Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը:
Նիստում քննարկվել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սահմանադրական փոփոխությունների հարցին: Արձանագրելով, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման առաջարկությունները մասամբ են տեղ գտել սահմանադրական փոփոխությունների նախագծում, կառավարման խորհուրդը միաձայն վերահաստատեց, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որը ընդգրկում է շուրջ 140 կազմակերպություն, իրականացվող գործընթացներում հանդես կգա որպես առանձին բևեռ իր շտաբով, որի միջոցով կհամակարգվեն «Հայկական վերածնունդ»-ին մաս կազմող հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց աշխատանքները:
Միևնույն ժամանակ, միավորումը պատրաստակամ է ընդունված որոշման շրջանակներում համագործակցելու համանման դիրքորոշում ունեցող բոլոր կազմակերպութ¬յունների, շարժումների և միավորումների հետ:
Մատնանշելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման կարևորությունը՝ նիստում քննարկվել է ս.թ. հոկտեմբերի 21-22-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության մասնակցության հարցը, որը համագումարի ժամանակ ԵԺԿ անդամ կուսակցություններին կներկայացնի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործունեությունը և նպատակները: