Սյունիքում կառուցվում է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհը. աշխատանքներին ծանոթացել է նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարությանը:

Նախագահի մամուլի ծառայությունից ArmLur.am-ից հայտնում են, որ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ շահառու համայնքների բնակիչների հետ:

Վերականգվող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը 29.03 կմ է, բաղկացած է երկու հատվածից: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է: Առաջին հատվածի (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչեւ Սիսիան քաղաքի վերջամասը) շինաշխատանքները սկսվել են 2015 թվականի հունիսի 3-ին: Ավարտը նախատեսված է 2016-ի հոկտեմբերի 27-ին:

Պատասխանատուների խոսքով, վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայում ասֆալտապատվել է շուրջ 7.9 կմ-ը: Երկրորդ հատվածի (Սիսիանի վերջնամասից մինչեւ Դաստակերտ համայնք) շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հունիսի 11-ից, ավարտը նախատեսված է հաջորդ տարվա դեկտեմբերին:

Երկրորդ հատվածում, որի երկարությունը 19.094 կմ է, նախատեսված է իրականացնել 10.27 կմ ավազակոպճային ծածկ եւ 8.82 կմ նոր ասֆալտբետոնե ծածկ: Երկրի ղեկավարին զեկուցել են, որ ավազակոպճային ծածկի կառուցման աշխատանքներն ավարտված են, իսկ 8.82 կմ ճանապարհահատվածից ասֆալտապատվել է շուրջ 7.8 կմ-ը:




Լրահոս