Ոլորտը ձախողած նախարար Գաբրիել Ղազարյանն ապրում է իր պաշտոնի լրջությունը չգիտակցելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեում չորս տարի աշխատած Գաբրիել Ղազարյանը, ում ներկայացնում էին որպես ոլորտին քաջատեղյակ անձ: Սակայն նրա նշանակումից այսքան ժամանակ անց ակնհայտ է, որ Գաբրիելյանը չի կարողանում ղեկավարել ոլորտը, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայում կատարվող իրադարձությունների մասին ընդհանրապես գաղափար չունի:

Եվ այսպես, ով է Գաբրիել Ղազարյանը

Նա ծնվել է 1972թ.: 1988-1992թթ. սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Համալսարանն ավարտելուց հետո Ղազարյանը սկսել է իր աշխատանքային գործունեությունը: Աշխատանքի առաջին վայրը եղել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոցը, որտեղ եղել է ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ, ապա Երևանի Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցում բասկետբոլի մարզիչ է եղել, ապա` մեթոդիստ, ուսումնական գծով փոխտնօրեն, ուսմասվար,
տնօրեն:

2000-2006թթ. եղել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս, 2002 թվականից` ասիստենտ, 2005 թվականից` դոցենտ, այնուհետև դասախոս է աշխատել  Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական համալսարանում:  2010-2013թթ.  Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում եղել է սպորտի բաժնի պետ,  2014 թ.` սպորտվարչության պետ: Արդեն  2014թ. մայիսի 3-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ

Գաղտնիք չէ, որ սպորտի նախարարի պորտֆելը մշտապես զբաղեցրել են ԲՀԿ-ական գործիչներ կամ Գագիկ Ծառուկյանի հովանավորությունն ունեցող անձինք. Գաբրիել Ղազարյանը ևս բացառություն չէ, և նրա թեկնածությունն այդ պաշտոնում առաջարկել էր հենց նա: Չորս տարի աշխատել է ՀԱՕԿ-ում, իսկ այդ մարմնի նախագահը հենց Գագիկ Ծառուկյանն է: Ղազարյանը մշտապես համարվել է նրա ենթակա «մարդը»: Սակայն փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, գերադասելով նախարարի աթոռը, Ղազարյանն  արդեն հրաժարվում էր, որ երբևէ կապ է ունեցել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ:

Սպորտից և ֆուտբոլից անտեղյակ նախարարը

2014թ. Ղազարյանին նշանակել էին այդ պաշտոնում ոչ միայն Գագիկ Ծառուկյանի «մարդը» լինելու, այլև` ոլորտին քաջատեղյակ լինելու համար: Սակայն նրա նշանակումից մեկուկես տարի է անցել, և մեծ առաջընթացի մասին խոսել իսկապես հնարավոր չէ: Այստեղ ոչ միայն առաջընթաց չկա: Ավելին, Ղազարյանը նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում նախարարության ենթակայության տակ գտնվող ֆեդերացիաներում, մասնավորապես` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Սա այն դեպքում, երբ Հայաստանի ֆուտբոլը հենց այն ոլորտն է, որտեղ ակնհայտ ձախողված է: Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը ոչ միայն իրավունք չունի ծանոթ չլինել, այլեւ պետք է ամենայն մանրամասնությամբ պարզի, թե ՀՖՖ-ում ինչ է կատարվում, և որոնք են ազգային հավաքականի ձախողման պատճառները, և ինչ է հնարավոր անել` իրավիճակը շտկելու ահամար:

Դրա փոխարեն, նախարարը գերադասում է անտեղյակության մեջ ապրելով լրագրողներին մեղադրել նույն հարցն անընդհատ շահարկելու և իրեն դիմելու համար:  Իհարկե, հասկանալի է, որ նախարարին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզապես արգելել է ֆուտբոլով հետաքրքրվել, և ինքն էլ այդ սպորտաձևի մասին մոռացել է: Բայց այդպես մինչև ե՞րբ….

Նախարարի ունեցվածքը

Պաշտոնը ստանձնելու պահին նախարարն ունեցել է 5 մլն դրամ և 14 հազար դոլար, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել է 3 մլն-ից ավել, որը հիմնականում գոյացել է աշխատավարձերից: Արդեն նախարար նշանակվելուց հետո այժմ ոլորտից անտեղյակ ու ձախողված նախարարն ունի 6 մլն դրամ և մեկ տարում էլ այդքան վաստակել է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս