Սիլվա Հակոբյանն ամուսնանալ եւ ինքն էլ պարել իր հարսի պարը, ինչին ի պատասխան՝ երգչուհու հայրը նշեց. «Չգիտեմ, դա դեռ չենք որոշել, իրենք երբ կամենան, այդ ժամանակ էլ կլինի, ամեն բան ինքնըստինքյան կստացվի»:
Նշենք, որ Սիլվա Հակոբյանի ընտրյալը եւս շոու-բիզնեսի ներկայացուցիչ է` հեռուստատեսային ծրագրերի պրոդյուսեր Դավիթ Ազարյանը։ Վերջերս հենց նրա ուղեկցությամբ է Սիլվան հայտնվում հանրային միջոցառումներին: Արդեն շուրջ երկու տարի է` նրանք ընկերություն են անում:Ի դեպ, ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Դավիթը նշել է, որ չի խոչընդոտի Սիլվայի` երգչուհու կարիերային։
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով երկրպագուներին հուզող այն հարցին, թե արդյոք Սիլվա Հակոբյանի կյանքում առաջիկայում կարգավիճակի փոփոխություն սպասվում է, Հ. Հակոբյանը պատասխանել էր, որ այս տարի նման փոփոխություն չի սպասվում. «Կարեւորը` ընկեր ունի, մնացածը մեր որոշելիքն է. երբ իրենք երկուսով պատրաստ կլինեն լուրջ քայլերի, այդ ժամանակ էլ կգրանցվի կարգավիճակի փոփոխություն»,-ասել էր նա:
Աննա Բաբաջանյան