«Մեր շինարար ժողովուրդը» ասել գիտեն, բայց միայն քանդել գիտեն. Վահրամ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղի ունեցավ գրող, բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» գրքի շնորհանդեսը: Վերջինիս հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց այս եւ այլ թեմաների շուրջ:

Պարոն Սահակյանը նշեց, որ գրքի հիման վրա առաջիկայում պատրաստվում է մոնոներկայացում խաղալ, բոլոր կերպարներին մարմնավորելու է հենց ինքը: Գրողը շեշտեց, որ «Ատյան ողբերգության»-ը կարեւոր գործ է երիտասարդության համար, թեեւ կարող է նաեւ փոքր-ինչ շոկային լինել:

Զրուցեցինք նաեւ նրա հեղինակած այլ պիեսների մասին, հարցրինք՝ իշխանական վերնախավից արդյոք ներկա լինում են դրանց հիման վրա բեմադրվող ներկայացումներին: Գրողը տեղեկացրեց, որ, օրինակ, «Մեա կուլպա»-ն մեր բոլոր նախագահները դիտել են բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, իսկ «Մեա կուլպա-2»-ը դիտել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

-Պարո՛ն Սահակյան, «Ատյան ողբերգության»-ը հող է նախապատրաստում Ձեր մոնոներկայացման համար: Ե՞րբ կներկայացնեք հանդիսատեսի դատին, ինչո՞վ այն կառանձնանա:

-Նախ եւ առաջ, ուզում եմ, որ մոնոներկայացումը հանկարծ չշփոթեն սթենդափի հետ: Սա լինելու է թատրոն, այսինքն՝ արվեստ, իսկ սթենդափը ո՛չ թատրոնի հետ կապ ունի, ո՛չ արվեստի։ Մոնոներկայացման բոլոր կերպարները խաղալու եմ ես, երեւի սեպտեմբերին: Մեր անվանի դերասանները, իմ ընկերները զբաղված են, չի ստացվում բոլորին հավաքել, ուստի որոշեցի կախված չլինել որեւէ մեկից, ես եմ պրոդուսերը, դերասանը, ինչ կուզեմ, այն էլ կանեմ: Ինչ վերաբերում է գրքին, այնտեղ, ինչպես նշեցի, գործող անձինք շատ են, «Ատյան ողբերգության»-ը նման է թատրոնի. ներառում է բազում երկխոսություններ, իսկ նկարագրությունները քիչ են: Թող որպես մեծամտություն չհնչի, չնայած` թող հնչի. այսօր մեր արդի երիտասարդության համար սա ամենակարեւոր գիրքն է:

-Ինչո՞վ է կարեւոր:

-Գրքում բացի գեղարվեստական մասից կա նաեւ փոքր-ինչ հրապարակախոսական մոտեցում։ Ես ուզում եմ, որ երիտասարդությունը չհավատա ոչ ոքի: Թումանյանն ասում է. «Ապրե՛ք երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Ի՞նչ է դա նշանակում. ոչ թե մեզ պես վատ չապրեք, այլ ապրեք յուրովի, ոչ մեկին մի՛ լսեք, ստեղծե՛ք ձերը: Այս գիրքը կարող է մի քիչ էլ շոկային լինել: Մեր երկրում ցավալիորեն տարածվել է ամբոխային մտածողություն, եւ այն գաղափարները, որոնց հավատում է մեծամասնությունը, դատարկ են, սին եւ վնասակար։

Ամբոխը չի կարող ճիշտ լինել, ամբոխավարը չի կարող ճիշտ ուղի ցույց տալ մյուսներին։ Եւ ես չեմ ցանկանում, որ արվեստը նույնպես դառնա ամբոխի համար: Գիրքը, գրականությունը, թատրոնը եւ, ընդհանրապես, արվեստը չպետք է իջնի հանրահավաքի մակարդակի։ Արվեստը կիրթ մարդկանց համար է, իսկ չոբանական «արվեստ» ինչքան ասես կա հեռուստատեսային սիթքոմներում, սերիալներում եւ այլն։ Դա անտաշ մարդկանց մշակույթ է եւ, ցավոք, արդեն ինստիտուցիոնալ։ Ես ստեղծագործում եմ կիրթ մարկանց համար, իսկ կիրթ, գրագետ եւ ինտելիգենտ մարդիկ պետք է լինեն մեր պետության հիմքը։ Կենցաղային «արվեստ»-ից ես զզվում եմ՝ զոքանչ, կին, տղամարդ, կեղտոտ հարաբերություններ, զզվելի բառապաշար, վատ դերասանական խաղ:

Գրականության մեջ էլ այսօր կարող ենք հանդիպել կիսացնորվածների մտքեր՝ աստված, սատանա, հոգի, մենություն, էություն, հիմարություն…

Այսօրվա գաղջությունը, անկրթությունը հետեւանքն է այն բանի, որ նմանօրինակ «արվեստ» է թեւածում հասարարկության գլխավերեւում։ Արվեստը Ազնավուրն է, արվեստը Համասյանն է, այլ ոչ սիթքոմները, նռանհատիկները, տնփեսաներն ու ազիզյանները։ Եւ ստեղծագործող մարդը երբեք չպետք է մտածի մեծ թվով հանդիսատես, ընթերցող ունենալու մասին, երբեք չպետք է նմանվի որեւէ մեկին: Երբեմն ասում են. «Այսպիսի գործ եմ ուզում այսինչ ֆիլմի նման»: Սա մեր օրերի ցավն է: Հնարել չգիտեն, ստեղծել չգիտեն։ «Մեր ստեղծագործ ազգը» ասել գիտեն, ստեղծել չգիտեն։ «Մեր շինարար ժողովուրդը» ասել գիտեն, բայց միայն քանդել գիտեն։

-Հետաքրքիր է՝ Ձեր հեղինակած պիեսների հիման վրա բեմադրված ներկայացումներին, օրինակ՝ «Մեա Կուլպա»-ին, քաղաքական վերնախավից ներկայացուցիչներ լինում են. ինչպիսի՞ն են լինում արձագանքները:

-Միշտ, միշտ էլ եկել են, բոլոր նախագահներն էլ եկել են բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից: Սովորաբար հավանում են, համենայն դեպս, ես ոչ ոքից վատ խոսքեր չեմ լսել: Ի դեպ, «Մեա Կուլպա-2»-ը Փաշինյանն էլ է դիտել:

-Հայաստանյան ներկայիս կյանքը կարո՞ղ է հաջորդ ներկայացման հիմք դառնալ:

-Իհարկե, կարող է, արդեն դարձել է… Խոսքը հասարակական կյանքի մասին է…

Աննա Բաբաջանյան




Լրահոս