Հոկտեմբերի 10-ից սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, եւ արդեն իսկ տարբեր քաղաքական ուժեր սկսել են իրենց քարոզչական աշխատանքը: Սակայն քաղաքական դաշտում կան այնպիսի ուժեր, որոնք քարոզարշավին իրենց մասնակցությունը չեն ցուցաբերում: Ասել է թե՝ նրանք կողմ կամ դեմ քվեարկելուց զատ չեն կարողանում կամ չեն ցանկանում իրենց դիրքորոշման հիմնավորումները հանրությանը ներկայացնել: Այդօրինակ քաղաքական ուժերի շարքում է «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը, որի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե կուսակցությունը Սահմանադրական փոփոխություններին կողմ լինելով հանդերձ՝ հանրաքվեի քարոզարշավին չի մասնակցելու:
-Տիկի՛ն Սարգսյան, հոկտեմբերի 10-ից սկսվել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը: Ձեր կուսակցությունը մասնակցելո՞ւ է քարոզարշավին:
-Մենք քարոզարշավին չենք մասնակցի: Մենք մեր հստակ այո-ն ասել ենք: Հարցազրույցների տեսքով, հայտարարությունների տեսքով մենք կմասնակցենք, բայց քարոզարշավի, չեմ կարծում, որ մասնակցենք:
-Այսինքն՝ Դուք Ձեր դիրքորոշումը չեք փոխել եւ կողմ եք սահմանադրական փոփոխություններին:
-Եթե այո եմ քվեարկել, կողմնակից ենք այո-ին: Մեր կուսակցությունը իր ծրագրային դրույթներով միշտ ուղիղ խորհրդարանական կառավարման համակարգի կողմակից է եղել:
-Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ չեք մասնակցում քարոզարշավին:
-Դա մեր ցանկության հետ է կապված: Եթե որոշում ունենայինք մասնակցելու, կմասնակցեինք: Կուսակցությունը նման որոշում չի կայացրել:
-Տիկի՛ն Սարգսյան, Դուք, փաստորեն, այո եք քվեարկել Սերժ Սարգսյանի ամենակարեւոր քաղաքական ծրագրին, արդյո՞ք դա չի նշանակում, որ Դուք իշխանության հետ եք:
-Իհարկե, չի նշանակում: Եթե ինչ-որ հարցում իշխանության հետ համակարծիք ես լինում, դա չի նշանակում, որ դու իշխանության հետ ես: Չէ որ իշխանություններն էլ երբեմն կարող են առողջ առաջարկներով հանդես գալ: Սահմանադրական փոփոխությունները մեզ համար ընդունելի փոփոխություններ են, եւ մենք դա համարում ենք առաջընթաց: Եթե ոչ այս պահին կիրառելիք, ապա մոտ ապագայում դրանք իրոք ծառայելու են մեր ժողովրդին: Միանշանակ դրանում համոզված եմ:
Արփինե Թովմասյան