ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե արհեստածին են այն հայտարարությունները, որ ՀՀ-ում այսօր սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա:

-Պարո՛ն Վարդանյան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի մասին: Ինչպե՞ս է այդ քարոզարշավն իրականացնելու ՀՅԴ-ն, ո՞րն է լինելու Ձեր քարոզարշավի գլխավոր կետը, որտեղի՞ց եք սկսելու:
-Կարծում եմ՝ լրատվամիջոցները տեղյակ են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հանրապետության բոլոր մարզերում հավաքներ անցկացրեցինք մեր 50 կոմիտեությունների հետ, մեր ընկերների շրջանում՝ իրազեկելով, նրանց հարցերին պատասխանելով, նրանց առաջարկությունները, նախաձեռնությունները լսելով: Մենք դա անում էինք նաեւ նրա համար, որ այդուհետ շրջաններում մեր ընկերները դառնան իրազեկողներ, իրենք արդեն կդառնան ակտիվ մասնակիցներն այս ամենի: Մենք շատ արագ կկազմակերպենք մեր հանդիպումների ժամանակացույցը՝ հասարակության հետ հանդիպումներ կլինեն ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւանում: Զուգահեռ, երբ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կլինի քարոզարշավը, կսկսենք զբաղվել քարոզչությամբ նաեւ լրատվամիջոցներով:
-Բայց արդյո՞ք բավարար է այս ժամանակահատվածը, որպեսզի կարողանանք հանրության շրջանում այո-ն քարոզել, արդյո՞ք այդ մեկ ամսվա ընթացքում հանրությունը կհասկանա, թե ինչու պետք է այո ասի նոր Սահմանադրությանը:
-Կարծում եմ՝ այո, եթե քաղաքացին ցանկություն ունի իրազեկ լինելու, կարծում եմ՝ բավարար է, ու այդ իրազեկումը այս 30 օրվա ընթացքում չէ, որ պետք է լինի: Երկու տարի մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը եղել է սա, ու անընդհատ քննարկվել է տարբեր փուլերով, առաջին հայեցակարգ, երկրորդ հայեցակարգ, սա ամբողջությամբ եղել է իրազեկման ձեւ: Իսկ այս պարագայում որեւէ մեկը չի կարող ասել, որ ինքը հնարավորություն չի ունեցել իրազեկվելու, տեղեկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում այդ փոփոխությունը: Բայց, բնականաբար, հայի խայսյաթ է, որ ամեն ինչ թողնեն վերջին պահին, իսկ ես կարծում եմ, որ այս ժամանակահատվածը լրիվ բավարար է, որպեսզի հանրությունը պատկերացում կազմի:
-Նշեցիք, որ ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել մարզի բնակիչների հետ, արդյո՞ք պարզել եք, թե ընդհանուր առմամբ ինչպիսին է ժողովրդի տրամադրվածությունը, առավելապես այո՞-ի, թե՞ ոչ-ի տրամադրությունների եք ականատես եղել:
-Ես կիրակի օրը հերթական հանդիպման էի, այս անգամ մեկնել էի Տավուշի մարզ, որտեղ ոչ միայն մեր ընկերների հետ հանդիպեցի, այլեւ գյուղերի բնակիչների ու տեւական ժամանակ՝ մոտ մեկուկես ժամ, խոսեցի, ներկայացրեցի, հարցերին պատասխանեցի: Ու կարծում եմ՝ հանրությունը զգում է տարբերությունը: Բազմաթիվ հարցեր են հնչել, փորձել եմ պարզաբանել, կարծում եմ՝ ցանկության դեպքում մարդիկ կտեսնեն իրական տարբերությունները: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության պահանջին, գիտեք՝ այս արտահայտությունը արհեստածին է, որովհետեւ այդպես չի լինում, ցանկացած երկրում այդպես չի լինում, որ ժողովուրդի ինչ-որ մի ստվար զանգված դուրս գա ու պահանջի սահմանադրական բարեփոխումներ: Այդ գործը քաղաքական վերնախավի, պրոֆեսիոնալների, մասնագետների գործն է, ու մեր գործող Սահմանադրությունը երկու տարբերակ է թույլ տալիս: Առաջինը, որ կարող է նախաձեռնությունն անել ՀՀ նախագահը, իսկ երկրորդն էլ՝ ՀՀ Ազգային ժողովը: Ուրիշ որեւէ տարբերակ չկա: Իսկ որ հայտարարվում է հասարակական պահանջ եւ այլն, սրանք արհեստածին հայտարարություններ են: Հասարակական պահանջի առկայությունը ես հասկանում եմ այսպես՝ մեր այսօրվա իրականությունը: Կան պրոբլեմներ ու այդ պրոբլեմները ստիպում են, որ այդ պահանջները կատարվեն: Սահմանադրական փոփոխությունների պահանջը դեռ չի նշանակում, որ պետք է 100 հազար մարդ գա փողոց ու հայտարարի, որ պահանջում է սահմանադրական բարեփոխումներ: Այդ պրոցեսներն առաջնորդում են քաղաքական էլիտաները, քաղաքական ուժերը, մտավորականներ, նրանք, ովքեր պրոֆեսիոնալ են, ու նրանց խնդիրն է հասարակությանը, քաղաքացիներին բացատրել այդ տարբերությունները, նրանց խնդիրն է իրազեկել, համոզել, ներկայացնել, թե ինչն է իրականությունը: Մենք դա ենք անում: Ցավոք, նրանք, ովքեր ոչ են ասում, չեն մտնում բովանդակային քննարկումների մեջ
-Ոչ ասողները նշում են, որ Սահմանադրության փոփոխությամբ բացառապես իշխանությունների վերարտադրության խնդիրն է լուծվելու:
-Հազար տարի խոսեցինք այդ վերարտադրման մասին, այս Սահմանադրությունը միշտ էլ տվել է վերարտադրվելու հնարավորություն, իշխանությունները միշտ էլ վերարտադրվել են, ու դա որպես պատճառ բերելն անիմաստ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԽՂՃԻ ՄՏՈՔ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 5-ին նոր Սահմանադրության նախագծի քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցությունում ձայները կիսվեցին. Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանը դեմ քվեարկեցին հանրաքվեի անցկացմանը, իսկ Մհեր Շահգելդյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Հովհաննես Մարգարյանը՝ ձեռնպահ:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, թե ի սկզբանե սահմանադրական փոփոխությունների անցկացմանը ոչ ասող խմբակցությունը ինչու վերջին պահին ձեռնպահ քվեարկեց հանրաքվեի անցկացմանը: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն, ի դեպ, քվեարկությունից առաջ հայտարարել էր, թե ՕԵԿ-ը չի կարող կողմ լինել սահմանադրական փոփոխությունների անցկացմանը, քանի որ կուսակցության կողմից ներկայացված առաջարկներից շատերը չեն ընդունվել: Սակայն նա եւս վերջին պահին խուսափեց դեմ քվեարկելուց եւ հանդես եկավ ձեռնպահ:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ՝ հստակեցնելու համար ՕԵԿ դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ:
-Տիկի՛ն Բիշարյան, ՕԵԿ խմբակցության մի մասը սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկեց, մյուսը մասը` ձեռնպահ: Ի վերջո, ինչպիսի՞ն է ՕԵԿ հավաքական եւ միասնական դիրքորոշումը` Դուք նոր Սահմանադրությանն այո՞ եք ասում, թե՞ ոչ:
-«Հայկական վերածնունդը», ինչպես նաեւ՝ «Օրինաց երկիր» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարեցին, որ մենք կողմ չենք սահմանադրական փոփոխություններին: Բայց քանի որ մեր մի քանի առաջարկություններից մեզ համար սկզբունքային որոշ հարցեր ընդունվել են, ուստի խմբակցությունը քննարկեց եւ որոշեց քվեարկությունը թողնել բաց` յուրաքանչյուր պատգամավորի իր խղճի մտոք: Արդյունքում մենք քվեարկեցին այնպես, ինչպես Դուք տեղյակ եք: Մենք հրապարակային ասել ենք՝ մենք կողմ չենք, եթե կողմ չենք, նշանակում է՝ դեմ ենք: Այո, մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին:
-Այդ դեպքում հնարավո՞ր է՝ ՕԵԿ-ին առաջիկայում տեսնենք ոչ-ի համար պայքարող ուժերի ճամբարում: Օրինակ՝ պատրա՞ստ եք համագործակցել նորաստեղծ «Նոր Հայաստան» շարժման հետ:
-Այդ մարդիկ որեւէ այնպիսի հրապարակային քաղաքական միավորումներ չեն, որ մենք միանանք իրենց: Հստակ ասել ենք, որ մենք ունենք քաղաքական խորհրդարանական ուժ, մեր շուրջ հավաքել ենք 140 հասարակական-քաղաքական միավորներ եւ ստեղծել ենք մեր միավորումը, որով մենք կորդեգրենք մեր մարտավարությունը եւ ըստ մեր որոշման կառաջնորդվենք:
-Այսինքն՝ Դուք հանդես եք գալու Ձեր առանձին ոչ-ով: Ինչո՞վ է տարբերվում Ձեր կուսակցության ոչ-ը մյուսների ոչ-ից:
-Ոչ-ը ոչ է, այո-ն այո է: Ոչ մի տարբերություն չկա: Մենք առանձին չենք պայքարում: Պայքարողներ եթե կան, եթե այդպիսի միավորումներ կան, թող իրենք գան, մեզ միանան: Մենք արդեն լրջագույն միավորում ենք, քաղաքական դաշտում այդպիսի որեւէ լրջագույն միավորում չկա, ինչպիսին է «Հայկական վերածնունդ»-ը: Եթե ինչ-որ մեկը ուզում է պայքարել, եւ իրենց դիրքորոշումները համընկնում են մեր դիրքորոշմանը, թող գան, միանան մեզ, պայքարենք:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ՀՈՊԱՐ»
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի իգական սեռի ուսանողներից «Ժողովուրդ»-ը դժգոհություններ է ստանում՝ համալսարանի դասախոս, «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Պուշկին Սերոբյանի հետ կապված: Բանն այն է, որ նա սիրում է դասախոսության ժամանակ մշտապես հումորներ անել, մասնավորապես ուսանողուհիներին սիրում է դիմել «հոպար» դիմելաձեւով: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Սերոբյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու է նման «հումորներ» անում աղջիկների հետ` վիրավորելով նրանց: Հարցին ի պատասխան՝ դասախոսն ասաց. «Իհարկե, ես իրենց հոպարով չեմ դիմել: Ձեր հարցը տեղին չէ: Նման բան չկա»:

 

ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ
Անցած շաբաթ եւ կիրակի մայրաքաղաք Երեւանը տոնում էր իր 2797-ամյակը, որն այս անգամ կրում էր «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագիրը: Սակայն տոնական միջոցառումների մասնակիցները, այդ թվում օտարերկրացի հյուրերը, հայտնվել են տհաճ իրավիճակի մեջ: Մասնավորապես, Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցում, որտեղ մթերային խանութներ չկան, խմելու ջուրը, գազավորված ըմպելիքները, բնական հյութերը իրացրել են շրջիկ վաճառողները՝ կրկնակի, երբեմն եռակի թանկ գներով: Օրինակ՝ առեւտրականները հիմնականում վաճառել են 120 դրամանոց «Ապարան» աղբյուրի 0.33 լիտրանոց ջուրը՝ 300-400 դրամով, 0.5 լիտրանոց՝ 280 դրամանոց «Կոկա-կոլա», «Ֆանտա» եւ այլ զովացուցիչ ըմպելիքները՝ 400-500 դրամով: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Իսկ հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Ուոթերլոկ» ՍՊԸ-ից փոխանցեցին, որ իրենց մատակարարման գները չեն թանկացել, անփոփոխ են մնացել, եւ իրենք կապ չունեն այդ շրջիկ առեւտրականների հետ: Ի դեպ, տոն օրերին միջոցառումների վայրից ուղեւոր տեղափոխող տաքսիների ծառայությունները եւս շեշտակի թանկանում են:

 

ՍԱՆԻԿԻՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ «ՔՑԵԼ»
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ մարտի 13-ին «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Արտինժեներինգ» ՍՊԸ-ից գումար բռնագանձելու պահանջով: «Ֆլեշ Մոտորսը» նշված ընկերությանը մատակարարել է 399 հազար դրամի ապրանք: Սակայն հետագայում գումարը ըստ պայմանավորվածության չեն վճարել, եւ մատակարարը ստիպված է եղել դիմել դատարան: Արդյունքում դատարանը մեկ ամիս տեւած քննությունից հետո վճռել է «Արտինժեներինգ» ՍՊԸ-ից հօգուտ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի բռնագանձել 399 հազար դրամ` որպես վաճառված ապրանքների դիմաց վճարման ենթակա գումար: Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի ուսանողական ընկերոջը՝ Բարսեղ Բեգլարյանին: Իսկ «Ֆլեշ մոտորս» ընկերությունը պատկանում է Բեգլարյանի որդուն, այսինքն՝ Սերժ Սարգսյանի սանիկին: Տարօրինակ է, որ ինչ-որ մեկի մտքով անցել է Ս. Սարգսյանի սանիկին «քցել»:




Լրահոս