ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ից սկսվել է սահմանադրական փոփոխությունների պաշտոնական քարոզարշավը, որին հատկապես մեծ ոգեւորությամբ իրենց մասնակցությունն են ցուցաբերում այո-ի ջատագովները՝ մարդկանց համոզելով կողմ քվեարկել նախագծին: Իհարկե, իրենց ակտիվությամբ չեն զիջում նաեւ ոչ-ի ճամբարում գտնվողները, որոնք հայտարարել են, որ փորձում են տապալել սահմանադրական հանրաքվեն:

Նշենք, որ այո-ի ճամբարում Հանրապետականի շուրջ են խմբվել իշխանական ու իշխանամետ շատ կուսակցություններ, որոնց մեծ մասը մասնակցեցին Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիային: Որոշակիություն է սկսել մտնել նաեւ ոչ-ի ճամբարում: Այստեղ են ՀՀ նախկին երկու նախագահները: Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ անձնական տեսակետ չի հայտնել, սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ իր հրապարակային ոչ-ն ասել է նախագծին: Եւ ոչ-ի ճամբարում արդեն տարբեր նախաձեռնություններ են ձեւավորվում` «Չեք անցկացնի»-ն, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, ՀԱԿ-ը եւ էլի այլ ոչ-եր, որոնք դեռ չեն կողմնորոշվում՝ ինչպես արտահայտեն իրենց բաժին ոչ-ը:
Թե ինչ արդյունքի կարող են հասնել նրանք առանձին-առանձին, իհարկե, ցույց կտա ժամանակը: Բայց ՀՀ ցանկացած քաղաքացու համար էլ պարզ է, որ հասարակության զգալի մասն իրականում անտարբեր է սահմանադրական փոփոխությունների հանդեպ, շատերը անգամ չեն էլ գիտակցում, թե այն իրականում իրենից ինչ է ներկայացնում, եւ ինչու իրենք պետք է դիրքորոշում ունենան, առավել եւս այո ասեն:
Անշուշտ, ՀՀ քաղաքացիները կարող են չկողմնորոշվել կամ դժվարանալ դիրքորոշում արտահայտելու հարցում, քանի որ ոչ բոլոր մարդիկ են պարտավոր հետեւելու քաղաքական գործընթացներին` հասկանալու այն իր բոլոր նրբություններով: Բայց տարօրինակ է, որ մինչ օրս հայրենի քաղաքական դաշտում կան բազմաթիվ ուժեր, որոնք չեն կողմնորոշվել՝ սահմանադրական փոփոխություններին կո՞ղմ են, թե՞ դեմ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց երկու այդպիսի ուժերից պարզել, թե ինչ տեսակետ ունեն մեր երկրի քաղաքական օրակարգի գլխավոր թեմայի շուրջ: Ի դեպ, երկու քաղաքական միավորներն էլ տակավին վերջերս են ձեւավորվել եւ քաղաքական դաշտ մտնելու հայտ են ներկայացրել, սակայն ո՛չ ակտիվությամբ, ո՛չ էլ քաղաքական «կրեատիվությամբ» դեռեւս աչքի չեն ընկել: Խոսքը «Այլանս» ցենտրիստական կուսակցության եւ «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության մասին է:
«Այլանս» ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, պարզվում է՝ ասելիք չունի. նա իր փոխարեն խոսողի «հաստիք է բացել» կուսակցությունում եւ քաղաքական, ներկուսակցական, խորհրդարանական բոլոր հարցադրումներին պատասխանում է իր խոսնակի միջոցով: Երեկ մեզ էլ չհաջողվեց նորաստեղծ կուսակցական բոսից մեկնաբանություն ստանալ: Ուրիխանյանը հրաժարվեց պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցերին՝ ուղղորդելով հարցի պատասխանը ստանալ իր մամլո խոսնակ Վարդան Քոչարյանից: Պարզվում է` խոսնակն էլ «խոսել» ու տեսակետ հայտնել չգիտի: Նրան պարզ հարց տվեցինք՝ Դուք ոչ-ի քարոզարշավը սկսե՞լ եք ու ի՞նչ ծրագրով եք առաջնորդվում: «Առայժմ գործողություններ, որպես այդպիսին, եղել է պարոն Ուրիխանյանի ելույթը` ԱԺ-ում քննարկումների շրջանակներում, որտեղ պարոն Ուրիխանյանը հայտնել է մեր դեմ լինելու մասին: Քարոզարշավի մեր պրոպագանդան տեղի է ունենում առայժմ հրապարակային, եւ մեր բոլոր գործողությունների մասին կտեղեկանաք տեղի ունենալուն պես: Գործողություններ տեղի ունենալուց առաջ կտեղեկացնենք»,- հայտնեց սիրասուն խոսնակը` կես րոպեում 2 անգամ արտաբերելով «պարոն Ուրիխանյան» գերկարեւոր բառակապակցությունը: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե բացի ԱԺ ամբիոնից ճառ ասելուց՝ դեմ-ի կոճակը սեղմած կուսակցության ղեկավարի մասնակցությամբ այդ ինչ պետք է տեղի ունենա, որ տեղի ունենալուն պես հայտնեն մեզ: Ամեն դեպքում, անհամբեր սպասում ենք տեղի ունենալիքին:
Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ի տարբերություն Ուրիխանյանի՝ Մարուքյանն անգամ դեմ չի քվեարկել: Նա չի էլ մասնակցել քվեարկությանը: Երբ փորձեցինք «լուսավորվել»` պարզելու, թե որն է Մարուքյանի նոր ստեղծվելիք կուսակցության տեսակետը, այո, թե ոչ է քարոզելու, նա եւս հրաժարվեց` ասելով. «Այնպիսի հարցեր տվեք, որ չկրկնվի»: Նկատենք, որ Մարուքյանի կողմից հղում արված լրատվամիջոցին տրված հարցազրույցում հստակ տեսակետ չկա առ այն, թե նա ինչ դիրքորոշում ունի սահմանադրական փոփոխությունների մասով:
«Ժողովուրդ»-ը իր հարցերի պատասխանները փորձեց ստանալ «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության անդամ Նորայր Մովսիսյանից, ով ասաց. «Մինչեւ առաջարկների քննարկումը պարոն Մարուքյանը հանձնաժողովի նիստում դեմ էր քվեարկել Սահմանադրության նախագծին: Դրանից հետո առաջարկների մի մասը ընդունվել է, որոնք առայժմ մենք շարունակում ենք ուսումնասիրել եւ վերջնական ուսումնասիրությունից հետո հասկանանք՝ ինչքան ծանրակշիռ են ընդունված առաջարկները, եւ ինչքանով են մեզ համար առկա մտահոգությունները փարատվել, նոր հստակ պատասխանը կունենանք»: Այստեղ են ասել` ճաշից հետո մանանեխն ում է պետք: Սահմանադրության նախագիծն արդեն ընդունվել է, վերջնական տեքստը դրվում է հանրաքվեի, մարդիկ քարոզարշավ են սկսել, իսկ «Լուսավոր Հայաստանում» դեռ «խավարի» ու անտեղյակության մեջ են: Նորայրն ասաց, որ իրենց նախաձեռնությունը քարոզարշավ չի իրականացնելու. «Որպես նախաձեռնություն կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա»:
Այսպիսով, մեր երկրում նոր ստեղծված կամ ստեղծվելու ճանապարհին գտնվող երկու ուժերն էլ քաղաքական թիվ մեկ թեմայի մասով հստակ դիրքորոշում եւ անելիք չունեն: Իսկ թե այս անհամարձակությամբ եւ կիսաքայլերով նրանք ինչպես են պատրաստվում քաղաքական գործունեություն ծավալել, թերեւս դժվար չէ պատկերացնել:
Ինչպես ասում են` ուզում էինք լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին կուսակցություններում քարոզչական հիմնադրամներ են ստեղծում: Բանն այն է, որ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն նախաձեռնության հեղինակը, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ խմբակցությունները, կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները: Վերջիններս իրենց քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելու համար պետք է ստեղծեն քարոզչական հիմնադրամներ: Դրանց միջոցով առավելագույնը քարոզչության համար կարող է ծախսվել մինչեւ 100 մլն դրամ: Խմբակցությունները, կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները քարոզչական հիմնադրամի հաշվին կարող են վճարել մինչեւ 25 միլիոն դրամ, իսկ անհատ քաղաքացիները` մինչեւ 100 հազար դրամ: Մեր տեղեկություններով՝ կուսակցություններում արդեն սկսել է «դրամահավաքը»:

 

ՆԻՍՏ ՉԿԱ
Հանրապետականներն այս հինգշաբթի գործադիր մարմնի նիստ չեն անցկացնի: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներին տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանը «զբաղված» է: ՀՀԿ-ականները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում նշեցին, որ իրենց համար եւս անհայտ է, թե ՀՀԿ ԳՄ նիստն իրականում ինչու է հետաձգվում:

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԿԱՆԵՆ
ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է համագումար հրավիրել: Դրա ընթացքում նախատեսվում է քննարկել կանոնադրությունում եւ կուսակցության ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցեր: Առաջիկա համագումարի հետ կապված ԲՀԿ ղեկավարությունը սկսել է մարզային հանդիպումների շարքը: Մասնավորապես, նախորդ օրը ԲՀԿ ղեկավարությունն այցելել է Սյունիքի մարզ եւ հանդիպել մարզային կառույցի անդամների հետ: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցականների հետ քննարկել են տեղի բնակչությանը վերաբերող տարբեր հարցեր: Նա հավաստիացրեց, որ սահմանադրական փոփոխությունների այո-ի քարոզ չեն իրականացրել:

 

ՎԱՐՁԱՏՐԵՑԻՆ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից դեռեւս հոկտեմբերի 9-ին ստորագրած համապատասխան որոշումը հրապարակվեց երեկ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Դոյդոյանը, որը տարիներ շարունակ գնահատում էր պետական կառույցների թափանցիկ լինել-չլինելը, գերատեսչություններին ժանգոտ բանալիներ բաժանում, այսուհետ ինքն է տարագույն բանալիների արժանանալու:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՆՀՆԱՐ Է
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ողջունում է «Նոր Հայաստան» ճակատի ստեղծումը եւ հետագայում պատրաստ է որպես քաղաքացի մասնակցել նրանց հանրահավաքներին:«Ինքս միշտ ունեմ սովորություն՝ եթե ինչ-որ բանի դեռ չեմ մասնակցում, աշխատում եմ մարդկանց չխանգարել: Այդ ամենին մասնակցելու եմ որպես սովորական քաղաքացի, որպես քաղաքական անձ չեմ միանալու, այնտեղ չեմ լինելու: Բայց միայն հաջողություն եմ ցանկանում իրենց»,-armlur.am-ին ասել է Կարապետյանը` հավելելով, թե հնարավոր չէ նոր Սահմանադրության ընդունման դեմ պայքարը դարձնել իշխանափոխության պայքար եւ հաջողության հասնել: «Իմ անձնական տեսակետն է՝ դա հնարավոր չէ, քանի որ սահմանադրական բարեփոխումները ժողովրդի մոտ որեւէ մոտիվացիա չեն առաջացնում, եւ շատ մեծ ապատիա կա դրա նկատմամբ: Մարդիկ միայն լռելյայն դեմ են, քանի որ չգիտեն, թե ինչ է սպասվում, բայց դա հիմա դարձնել իշխանափոխության հիմք, անհնար է», -համոզված է Կարապետյանը:

 

ԼԱՎԱՏԵՍ ՊՈՒՏԻՆԸ
Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի գագաթնակետն անցել է, այժմ տնտեսությունը փոփոխվող պայմաններին է հարմարվում: Երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացվող համաժողովի ժամանակ:

 

ԼԻԱՀՈՒՅՍ Է
Եվրոպական հանձնաժողովին ՀՀ-ի հետ բանակցությունների մանդատի տրամադրման վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի ՀՀ-ԵՄ փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»։

 

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դեռ սպասում է, որ ՀՀ-ում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների հարցով ՀՀ իշխանությունները հետաքննություն կիրականացնեն: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք բավականին խիստ են հանձնարարել ՀՀ իշխանություններին անցկացնել հետաքննություն. «Մենք մտահոգված ենք այս իրավիճակով, սա լուրջ քննարկման առարկա է: Ուստի իշխանություններին հստակ հանձնարարականներ ենք տվել, նրանք էլ համաձայնել են, մեր դիտողությունները հաշվի առել»:




Լրահոս