«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում Վարդան Վարդանյանը մշտապես բավականին ազդեցիկ դիրք է զբաղեցրել և համարվում էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հավատարիմներից մեկը, իսկ հիմա էլ զբաղեցնում է կուսակցության փոխնախագահի պաշտոնը՝ ինքնամեկուսացած կարգավիճակով:
Իսկ ի՞նչ անցյալ է ունեցել քաղաքական դաշտից մեկուսացած նախկին նախարարը:
Վարդան Վարդանյանն աշխատել է Երևանի «Ռելե»-ի գործարանում որպես խառատ, ապա 27 տարեկան հասակում ավարտել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Ուսանողի կարգավիճակում Վարդանյանը Երևանի «ՄՊոժտեխնիկա» գործարանում նաև էլեկտրիկ է աշխատել, ապա բուհ-ն ավարտելուց հետո նշանակվել տնտեսագետ-նորմավորող Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանում:
Կոմունիստական տարիներին Վարդանյանը եղել է Կոտայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կազմբաժնի հրահանգիչ, ապա` Կոտայքի շրջանի Առինջի սովխոզի տնօրեն, շրջխորհրդի նախագահի առաջին տեղակալ: Հայաստանի անկախացումից հետո քաղաքաշինության նախկին նախարարը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի ջրմուղ-կոյուղու N2 դ/ձ տնօրեն: Այս պաշտոնից հետո 5 տարի եղել է «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, ապա` Կոտայքի մարզպետի խորհրդականը: Իսկ քաղաքաշինության նախարար դառնալուց 3 տարի առաջ Վարդան Վարդանյանը զբաղեցրել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը:
Ինչպես արդեն նշեցինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում Վարդան Վարդանյանը բավականին ազդեցիկ դեմք է եղել, համարվել է Գագիկ Ծառուկյանի հավատարիմներից մեկը: Դեռ Ծառուկյանի քաղաքական կենդանության ժամանակներում նա համարվում էր կուսակցության «ֆինանսների նախարարը»: Ինչ վերաբերում է նախարար եղած ժամանակ նրա գործունեությանը, ապա պետք է նշել` թեև մի քանի անգամ հրապարակավ խոստովանել է, որ մայրաքաղաք Երեւանի այս կամ այն շինությունները ապօրինի են, բայց որեւէ քայլ չի արել դրանք շտկելու ուղղությամբ: Եղել են բազմաթիվ կապալառու կազմակերպություններ, որոնց կողմից շինարարական աշխատանքները իրականացվել են նորմատիվային բազմաթիվ խախտումներով, հավելագրումներով եւ լուրջ թերություններով, որոնք ժամանակին չեն հայտնաբերվել ու չեն կանխվել: Իսկ որոնք որ հայտնաբերվել են, այլ նպատակ են հետապնդել, տարբերակված մոտեցում է ցուցաբերվել: Ասել է թե՝ նախարարը անբարեխիղճ է եղել իր գործունեության տարիներին, որից տուժել ենք բոլորս:
ՀՀ վերահսկիչ պալատի կողմից այդ ժամանակ խայտառակ չարաշահումների մասին բացահայտումներ եղան: Հիշեցնենք, որ նախարարության կողմից բավարար հսկողություն չէին սահմանել ծրագրերի իրականացման համար բյուջեից հատկացվող միջոցների պլանավորման, հիմնավորման, նպատակային ու արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ համապատասխանության նկատմամբ: Քաղաքաշինության նախարարը ծախսերի ոչ ճիշտ ձեւակերպման հետեւանքով աղավաղել էր փաստերը: Բյուջեից ավել գումարներ էին դուրս գրվել, որը միայն «Տրանսպորտային ծառայությունների վճար» հոդվածով կազմել էր 13 մլն 241 հազար դրամ: Քաղաքաշինության նախարարությունը չկատարված շինարարական աշխատանքների համար եւս պետբյուջեից բավականին գումարներ էր դուրս գրել:
Հավելենք նաև, որ երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բացահայտումներ արեց Վարդան Վարդանյանի գործունեության մեջ, նախարարը սկսեց ամենուր հայտարարել, թե իր գլխին սարքում են, Զաքարյանն անձնական խնդիրներ ունի իր հետ: Ու դա պնդեց այնքան ժամանակ, մինչեւ Իշխան Զաքարյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հասկացրեց, թե ինչն ինչոց է: Եւ հենց Ծառուկյանը խառնվեց գործին, նախարարը մոռացավ իր հայտարարությունների մասին, սսկվեց տեղում` սուսուփուս հետ վերադարձնելով պետությունից գողացված գումարները: Բայց, չնայած այս ամենին, Վարդան Վարդանյանը հաջողությամբ շարունակեց կառավարել ու պաշտոնանկությունների մասին բոլոր լուրերն ու հրամանագրերը հաջողությամբ շրջանցում էին նրան:
Սակայն 2012թ.-ին ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի կոալիցիայի փլուզումից հետո կառավարությունը մայիսին հրաժարական ներկայացրեց և կուսակցությունը զրկվեց նախարարական պորտֆելներից: Վարդան Վարդանյանը դրանից հետո ընդհատակ անցավ, զանգերի չէր պատասխանում, հարցազրույցներ չէր տալիս` տպավորություն ստեղծելով, թե լուրջ գործով է զբաղված: Նա հայտնվեց միայն 2015թ. փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հեռացավ մեծ քաղաքականությունից:
Հավելենք, որ Վերահսկիչ պալատի առաջին ամենախոշոր բացահայտումներից մեկը հենց եղել է Վարդան Վարդանյանի ղեկավարած նախարարության չարաշահումները: Հայտնաբերված չարաշահումների գործով ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննություն էր ընթանում, սակայն Վարդան Վարդանյանն այս ամենից «չոր» դուրս եկավ և բավարարվեց միայն որպես վկա հարցաքննվելով: Թե ինչի դիմաց, դժվար չէ կռահել: Բայց այսօր կարելի է ասել, որ իրավմամբ Վարդան Վարդանյանը ամենաանհաջողակ նախարարներից մեկի համբավն ուներ:
Նաիրա Հովհաննիսյան