«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ոչ մի խնդիր չի տեսնում այն հանգամանքում, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության ՀՀԿ-ի շտաբը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` այդ ընթացքում շարունակելով սովորականի պես պաշտոնավարել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մուկուչյանն ասաց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները կարող են սահմանադրական փոփոխությունների քարոզչություն իրականացնել, քանի որ նրանց դեպքում օրենսդրությունը բացառություն է անում: «Որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի, հետեւյալ տեսանկյունից խնդրին նայեք. օրինակ՝ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ճի՞շտ է, պատգամավորը, երբ Ազգային ժողովի նիստին մասնակցում է, իր լիազորություններն է իրականացնում չէ՞, հայտարարությունների ժամին եւս իր լիազորություններն է իրականացնում:
Հիմա ամբիոնից քարոզ են չէ՞ անում»,- ասում է Մուկուչյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ պատգամավորը պետական ոչ մի հիմնարկի աշխատողի նկատմամբ հրամայական իրավունքներ չունի: Պատգամավորի ասածը չանելու դեպքում, ասենք, մարզպետարանի աշխատակիցը մտավախություն չի ունենա, որ իրեն աշխատանքից կազատեն: Իսկ երբ վարչապետն է անձամբ քարոզչությամբ զբաղվում, պետական հիմնարկների աշխատողների համար դա արդեն հրամանի պես է գործում: Նույնիսկ, եթե մի պահ ընդունենք, որ Հովիկ Աբրահամյանը միգուցե ձեռնպահ կմնա Հայաստանի կառավարման համակարգի աշխատողներին ուղղորդելուց (ինչը անգամ դժվար է պատկերացնել), այնուամենայնիվ, միեւնույն է՝ բոլորը նրա գործողությունները ընկալելու են իբրեւ հրահանգ, առավել եւս, որ նա, թեկուզ ձեւական, արձակուրդի եւս չի պատրաստվում մեկնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: