ԱԿՏԻՎԻՍՏԸ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է ԱՆՎԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Սահմանադրական դատարանը շարունակում էր քննել ՀՀ նախագահի արդեն նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները: Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանն ու Ր. Հովհաննիսյանը մարտի 4-ին դիմել էին ՍԴ` «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայցերով: Երեկվա նիստի ընթացքում մի քանի միջադեպեր գրանցվեցին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմեց երեկ Սահմանադրական դատարան` խնդրելով մերժել Ր. Հովհաննիսյանի եւ Ա. Ղուկասյանի ներկայացրած հայցերը. «Երկու դիմումն էլ համարում եմ անհիմն եւ խնդրում եմ դատարանին մերժել դրանք»: 
Ըստ Մուկուչյանի՝ երկու պահանջներն էլ ընդամենը օրենքների մեջբերումներ են. «Պետք է նշեն, որ օրենքի այս հոդվածում հետեւյալն է նշվում, սակայն իրականում սա է եղել, սա է արձանագրվել: Ես չեմ տեսնում պատճառահետեւանքային կապը դիմումի եւ հայցում մեջբերված օրենքների միջեւ: Հայցի վերջին վեց էջը վարչական դատարան ներկայացված հայցի կրկնությունն է, որի վերաբերյալ վարչական դատարանն արդեն վճիռ կայացրել է: Արդեն կա վերջնական դատական ակտ, որի առկայության դեպքում Սահմանադրական դատարանն այն ատյանը չէ, որը կարող է վերանայել վճիռը»:
Այնուհետեւ նիստի առաջին ընդմիջման ժամանակ ակտիվիստ Կարեն Հարությունյանը միջանցքում սկսեց գոռգռալ ու Տիգրան Մուկուչյանին հանցագործ անվանեց՝ մի քանի անգամ կրկնելով դա: Ի պատասխան՝ Մուկուչյանը նշեց, որ եթե մի կնոջ նվիրում են վարդ, եւ նա դա գնահատում է, իսկ մի կենդանու տալիս են վարդ, ով ուտում է` չգնահատելով այն, չի նշանակում, որ վարդը վարդ չէ: Հարությունյանին փորձեցին հանգստացնել անվտանգության աշխատակիցները: Հիշեցնենք, որ այս նույն երիտասարդը վերջերս Ազատության հրապարակում բղավում էր, ինչին ի պատասխան՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նրան սադրիչ անվանեց:
Ինչեւէ, մի միջադեպ էլ գրանցվեց այն ժամանակ, երբ Անդրիաս Ղուկասյանին ՍԴ անդամները հարց էին ուղղում: Կիմ Բալայանը փորձեց նրանից ճշտել՝ պետությունը եւ իշխանությունը արդյոք հոմանիշներ են: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը փորձեց ընդհատել Բալայանին՝ հորդորելով, որ կոնկրետ հարց տրվի, ինչն ակնհայտ դուր չեկավ «սառեցված դաշնակցական» Կիմ Բալայանին, որն ասաց. «Դիտողությունը տեղին չէ, էս ի՞նչ ձեւ է»: Այնուհետեւ Ա. Ղուկասյանը, հղում անելով 200 տարի առաջ Ֆրանսիայի կողմից ընդունված Սահմանադրությանը, պատասխանեց Բալայանի հարցին:
Իսկ նիստի վերջում ակտիվիստ Կ. Հարությունյանը մոտեցավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ հարցրեց՝ արդյոք կարող է խորհրդատվություն ստանալ,  Թովմասյանը հարցրեց, թե ով է ինքը: Կ. Հարությունյանն էլ պատասխանեց. «ՀՀ քաղաքացի եմ, իսկ դու հանցագործ ես»: Միջամտեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ-ում Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Դավիթ Հարությունյանը: Իսկ այդ ընթացքում ակտիվիստը մի քանի անգամ բացականչեց, թե Հ. Թովմասյանը հանցագործ է, քանի որ դատարանում պաշտպանում է հանցագործի շահերը: 
Սահմանադրական դատարանում այսօր՝ ժամը 10-ին, կշարունակվի Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս