Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը իրեն հասցրած վիրավորանքների համար մտադիր է դատի տալ դրամատուրգ, ռեժիսոր Վահրամ Սահակյանին: Վերջինս Facebook-ի իր էջում, անդրադառնալով Ա. Հայրապետյանի գրառումներից մեկին, հայհոյախառն գրառում էր կատարել` անձնական վիրավորանք հասցնելով անգամ նրա մորը:
Ա. Հայրապետյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է դատի տալ Վ. Սահակյանին. «Վահրամ Սահակյանը շատ է չափն անցել, ես կասեի ավելին` իրեն պահել է փողոցային, գռեհիկ մարդու պես, անկեղծ ասած` իմ դաստիարակությունը թույլ չի տալիս նույն ոճով պատասխանել նրան: Իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, այլ կերպ կվարվեր, ուղղակի նրա հարցերը «տղավարի» կլուծեր: Նա սովոր է աջ-ձախ հայհոյել, ու մարդիկ կարող են նրա ասածը հաշվի չառնել, բայց այս դեպքը տարբերվում է մյուսներից այնքանով, որ նա վիրավորել է իմ ծնողներին, ուստի ես թույլ չեմ տա ու կուլ չեմ տա նրա հայհոյանքը: Այժմ փաստաբանիս հետ քննարկում ենք Վահրամ Սահակյանին դատի տալու հարցը»,-ասաց նա:
Ա. Հայրապետյանի խոսքով` դրամատուրգն անհիմն կերպով է վիրավորել իրեն. «Ես հրապարակեցի այն գրառումը, որը վերաբերում էր հայտնիներին: Ես չգիտեմ՝ Սահակյանը ինչու է իրեն հայտնիների շարքը խցկել ու անպայման ուզել է, որ հայտնի լինի ու իմ գրառման մեջ իրեն է տեսել: Նամանավանդ, որ ես խոսակցությունների մեջ միշտ ասել եմ՝ լավ է, որ Վահրամին տուն նվիրեցին, վարձով ապող մարդ էր, դրա կարիքը հաստատ ուներ: Այ, հիմա թող նույն քաղաքապետարանը տեսնի, թե ինչ մարդու է տուն նվիրել արվեստագետի անվան տակ»,-վրդովված նշեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք մտավորականներին հարիր է նման խոսակցություններ ծավալելը, Արթուրը պատասխանեց. «Իհարկե, հարիր չէ: Երբեւէ նման կեղտոտ բաների չեմ բախվել, բայց ես, կներեք, վահրամսահակյանների տեսակներին մտավորական չեմ համարում: Մտավորականը իրեն գյադավարի չէր պահի: Ինձ համար էլ շատ տգեղ է այս թեմային անդրադառնալը, բայց, անկեղծ, այս անգամ աչք չեմ կարող փակել: Վերջապես մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի մարդուն անհիմն վիրավորել ամենավերջին կնիկական հայհոյանքներով, այո՛, կնիկական, որովհետեւ տղամարդը հաստատ իրեն թույլ չէր տա կնոջը, այս դեպքում մորս, վիրավորել»:
Արթուրը ենթադրում է, որ հնարավոր է` Վ. Սահակյանին ուղղորդել են նման քայլի գնալ, կամ էլ փորձել են իր միջոցով Վահրամի դեմ դուրս գալ: «Բայց դա ինձ ամենաքիչն է հուզում, որովհետեւ հասուն մարդ է Վահրամը, եւ որեւէ մեկի թելադրանքով տառ անգամ չպետք է գրեր: Թեեւ մարդիկ ասում են, որ նա հոգեկան շեղումներ ունի, դա էլ է ինձ քիչ հետաքրքրում, եթե առողջական խնդիրներ ունի, ապա թող նույն պետությունը, որը նրան տուն է նվիրել, նաեւ օգնի նրան` հաղթահարելու իր առողջական վիճակը»:
Արթուրը նշեց նաեւ, որ ինքը Վ. Սահակյանին առանձնապես չի ճանաչում. «Նրա մի քանի, այսպես ասած, գրական ստեղծագործություններին եմ ծանոթ: Ոչ երբեւէ հանդիպել եմ նրան, ոչ էլ ցանկություն է առաջացել ծանոթանալու: Բառ անգամ չեմ գրել նրա մասին եւ հիմա մտածում եմ` կարո՞ղ է՝ դա է պատճառը, որ ընդհանրապես նրա մասին բան չեմ գրել, ու նա իմ այդ լռությունից է չարացել: Եւ հետո՝ սա առաջին դեպքը չէ, որ նա իրեն այդ կերպ է պահում, նա այս օրերին շատերին է վիրավորել… »:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ մեկնաբանություն ստացավ նաեւ Վահրամ Սահակյանից, ով իր հերթին տեղեկացրեց, որ դատի է տալու Արթուր Հայրապետյանին: «Ինքն ինչ ուզում է` թող անի. առաջնային դատն իմն է»,-ասաց նա` հավելելով, որ ինքն այդ հարցով արդեն թղթեր է ուղարկել վարչապետին եւ Սահմանադրական դատարան:
Մեր այն հարցին, թե ինչու է ինքը դատի տալու Ա. Հայրապետյանին, Վ. Սահակյանը պատասխանեց. «Նման մարդիկ նախանձից ելնելով՝ վիրավորում են բոլոր այն մարդկանց, որոնք ինչ-որ չափով ճանաչված են ժողովրդի կողմից»: Անդրադառնալով իր կողմից գրված վիրավորանքներին էլ` նշեց. «Վիրավորական խոսք եմ ասել, կարող եմ դեմ առ դեմ տեսնել, ներողություն խնդրել, բայց այն, ինչ ինքն է արել մյուսների նկատմամբ…»:
Մենք նաեւ հարցրինք, թե կոնկրետ ինչ է արել, ում է վիրավորել Ա. Հայրապետյանը. «Դերասանուհի Զառա Արամյանին, Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի եղբորը… Նկարները դրված են, տակը գրած` էս էսինչը, էնինչը… Պե՞տք է պատասխան տա: Ես կարծում եմ` չէ. եթե չէ, ուրեմն ես էլ չեմ տալու»,-եզրափակեց նա:
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է ԴԵՌԵՎՍ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ
Սոցցանցերում եւ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը գաղտնի նշանադրվել է: Լուսանկարներում սոցցանցերի օգտատերերը նրա մատնեմատին մատանի են նկատել, ինչն էլ կասկածների տեղիք է տվել: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանից, ով նաեւ նրա հայրն է: «Սիլվան նշանադրվել է դեռեւս մեկ ամիս առաջ, բոլորի աչքից հեռու ենք արել արարողությունը, շուրջ 80 հոգով, չենք ուզեցել, որ այն հանրության համար քննարկման թեմա դառնա, թե ինչպես են մարդիկ իմացել, չգիտենք»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե միջոցառմանը հայկական շոու-բիզնեսից ներկայացուցիչներ եղել են, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Բացարձակ չկային, միջոցառումն արել ենք նեղ շրջապատում, մտերիմներով»:
Մենք նաեւ հարցրինք, թե երբ է պլանավորում «Նորահարսիկ» հիթային երգի կատարող Սիլվա Հակոբյանն ամուսնանալ եւ ինքն էլ պարել իր հարսի պարը, ինչին ի պատասխան՝ երգչուհու հայրը նշեց. «Չգիտեմ, դա դեռ չենք որոշել, իրենք երբ կամենան, այդ ժամանակ էլ կլինի, ամեն բան ինքնըստինքյան կստացվի»:
Նշենք, որ Սիլվա Հակոբյանի ընտրյալը եւս շոու-բիզնեսի ներկայացուցիչ է` հեռուստատեսային ծրագրերի պրոդյուսեր Դավիթ Ազարյանը։ Վերջերս հենց նրա ուղեկցությամբ է Սիլվան հայտնվում հանրային միջոցառումներին: Արդեն շուրջ երկու տարի է` նրանք ընկերություն են անում:
Ի դեպ, ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Դավիթը նշել է, որ չի խոչընդոտի Սիլվայի` երգչուհու կարիերային։
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով երկրպագուներին հուզող այն հարցին, թե արդյոք Սիլվա Հակոբյանի կյանքում առաջիկայում կարգավիճակի փոփոխություն սպասվում է, Հ. Հակոբյանը պատասխանել էր, որ այս տարի նման փոփոխություն չի սպասվում. «Կարեւորը` ընկեր ունի, մնացածը մեր որոշելիքն է. երբ իրենք երկուսով պատրաստ կլինեն լուրջ քայլերի, այդ ժամանակ էլ կգրանցվի կարգավիճակի փոփոխություն»,-ասել էր նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Woman.ru կայքի ընթերցողները «Նոր ալիք»-ում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանին համարել են երգի մրցույթի լավագույն արտիստ: Woman.ru-ի խմբագիր Յուլիա Պոշը հատուկ մրցանակ է հանձնել Գրիգոր Կյոկչյանին: Շաբաթներ շարունակ կայքի ընթերցողները քվեարկել են իրենց կարծիքով մրցույթի լավագույն արտիստի համար: Գրիգոր Կյոկչյանի օգտին քվեարկել է գրեթե 10 հազար մարդ: Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն մրցանակին արժանացել էր Հայաստանը մրցույթում ներկայացնող Սոնա Ռուբենյանը: Գրիգորը շեշտել է, որ իր համար ամենաբարդը եղել է երկրորդ մրցութային օրը, երբ ելույթ է ունեցել IOWA¬ի հետ: «Առաջին եւ երրորդ մրցութային օրերին բավականին բարձր գնահատականներ ունեի, բայց IOWA¬ի հետ մենք պարզապես համաձայնության չեկանք, չսազեցինք իրար, եւ դա ակնհայտ էր»,-նշել է նա` հավելելով, որ շարունակելու է իր կարիերան Ռուսաստանում:
«ԴՈՎԼԱԹՈՎԻ ՀԻՆԳ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ»
Նշանավոր գրող Սերգեյ Դովլաթովի մահվան 25¬-րդ տարելիցին նվիրված նոր վավերագրական կինոնկար է ստեղծվել: Հոկտեմբերի 12-ին նախատեսված է «Դովլաթովի հինգ անկյունները» ֆիլմի պրեմիերան: Այն պատմում է Դովլաթովի կյանքի եւ գործունեության մասին: Ֆիլմը հայ¬ռուսական համատեղ ձեռնարկ է: Գրեթե 60 րոպե տեւողությամբ կինոնկարի հեղինակ Ազա Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այն կենսագրական չէ. «Փորձել ենք հասկանալ դարաշրջանը, որում նա ապրել է, եւ այլ հարցեր: Որպես լրագրող մեզ` հեղինակներիս համար ավելի հեշտ է եղել հասկանալ դա»,-ասել է նա:
Դեկտեմբերին կինոնկարը ներկայացվելու է Մոսկվայում: «Դովլաթովի հինգ անկյունները» ունի գեղարվեստական տարրեր: Այն բաղկացած է նախաբանից, վեց տարբեր մասերից ու վերջաբանից: Յուրաքանչյուր մաս սկսվում է Դովլաթովի գործերի ընթերցմամբ, ներկայացվում է գրողի գրքերից մեկը: Ֆիլմում օգտագործված են արխիվային նյութեր, հարցազրույցներ, ելույթներ: Նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, Տալինում, Թբիլիսիում, Պսկովում եւ Նյու Յորքում:
«ՎԻՍՈՑԿԻՆ»` ԱՃՈՒՐԴՈՒՄ
Հեղինակ-կատարող, պոետ եւ դերասան Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակը եւ նրա վերջին բանաստեղծության ձեռագիրը հանվել են աճուրդի։ Այդ մասին հայտնել է Փարիզի Drouot աճուրդի տունը: Lenta.ru-ի փոխանցմամբ` երկու նմուշները վաճառքի է հանել Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին։
Վիսոցկու վերջին բանաստեղծությունը գրվել է 1980 թվականի հունիսի 11-ին, ճանապարհային տոմսի վրա։ Այդ ձեռագրի նախնական գինը 15 հազար եվրո է: Իսկ դիմակը գնահատվել է 50 հազար եվրո։
Այդ երկու լոտերից բացի՝ աճուրդում կվաճառվեն Վիսոցկու լուսանկարները։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 24-ին եւ 25-ին։