Շանթ Հարությունյանի և մյուսների գործով գանգատը աննախադեպ ժամկետներում գրանցվել է ՄԻԵԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և Երևանի կենտրոնում  2013թ. նոյեմբերի 5-ի դեպքերի գործով ևս տասը դատապարտյալների միասնական գանգատը գրանցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց դատապարտյալների  ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ գանգատը ներկայացվել է սեպտեմբերի 15-ին, և ՄԻԵԴ-ից արդեն պատասխան է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին գանգատը գրանցվել է, ինչն աննախադեպ է ՄԻԵԴ-ի համար:

Փաստաբանը մեկնաբանեց, որ ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 11-րդ հոդվածի 1-ին մասի խախտումները: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասն առնչվում է արդար դատաքննության իրավունքին, իսկ հոդվածի 2-րդ մասը՝  անմեղության կանխավարկածին:

Կողմը, մասնավորապես, գտնում է, որ Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով 134 էջից կազմված դատավճիռը կայացվել է աննախադեպ հապճեպ, երկու ժամվա ընթացքում, որոշ ամբաստանյալների մասով խախտվել են վերջին խոսքի ու պաշտպան ունենալու իրավունքները, իսկ Շ.Հարությունյանի հանդեպ խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:




Լրահոս