ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՓԵՍԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, նշանակել է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Սա դարձել է վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը՝ առիթ հանդիսանալով ամենատարբեր մեկնաբանությունների:
Ոմանք պնդում են, որ Ս. Սարգսյանն այսպես պատվավոր աքսորի է ուղարկում իր փեսային՝ նախագահական ընտրություններում գրանցված ձախողումների եւ իր դեմ պարբերաբար իրականացված PR դիվերսիաների համար: Ոմանք էլ պնդում են, որ ընդհակառակը, աներոջ համար պաշտոնավարման երկրորդ ժամկետն ապահովելուց հետո Մինասյանը պարզապես մեկնում է հանգստի՝ 5 տարի շարունակ պետության հաշվին վայելելու կյանքը. ի վերջո, արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնն ապահովում է դիվանագիտական անձնագիր, կարգավիճակ, հաճախակի գործուղումներ ու բազմաթիվ արտոնություններ:
Հարկ է նկատել, որ նախկինում ՀՀ-ն դեսպանատուն չի ունեցել Վատիկանում, եւ հիմա Սերժ Սարգսյանի փեսայի համար այն նոր պետք է բացվի: Հատկանշական է, որ Վատիկանում ՀՀ դեսպանատուն բացելը նախապես նախատեսված չի եղել. բնականաբար, այս տարվա պետական բյուջեով էլ նախատեսված չի եղել որեւէ գումար հատկացնել: Ըստ կառավարության մարտի 7-ի նիստին ներկայացված փաստաթղթերի` առայժմ հայտնի չէ, թե որքան գումար է պահանջվում Վատիկանում դեսպանատուն բացելու համար: Եվ երբ դա հայտնի դառնա, ֆինանսավորումը կիրականացվի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերի տնտեսումների հաշվին: Համեմատության համար նշենք, որ ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում ընդգրկված են եղել երկու երկրում՝ Վատիկանում եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպանատներ բացելու հարցերը: Եվ ի տարբերություն Վատիկանի` Վիետնամում դեսպանատուն բացելու համար գումար հատկացնելը նախատեսված է եղել նախօրոք: Ավելին, Հայաստանը 2013թ. պատրաստվում է դեսպանատներ բացել նաեւ Մեքսիկայում ու Ինդոնեզիայում: ՀՀ պետական բյուջեից այս երեք երկրներում՝ Մեքսիկայում, Վիետնամում եւ Ինդոնեզիայում դեսպանատներ բացելու համար էլ հատկացվել է ավելի քան 1 միլիոն դոլար: Հիմա, փաստորեն, պետք է գումարներ «հայթայթեն» նաեւ չորրորդ երկրի՝ Վատիկանի համար:
Վատիկանի առանձնահատկությունը
Նկատենք, որ Վատիկանը քաղաք-պետություն է, ամենափոքրը Եվրոպայում: Այն կրոնական միապետություն է՝ իր առանձնահատկություններով: Վատիկանն առանձնահատուկ է նաեւ իր արտաքին հարաբերությունների մեջ. արտաքին քաղաքականության ոլորտում այս պետությունն առանձնապես նախաձեռնողական չէ: Հիմնականում ոչ թե ինքը, այլ իր հետ են հարաբերություններ հաստատում: Վատիկանում դիվանագիտական ներկայացուցչություն ունեն քիչ թվով երկրներ: Միայն թե Վատիկանի տարածքի փոքր լինելու պատճառով դեսպանատները տեղակայված են Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Հենց այս պատճառով էլ աշխարհի շատ երկրներ Վատիկանում առանձին դեսպանատուն չեն էլ բացել, այլ այդ առաքելությունն իրականացրել են եվրոպական մյուս երկրներում իրենց դեսպանատների միջոցով: Հայաստանը եւս իր անկախությունից հետո վարվել է այդպես. իրեն թույլ չի տվել Վատիկանում առանձին դեսպանատուն ունենալու շռայլություն, այլ տարիներ շարունակ այդ գործը դրված է եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանի վրա: Ինչպես պնդում են մասնագետները, Վատիկանում առանձին դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու կարիք չի էլ եղել, որովհետեւ նախ՝ Վատիկանում չկա հայկական համայնք, եւ երկրորդ՝ Ֆրանսիայի դեսպանը կարողացել է իր գործառույթներն իրականացնել: Բայց հիմա Հայաստանը ստիպված է Հռոմում ունենալ երկու առանձին դիվանագիտական ներկայացուցչություն՝ մեկը որպես Իտալիայում, մյուսը՝ Վատիկանում ՀՀ դեսպանատուն: Բանն այն է, որ իրենց կանոնների համաձայն` Վատիկանում ՀՀ դեսպանը չի կարող տեղակայվել Իտալիայում ՀՀ դեսպանատան շենքում, հարկավոր է առանձին դեսպանատուն` առանձին շենքում, առանձին աշխատակազմով: Սա պահանջ է, որը ենթակա է պարտադիր կատարման: Ինչը նշանակում է շռայլություն, հատկապես մի երկրի համար, որտեղ բնակչության 35 տոկոսն աղքատ է, որտեղ սոցիալական լուրջ բեւեռացում կա: Միայն թե իշխանությունները թքած ունեն այս ամենի վրա: Կարեւորը՝ Սերժ Սարգսյանի փեսայի համար համապատասխան արտոնություններով ու հնարավորություններով նոր աշխատատեղ ստեղծելն է: Մանավանդ որ վերջին տարիներին դեսպան նշանակվում են ոչ թե դիվանագիտական կրթություն ունեցող անձնավորությունները, այլ այդ պաշտոնը դարձել է սրան-նրան լավություն անելու, ազգականներին աշխատանքի տեղավորելու հարմար տարբերակ:
Հ.Գ. Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում Վատիկանի ներկայացուցչի նստավայրը Թիֆլիսում է, եւ եպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին «ծածկում է» հարավկովկասյան երեք երկրները՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս