ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑՆԵՐԻՆ ՈՒ ԹԱՄԱԴԱՆԵՐԻՆ ԷԼ ԿՀԱՐԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի օրակարգում օրենսդրական մի փաթեթ է ընդգրկված, որը այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել: Այդ փաթեթով առաջարկվում է ընդունել նոր «Արտոնագրային հարկի մասին» օրենք եւ փոփոխություն կատարել թվով 12 օրենքներում: Ներկայում էլ մի շարք ոլորտներ գործող տնտեսվարողները արտոնագրային վճարներ են մուծում: Սակայն այս նոր օրենսդրական փաթեթի առանձնահատկությունն այն է, որ դրանով արտոնագրային վճարներ են նախատեսվում նաեւ կոշկակարների, դերձակների, գլխարկագործների, գորգագործների, հյուսնների եւ կահույքագործների, բիժուտերիա պատրաստողների, կենցաղային տեխնիկա ու համակարգիչներ նորոգողների եւ ծրագրային սպասարկումներ իրականացնողների, հեծանիվներ, հաշմանդամների սայլակներ եւ անձնական օգտագործման կենցաղային այլ պարագաներ նորոգողների, տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական իրեր պատրաստողների, ժամագործների, կրկնուսույցների, պարուսույցների, անգամ թամադաների մի շարք այլ գործունեությամբ զբաղվելու համար: Մեր կողմից թվարկված ցանկը ընդամենը մի մասն է այն արհեստավորների, որոնց ՀՀ կառավարությունը ցանկանում է եկող տարվա հունվարի 1-ից հարկել: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի տնտեսության եւ հատկապես հարկային մուտքերի վիճակն այն աստիճան ողբերգական է, որ որոշել են անգամ միջոցառումների թամադաներին հարկել: Ի դեպ, այս օրենսդրական փաթեթը Կառավարությունը հաստատել է այս տարվա ապրիլի 18-ին, երբ ողջ Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած էր ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա: Սակայն այն խորհրդարան է ուղարկվել հաստատելուց մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 12-ին, եւ սեպտեմբերին նոր միայն ընդգրկվել օրակարգ:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը եկող շաբաթ այցելելու է Սյունիքի մարզ, որտեղ արդեն սկսել են պատրաստվել նրա այցին: Ըստ ամենայնի, այցելության հիմնական թիրախը լինելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, եւ նա հենց տեղում մարզի իշխանական օղակներին ու ՀՀԿ-ի մարզային կառույցին «բացատրելու» է, թե նրանցից ինչ է ակնկալում: Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը նաեւ ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է, իր հերթին պատրաստվում է այդ այցին: Նա փորձում է մարզում եղած առօրյա բոլոր խնդիրները լուծել, որպեսզի Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ սյունեցիների կողմից բողոքներ չլինեն: Ավելին՝ Խաչատրյանին զգուշացվել է, որ նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի մարդիկ իրենց բողոքներով չմոտենան Սերժ Սարգսյանին: Երեկ փորձեցինք այս առնչությամբ Սուրիկ Խաչատրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն ապարդյուն:

 

 

 

 
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը հանգիստ է վերաբերվում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում իր դեմ կարգապահական վարույթ հարուցելուն: Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովին հաղորդումը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի դեմ Ռուբեն Ներսիսյանի կողմից կայացրած վճռի առիթով: «Ինքն իր կարծիքն է արտահայտել, ով կարող է դեմ լինել, մեկ ուրիշն էլ այլ կարծիք ունի, ով կարող է Ձեր կարծիքի վրա բռնանալ: Ցանկացած դատավոր իր կարծիքը արտահայտում է դատական ակտով, եւ դատական ակտը հիմնավորված է համարվում պատկան մարմնի վերադաս դատական ատյանի կողմից, այսինքն՝ գնահատականը տալիս են պատկան մարմինները: Մնացածը կարծիքներ են, որոնք կարող են իրենց կարծիքն ասել, ոնց կարող եմ բռնանալ իրենց կարծիքի վրա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Ներսիսյանը:

 

 

 
Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) 69-րդ լիագումար նիստին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-ից մինչեւ 17-ը, Ստրասբուրգում, կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Համապատասխան պատվիրակությանը գործուղելու մասին որոշումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս մեկ շաբաթ առաջ է ստորագրել: Ըստ այդմ, պատվիրակությունը կգլխավորի ՀՀ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գեւորգյանը: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառմանը մասնակցող պատվիրակությունում չկա մեկը, որի անմիջական պարտականությունների մեջ է մտնում կոռուպցիայի դեմ պայքարելը: Ուղղակի պետք է եղել անգլերեն իմացող մարդ ուղարկել՝ ճառելու համար:

 

 

 

 

 

ՉԿՈՆՍՈԼԻԴԱՑՎԵՑԻՆ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ր. Հովհաննիսյանի տարածած երեկվա հայտարարությունից հայտնի դարձավ, որ առաջիկայում հանրությանը կներկայացվի սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող եւս մեկ ուժ, կամ ինչպես նշված էր հայտարարությունում` նոր փրկության ճակատ` «Նոր Հայաստան» անվամբ: Սահմանադրական փոփոխություններից ընդամենը 2 ամիս առաջ ընդդիմադիր դաշտը զբաղված է ոչ թե համակարգված աշխատանքներով, ոչ թե հանրապետության բոլոր բնակավայրերում հանրաքվեի կեղծման գործընթացը կանխելուն ուղղված կոնկրետ միջոցառումների կազմակերպմամբ, այլ դեռեւս գտնվում է կազմավորման փուլում` նորանոր ճակատներ, նախաձեռնություններ ձեւավորելով եւ տարատեսակ վերամբարձ ու դատարկ հռչակագրեր ստորագրելով:
Փաստորեն անցած ամիսները ցույց տվեցին, որ Ս. Սարգսյանի համար շատ հեշտ եղավ ապահովել «Այո»-ի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան, իսկ Սահմանադրության փոփոխության դեմ ի սկզբանե այդքան համախմբված եւ սկզբունքային թվացող ընդդիմության մոտ այդպես էլ ոչ մի կերպ չի հաջողվում հասնել «Ոչ»-ի շուրջ կոնսոլիդացիայի: Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու նպատակով արդեն իսկ ստեղծվել են «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, «Հանրային փրկության ճակատը», «Ազգային փրկության ճակատը», «Ոչ-»-ի ճակատը, հիմա էլ սրանց գալիս է միանալու «Նոր Հայաստան» ճակատը: Դրանցից դուրս էլ գործում են մեկ-երկու կուսակցություններ, որոնք «դեմ» լինելով` չեն ցանկանում ներգրավվել ճակատներից եւ ոչ մեկում, կամ էլ ճակատայիններն իրենք չեն ուզում նրանց հրավիրել: Եվ հիմա հերթական անգամ հանրության մոտ հարց է առաջանում` ինչն է խանգարում, որ այդ բոլոր ուժերը միավորվեն մեկ միասնական ձեւաչափի մեջ եւ խոսելուց անցնեն կոնկրետ գործողությունների` յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով փորձելով իր ռեսուրսները ներդնել Սահմանադրության հանրաքվեն վիժեցնելու գործընթացին: Թե չէ այսպես ստացվում է, որ այս բոլոր «փրկության ճակատները» կամա թե ակամա ջուր են լցնում իշխանության ջրաղացին` ապակողմնորոշելով Սահմանադրության փոփոխություններին ընդդիմացող քաղաքացիներին, որոնք չեն կարողանում կողմնորոշվել, թե, ի վերջո, որ ճակատն է «իսկականը», եւ ում հետեւից իրենք պետք է գնան:
Դատելով ընդդիմադիր ուժերի ներկայիս վարքագծից` կարելի է առանց սխալվելու մտավախության պնդել, որ այս անգամ էլ ընդդիմադիր ուժերի առաջնորդներն իրենց անհասկանալի ամբիցիաների եւ դրա հետ մեկտեղ խոսքից գործի անցնելու անպատրաստակամության կամ էլ պարզապես անկարողության արդյունքում չեն կարողանալու որեւէ լուրջ հակազդեցություն ցույց տալ իշխանություններին, եւ դեկտեմբերի 7-ին հերթական անգամ ականատեսն ենք լինելու իշխանությունների իրականացրած կեղծիքների մասին ընդդիմության առաջնորդների լալահառաչ հայտարարություններին, որոնցից հանրությունը հոգնել է ոչ պակաս, քան իշխանությունների ընտրակեղծարարություններից:




Լրահոս