ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ից ՀՀ կառավարության ներկայացմամբ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում է ընդգրկվել «Արտոնագրային հարկի մասին» օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ բոլոր մասնավոր, ոչ պետական գործունեություն ծավալող անձինք պարտավոր են պետությանը հարկեր վճարել:

Ասել է թե՝ պետությունն այլեւս հասարակ ժողովրդից գումար կորզելու այլ միջոց չգտնելով՝ այս անգամ իրենց գոյությունը մի կերպ ապահովող շարքային կոշկակարներից, դերձակներից, կրկնուսույցներից, ժամագործներից է փորձում գումարներ հավաքագրել: Մեջբերենք ՀՀ «Արտոնագրային հարկի մասին» օրենքի 6-րդ հոդվածը. «Արտոնագրային հարկը կիրառվում է գործունեության ներքոնշյալ տեսակների նկատմամբ, որոնց իրականացման ընթացքում վճարողը ստացել կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ.
1) Բնակչության պատվերով կատարվող`
ա. կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում.
բ. հագուստի արտադրություն եւ նորոգում.
գ. գլխարկների արտադրություն եւ նորոգում.
դ. գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների արտադրություն եւ նորոգում.
ե. փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում.
զ. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում.
է. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում.
ը. հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում.
թ. տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.
ժ. այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.
ժա. թիթեղագործական գործունեություն.
2) Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում.
3) Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ.
4) Լեզուների ուսուցման դասընթացներ.
5) Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ.
6) Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն.
7) Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն.
8) Ստեղծագործական գործունեություն.
9) Խնջույքավարների գործունեություն.
10) Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում.
11) Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար.
12) Դարբնոցային գործունեություն.
13) Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:
Ուշագրավ է հատկապես այն հիմնավորումը, որով սույն օրենքը ցանկանում են կիրառության մեջ դնել: Օրենքի հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է. «Ցանկում ընդգրկված գործունեության տեսակների գծով եկամտային հարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում, հետեւաբար արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքային ստաժում թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ անհատ ձեռնարկատերերի դեպքում: Այսպիսով, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ֆիզիկական անձին որեւէ առավելություն չի տալիս»: Իհարկե, այլ հիմնավորում չէր էլ կարող լինել` հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու Հայաստանի տնտեսության օր օրի գահավիժող ցուցանիշները: Սակայն նման օրենքներով, փաստորեն, փորձ է արվում աշխատավոր մարդկանց քրտինքով աշխատած մի կտոր հացին էլ «վայիս» լինել:
«Ժողովուրդ»-ը սպասվելիք օրենսդրական փոփոխության շուրջ զրուցեց տարբեր ոլորտներում մասնավոր գործունեություն ծավալող անձանց հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը:
Վարպետ Շուռիկը, ով իր սեփական արհեստանոցում զբաղվում է կոշկակարությամբ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրենքն ընդունվելուց հետո այլեւս չի աշխատի: «Եթե հարկեն, նշանակում է՝ ես իմ գործը պետք է թողնեմ: Այստեղ ես սոցիալական հարց եմ լուծում: Իմ թոշակը շատ ցածր է, ես հազիվ եմ կարողանում իմ գոյությունը պահպանել: Եթե նրանք իմ գոյությունը պետք է խլեն, նշանակում է՝ ես իմ աշխատանքը պետք է թողնեմ: Այնքան եկամուտ չեմ ստանում, որ հարկ էլ տամ: Ամեն բան ես եմ անում, պետությունը ոչ մի բան ինձ չի տալիս, 70 տարեկան մարդ եմ: Ցանկալի է, որ ես տունը նստեմ, մի կտոր հաց ունենամ, ուտեմ, բայց որ պիտի գամ, աշխատեմ, տամ իրենց, իմաստ չունի էլ իմ աշխատելը»,-վրդովված ասաց կոշկակարը:
Մեր հաջորդ զրուցակիցը՝ ժամագործ Ժորան, եւս նույն կարծիքին է: «Եթե հարկեն, չեմ աշխատի»,- ասաց նա: Իր տանը հագուստի նորոգմամբ զբաղվող Անահիտ Գեւորգյանն էլ «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Լսելով այդ օրենքի մասին՝ ապշեցի: Ես չեմ վճարի: Սա խայտառակություն է: Ես դրանով եմ հացի փող վաստակում: Չապրե՞նք, ի՞նչ անենք: Մի քիչ մարդ եղեք»: Իսկ կրկնուսույց Տաթեւ Պետրոսյանը հայտարարեց, որ սա թույլ խավին խոցելու հերթական օրենքն է, եւ չի պատրաստվում ոչ մի կոպեկ վճարել: «Լավ օրից չէ, որ կրկնուսույց եմ աշխատում: Եթե ուսուցիչը նորմալ աշխատավարձ ստանա, արտաժամյա պարապմունքներ չի անցկացնի, որ մի հատ էլ հարկեր ուզեն»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԴԵՌ ՆՈՐ ՓՈՒԼ ԿՄՏՆԻ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.6 տոկոս գնաճ:

Սա պայմանավորված է կոշկեղենի 0.8 տոկոս, ոսկերչական 0.9, գեղահարդարման 1.3, մշակույթի ապրանքների 1.4, գրենական պիտույքների 1.5, հագուստի եւ գործվածքի 3.3 տոկոս գնաճով: Գնաճ արձանագրվել է նաեւ այգեգործական ապրանքների շուկայում՝ 0.1 տոկոս: Տեքստիլեղենի, խոհանոցային սպասքի կենցաղային էլեկտրաապրանքների եւ կահույքի շուկաները նույնպես անմասն չեն մնացել գնաճից: Այստեղ նույնպես թանկացումներ կան: Օրինակ՝ խոհանոցային սպասքի շուկայում արձանագրվել է 0.2, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.4, կահույքինը՝ 0.5 տոկոս: Միաժամանակ նկատենք, որ լվացող միջոցների, շինանյութերի, դեղամիջոցների շուկայում արձանագրվել է գնանկում: Ինչը զարմանալի է:
Ուշագրավ է նաեւ, որ ԱՎԾ-ի տվյալներով՝ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գները նվազել են: Թեեւ այս տարվա ձմռան եւ գարնան ամիսներին դոլարի եւ եվրոյի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետեւանքով Հայաստանում թանկացան նաեւ բենզինն ու դիզվառելիքը: Իսկ, ահա, այս տարվա սեպտեմբերին, օգոստոս ամսվա համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ:
Ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ 7 քաղաքներում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.0 տոկոս գնաճ, ամենաբարձր գնաճն արձանագրվել է մայրաքաղաքում: Երկու քաղաքներում արձանագրվել է 0.4-0.2 տոկոս գնանկում, իսկ մյուս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում նույնպես 2015 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է գնաճ, օրինակ՝ կապի ոլորտում՝ 0.1, հանրային սննդի՝ 0.1, մշակույթի՝ 0.4, իրավական ու բանկային՝ 0.5, հանգստի կազմակերպման՝ 1.2 ծառայությունների սակագների հավելաճ: Ի դեպ, պաշտոնական տվյալներով՝ գնաճ արձանագրվել է նաեւ կրթության համակարգում՝ 2.1 տոկոս:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տրանսպորտի եւ բուժսպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 0.5 եւ 0.1 տոկոսով: Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2015 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.2 տոկոս հավելաճ, 2-ում՝ 0.1 նվազում, իսկ մյուս 6-ում, այդ թվում եւ մայրաքաղաքում, պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:
Փորձագետների պնդմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը նոր ու հերթական գնաճի պատճառը կդառնա: Առայժմ հետեւանքները դեռ աննկատ են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏ
Հոկտեմբերի 7-ին Երեւանում, քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետի թափուր տեղի համար մրցույթ, որն ունեցել է ընդամենը մեկ մասնակից՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը: Վերջինս հայտնեց, որ հաղթել է մրցույթում եւ որպես մարզպետարանի նշված վարչության պետ կսկսի աշխատել առաջիկա երկուշաբթիից՝ հոկտեմբերի 12-ից: Նշենք, որ 32-ամյա Վանեսյանը Իջեւանի հիվանդանոցի ղեկավար էր ընտրվել այս տարվա մայիսի 27-ին անցկացված մրցույթի արդյունքում, որին մասնակցեց 4 թեկնածու: Մայիսի 29-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ՝ Ն. Վանեսյանը Իջեւանի ԲԿ տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով: Ի դեպ, Տավուշի մարզպետարանի նոր վարչության պետը ՀՀ զինված ուժերի բժշկական ծառայությանը հասարակական աջակցության համար պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» եւ «ՀՀ զինված ուժերի 20-ամյակ» մեդալներով, 2012թ. արժանացել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե հուշամեդալի: Նա եղել է Հայաստանի հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնող խմբի ղեկավար:

 

ՈՂՋ ԲԵՐՔԸ ՄԹԵՐՎԵԼ Է
Բերդի տարածաշրջանի Պառավաքար, Տավուշ գյուղերի բնակիչների խաղողի բերքի ընդունման հարցը լուծվել է: Պառավաքարի եւ Տավուշի գյուղապետեր Ռոլանդ Մարգարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ խնդիրը լուծվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի միջամտությունից հետո: Նրանց ներկայացմամբ՝ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում բոլոր տարաները լցված են եղել, եւ խաղող ընդունելու հնարավորություն չի եղել: Տավուշ համայնքի ղեկավարը հայտնեց, որ հոկտեմբերի 8-ին Արծվաբերդի, Չինարիի, Այգեձորի, Տավուշի, Պառավաքարի խաղողագործները մինչեւ գիշերվա ժամը 1-ը Բերդ քաղաքում խաղող են հանձնել: Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 320 տոննա հումք են տեղափոխել գործարանի Այգավանի մասնաճյուղ, որպեսզի կարողանան վերսկսել խաղողի ընդունումը: Տնօրենը նշեց, որ ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի՝ իրենք պետք է ընդունեին 4100 տոննա խաղող, սակայն ընդունել են իրենց համար ռեկորդային քանակության՝ 5078 տոննա խաղող: Գործարանի տնօրենը վստահեցրեց, որ Բերդի տարածաշրջանում խաղողի ողջ բերքն արդեն հավաքված է: Բերդի մասնաճյուղում խաղողի դիմաց գումարը տրվում է 3 օրվա ընթացքում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս