Մարդիկ իրար հերթ չտալով՝ ճակատներ են ստեղծում՝ պնդելով, որ իրենք կփրկեն Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող գործիչների մի խումբ ստեղծել է նոր նախաձեռնություն, որը կոչվում է ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ»: Ինչպես հայտնի է՝ մինչ այս էլ սահմանադրական փոփոխությունների դեմ ուժերն ու գործիչները կազմավորվել էին «Ոչ»-ի ճակատ: Եւ «Նոր Հայաստանին» միացած գործիչների մի մասը ընդգրկված են նաեւ «Ոչ»-ի ճակատում: Իսկ մինչ այդ էլ ընդգրկված են եղել «Հանրային փրկության ճակատում»: Մի խոսքով, մարդիկ իրար հերթ չտալով՝ ճակատներ են ստեղծում՝ պնդելով, որ իրենք կփրկեն Հայաստանը:

Ի տարբերություն «Ոչ»-ի ճակատի՝ «Նոր Հայաստանը»  ազդարարեց, որ իրենց նպատակն է տապալել նոր Սահմանադրության ընդունումը, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախումբը եւ ձեւավորել «ժողովրդի վստահության անցումային կառավարություն»: Իսկ պաստառներով ավետում են «փրկիչների» ծրագրային հերթականությունը. «Արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններ»:

Այս լոզունգի քաղաքական խորհրդի կազմում ընդգրկված են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանը: Ընդդիմության միասնական շտաբի պետ է ընտրվել Ժիրայր Սէֆիլյանը: Ընդդիմության միասնական շտաբը տեղակայված է Երեւան, Երզնկյան 75 հասցեում:

Իհարկե, ընդդիմադիր դաշտում միավորման ցանկացած փորձ ողջունելի է, բայց հարց է, թե ինչքանով նախաձեռնությանը կհաջողվի իրագործել իր առջեւ դրված խնդիրները:

Ինչո՞ւ, բացատրենք. նախ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տապալումը չի կարող ենթադրել իշխանափոխություն: Իհարկե, զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում, եթե իշխանությունները ինչ-որ խնդիր են դնում հանրաքվեի, եւ այն չի անցնում, դրան հաջորդում են հրաժարականներ: Սակայն Հայաստանի իշխանությունները երբեւէ նման բարձր գիտակցություն եւ պարկեշտություն չեն դրսեւորել:

Բայց եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներին կհաջողվի հասնել հանրաքվեի տապալմանը, դրանից հետո Սերժ Սարգսյանը կարող է ընդամենը հայտարարել, որ ինքն ընդամենը ճշտում էր ժողովրդի կարծիքը, ու եթե մարդիկ չեն ցանկանում այդ փոփոխությունները, ուստի դրանք չեն կատարվի: Ի՞նչ է ստացվում այս պարագայում: Ակնհայտ է, որ անգամ դրանից հետո ո՛չ Սերժ Սարգսյանը հրաժարական կներկայացնի, ո՛չ էլ խորհրդարանը կգնա «ինքնալուծարման»: Պատճառն այն է, որ ո՛չ Սահմանադրությամբ եւ ո՛չ էլ որեւէ օրենքով Կառավարության որոշումով կամ քաղաքապետի հրամանով հանրաքվեի տապալվելու դեպքում հրաժարականի պարտադրանք չկա նախաձեռնողների համար նախատեսված:

Ուստի տարբեր ճակատներում հավաքված փրկիչները իշխանափոխության համար պարզապես պետք է գրոհեն նախագահի նստավայրը կամ խորհրդարանը:

Իսկ այն, որ Հայաստանի բնակչության 70-80 տոկոսն իսկապես երազում է երկրում փոփոխություններ տեսնել, թերեւս գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Սակայն պետք է գիտակցել, որ Սահմանադրական հանրաքվեի միջոցով երկրում փոփոխությունների հասնելու հեռանկարն այնքան էլ իրատեսական չէ, եւ որքան շատ եղան հավատացողները, այնքան էլ հիասթափվածները շատ կլինեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս