Հոկտեմբերի 5-ին Աժ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ նախագծի փոփոխված տարբերակին ծանոթ չէ:
Քոքոբելյանի այս պահվածքի արդյունքում շատերի համար անհասկանալի մնաց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դիրքորոշումը: «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հետ` պարզելու համար՝ արդյոք կուսակցությունը մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին եւ եթե այո, ապա ինչ դիրքորոշմամբ է հանդես գալու:
-Պարո՛ն Քոքոբելյան, սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ Դուք դահլիճում էիք, սակայն չքվեարկեցիք՝ հայտարարելով, թե նախագծին ծանոթ չեք եւ նեղացած դուրս եկաք դահլիճից: Արդյո՞ք նեղանալը քաղաքական կատեգորիա է:
-Ես նեղացած դուրս չեմ եկել, ավելին՝ Ազգային ժողովի կանոնակարգն այլ հնարավորություն չէր տալիս իմ դիրքորոշումն արտահայտելու: Մենք կուսակցությունով հայտարարությամբ հանդես ենք եկել, որ մենք դեմ ենք նախնական հրապարակված տեքստին: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը այն փաստաթուղթը չէր, որ մեկ ժամ առաջ կարելի էր դնել պատգամավորների սեղանին, որ նույնիսկ մարդիկ չկարողանան ծանոթանալ, թե իրենք ինչ առաջարկ են ներկայացրել կամ չեն ներկայացրել, ինչ առաջարկներ են ընդունվել, ինչը` ոչ: Չէ որ չէր բացառվում, որ կարող էր ամբողջական այլ տեքստ լինել, կամ էլ բոլոր առաջարկներն ընդունվեին: Ես դեմ լինելով այդ ներկայացված նախագծին՝ դեմ էի նաեւ քվեարկությանը: Ինձ համար ուղղակի խիստ սկզբունքային է եւ կարեւորագույն, որ չի կարելի չծանոթացած փաստաթղթի քվեարկության մաս կազմել: Այդ իսկ պատճառով ես ե՛ւ գրանցվեցի, ե՛ւ չքվեարկելով՝ ցույց տվեցի իմ անհամաձայնությունը: Եւ նորից եմ ուզում ընդգծել, որ թե՛ ես, որպես Ազգային ժողովի պատգամավոր, թե՛ մեր կուսակցությունը դեմ ենք սահմանադրական փոփոխությունների նախագծին:
-Անկախ ամենից՝ արդեն սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելո՞ւ է քարոզարշավին:
-Ցանկացած մարդ` կլինի Ազգային ժողովի պատգամավոր, կլինի կուսակցական, թե անկախ քաղաքացի, եթե քաղաքականության մեջ է ու դեմ է ինչ-որ մի նախագծի, որը քվեարկության է դրվում, բնականաբար իրեն հասանելի միջոցներով պետք է քարոզչություն անի եւ նպաստի, որ դա չանցնի: Մենք հստակ մասնակցության ձեւաչափերն ընտրելու ծրագիր ունենք, բայց առաջիկայում վարչության նիստի ժամանակ կքննարկենք մեր քարոզչությանը մասնակցելու եւ ընդհանրապես ձեւաչափերի հետ կապված մեր մոտեցումներն արտահայտելու հնարավորությունների եւ մեր պատկերացմամբ ամենաէֆեկտիվ ձեւերի հետ կապված հարցերը: Բնականաբար այցելություններ էլ կունենանք, հանդիպումներ էլ:
-Դուք կոնկրետ Ձեր ընկերական շրջապատում, հարեւաններին, կողմնակիցներին, ի՞նչ եք ասելու, հորդորելու եք այո՞, թե՞ ոչ քվեարկել:
-Դա մի քիչ հռետորական հարց եմ համարում: Փաստը մնում է փաստ, որ կա ընդունված փաստաթուղթ, որը դրվում է քվեարկության: Բնականաբար մեզ համար խիստ ցանկալի է, եւ մենք ամեն ինչ կփորձենք անել, որ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի միջոցով չընդունվեն: Այնուհանդերձ որոշելու է ժողովորդը: Հաշվի առնելով մեր ընտրական չգործող համակարգը` իմ պատկերացմամբ ու համոզմամբ արդարացի է այնպիսի միջամտության փորձը, որը կբերի որոշակի փոփոխությունների:
-Նշեցիք, որ մասնակցելու եք «Ոչ»-ի քարոզարշավին: «Ազատ դեմոկրատներ»-ը միայնա՞կ է գործելու:
-Մենք իրականացնելու ենք մեր քարոզչությունը, մարտավարության առումով առաջիկայում կորոշենք: Բայց մի բան հստակ է՝ մեզ հասանելի բոլոր միջոցներով հասարակության բոլոր շերտերին կբացատրենք, հասկանալի կդարձնենք, թե ինչու ենք մենք դեմ այդ փաստաթղթին:
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք քարոզարշավի ընթացքում այլ ուժերի հետ համագործակցությունը:
-Մենք այն կարծիքին ենք եղել, որ քաղաքական դաշտում կոնկրետ խնդրի շուրջ կարելի է համագործակցել ցանկացած լիգիտիմ քաղաքական ուժի հետ, իսկ ընդհանրապես համագործակցության շրջանակը ավելի լայն է: Բայց ես պատկերացնում եմ, որ համագործակցությունը հնարավոր է միայն գաղափարական դաշտում գտնվող քաղաքական ուժերի հետ:
Արփինե Թովմասյան