Արդյոք Արա Աբրահամյանը հանուն պաշտոնի կհրաժարվի՞ ՌԴ քաղաքացիությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանի քաղաքական կյանք վերադարձի մասին վաղուց էր խոսվում, իսկ երեկ էլ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբրահամյանը հաստատեց իր` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Սակայն հայտնի է, որ  ԱԺ պատգամավոր, վարչապետ կամ էլ առավել ևս նախագահ դառնալ ցանկացող անձը վերջին մի քանի տարիներին պետք է մշտական բնակություն ունենա Հայաստանում: Հայտնի է նաև, որ Աբրահամյանը վերջին տարիներին ապրում և գործունեություն է ծավալում Ռուսաստանում և հանդիսանում է երկքաղաքացի: Հասկանալու համար` այս ամենն ինչպես կանդրադառնա նրա նպատակաների վրա, Armlur.am-ը հարցում ուղարկեց ՀՀ արդարադատության նախարարությանը:

Մեր կողմից ուղարկված հարցերը հետևյալն էին. Ո՞վ կարող է ՀՀ-ում կուսակցություն գրանցել, արդյո՞ք երկքաղաքացություն ունեցող անձը կարող է ՀՀ-ում կուսակցություն գրանցել եւ այստեղ գործունեություն իրականացնել: Արդյո՞ք նրան թույլ կտան, որպեսզի նա  ղեկավարի կուսակցությունը, կուսակցական աշխատանքներով զբաղվի:

Ներկայացնում ենք նախարարության ամբողջական պատասխանը. «ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց  անդամագրվելու  իրավունք»:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կուսակցությունը անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է»:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են անդամակցել կուսակցությանն առանց նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի»:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Պետական գրանցման պահին  կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ»:

ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի վերջին պարբերության համաձայն. «Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով», իսկ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի համաձայն. «Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքեր»:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կազմակերպության հիմնադիրներից յուրաքանչյուրը կազմակերպության ստեղծումից հետո կազմակերպության անդամ է այնպիսի իրավունքներով ու պարտականություններով, ինչպիսիք ունեն կազմակերպության մյուս անդամները», իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կարող են միայն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա)»:

Քանի որ կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները հանդիսանում են հասարակական միավորման տեսակներ, հետևաբար նման դեպքերում կիրառվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը. «հիմնադիր» և «անդամ» եզրույթները  նույնացվում են:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունում կուսակցության հիմնադիր կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Երկքաղաքացիություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է հանդիսանալ կուսակցության հիմնադիր, կարող է ղեկավարել կուսակցությունը և մասնակցել կուսակցության աշխատանքներին»:

Հավելենք` որպեսզի Արա Աբրահամյանը Հայաստանում պատգամավորի թեկնածու գրանցվի, պետք է հրաժարվի ՌԴ քաղաքացիությունից: Բայց այդ իրավիճակում դա էլ չի փրկի, քանի որ նա 4 տարի անընդմեջ Հայաստանում չի բնակվում:




Լրահոս