Սուրիկ Խաչատրյանը չկարողացավ խնդիրը լուծել. Սերժ Սարգսյանը զայրացած է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ երեկ տեղի ունեցած այցելությունը Սյունիքի մարզ, ըստ էության, տապալվել է: Այդ մասին են վկայում «Գորիսի մամուլի ակումբի» կայքում երեկ հրապարակված լուրը եւ դրանց կից լուսանկարները: Պարզվում է՝ Գորիս կատարած այցի ժամանակ նախատեսված է եղել Գր. Տաթեւացու անվան վերակառուցված հրապարակի բացման արարողությունը: Մարդկանց առավոտվանից հավաքել են հրապարակում, փուչիկներ եւ դրոշակներ բաժանել, Սերժ Սարգսյանի ճանապարհին գորգ փռել, իսկ վերջում էլ կարմիր ժապավեն ամրացրել: Սակայն, երբ հյուրը ժամանել է, մի խումբ քաղաքացիներ մոտեցել են Սերժ Սարգսյանին եւ սկսել իրենց խնդիրների մասին բարձրաձայնել, ինչը նրան զայրացրել է, ու նա չսպասելով հրապարակի բացման արարողությանը՝ նստել է ավտոմեքենան եւ հեռացել:

Հիշեցնենք, որ դեռեւս անցած շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը գրել էր նշված այցելության մասին` միաժամանակ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հանձնարարվել է, որ ամեն ինչ անի` սյունեցիները այցի ժամանակ իրենց խնդիրներով չմոտենան Սերժ Սարգսյանին: Սակայն, ինչպես տեսնում ենք, Սուրիկ Խաչատրյանը չի կարողացել այդ խնդիրը լուծել, հավանաբար հենց դա էլ զայրացրել է Սերժ Սարգսյանին, եւ նա Գորիսից հեռացել է առանց այնտեղ նախատեսված միջոցառման մասնակցելու:

Ի դեպ, նախագահի կայքը Սերժ Սարգսյանի այցի մասին պաշտոնական հաղորդագրություն երեկ տարածեց շատ ուշ՝ ժամը 20:30-ի սահմաններում: Այստեղ Գորիսի մասին միայն հետեւյալ հիշատակումն էր. «Սիսիանում եւ Գորիսում Սերժ Սարգսյանը հադիպում է ունեցել բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի, հիշյալ քաղաքային համայնքների առաջնահերթ խնդիրների շուրջ»: Իսկ ընդհանուր այցելությունը ներկայացված էր ինչպես միշտ՝ ամեն ինչ շատ լավ է, բոլորը երջանիկ են ու բախտավոր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս