ԻՆՉՊԵՍ ԽԱԽՏԵԼ ՕՐԵՆՔՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ մեր հանրապետության քաղաքական դաշտը լուրջ փոփոխությունների է ենթարկվում, որոնց ծավալներն ու ուղղությունները վաղուց են գծագրվել: Ընդհանրական ձեւակերպմամբ Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում է սերնդափոխության գործընթաց, որը ներքաղաքական խնդիրներով պայմանավորված վերջին մի քանի ամիսներին սկսեց ավելի ակտիվանալ:

Հայտնի իրողություն է, որ արեւմուտքը եւ Ռուսաստանը ինչ-որ կուսակցությունների տեսքով Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես ներկայացված են, անկախ նրանից, թե ՀՀ իշխանությունների հետ ինչ հարաբերություններ ունեն: Այսինքն՝ Հայաստանում նրանք մշտապես ունեն իրենց կուսակցությունները, որոնց համար առաջնային խնդիրը եղել է այն, որ Հայաստանը պահեն իրենց գծի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Եվրոմիության քաղաքական ուղեծրի մեջ:
Քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների հետ զուգահեռ արեւմուտքը արդեն իսկ սկսել է փոխել իր «խաղացողներին»՝ նախկին «հին» գործիչների փոխարեն առաջ բերելով նորերին` ավելի երիտասարդներին:
Մինչեւ այս տարվա փետրվարը Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտի հետ կապված որեւէ խնդիր չուներ, քանի որ այստեղ ուներ երկու հզոր «խաղացողների»՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի, որոնց միասնության պայմաններում ռուսական կողմը կարող էր լիարժեք ապահովագրված լինել եւ ուշադրություն չդարձնել քաղաքական դաշտում սերնդափոխության եւ այլ զարգացումների վրա: Սակայն փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն փաստացի կորսվեց ռուսական կողմի համար, քանի որ դադարեց իշխանություններից առանձին խաղացող լինել: Այդ նույն իրադարձությունների արդյունքում ՀԱԿ-ն էլ այնպես գահավիժեց, որ նրա հետ եւս հույսեր կապելն անհեթեթություն կլինի: Հետեւաբար նրանց եւս նոր ուժ է հարկավոր: Եւ, ահա, երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում կուսակցություն հիմնել եւ մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելու խնդիրը քաղաքականից բացի նաեւ իրավական կողմեր ունի: Մասնավորապես, իրավական խնդիրներից մեկն այն է, որ երկքաղաքացին Հայաստանում կարող է կուսակցություն հիմնել, այստեղ քաղաքական գործունեություն ծավալել, բայց չի կարող պատգամավոր, նախարար, վարչապետ կամ նախագահ դառնալ: Այդ արգելքն առկա է ինչպես գործող Սահմանադրությունում, այնպես էլ նոր Սահմանադարության նախագծում: Մի պահ ենթադրենք, որ ՀՀ իշխանություններին կհաջողվի նոր Սահմանադրության նախագիծն անցկացնել եւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հենց այդ փաստաթղթի հիման վրա: Ըստ այդմ, Արա Աբրահամյանը եւ նրա ապագա կուսակիցները, որպեսզի ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան, պետք է լինեն միայն ՀՀ քաղաքացի եւ վերջին 4 տարում մշտապես բնակված լինեն Հայաստանում: Ինքը՝ Աբրահամյանը, երեկ հրավիրված ասուլիսում խոստովանել է, որ երկքաղաքացի է, ունի Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիություն: Սակայն դա բավարար չէ: Որպեսզի նա Հայաստանում պատգամավորի թեկնածու գրանցվի, պետք է հրաժարվի ՌԴ քաղաքացիությունից: Բայց այս իրավիճակում դա էլ չի փրկի, քանի որ նա 4 տարի անընդմեջ Հայաստանում չի բնակվում:
Նկատենք, որ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ ինքը «ռուս» է, իսկ Վլադիմիր Պուտինն էլ իր նախագահն է: Իսկ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար Աբրահամյանը ստիպված է լինելու հրաժարվել իր «ռուսական ազգությունից» եւ իր նախագահից` Վլադիմիր Պուտինից: Համաձայնեք, որ ազգային «դավաճանության» հակումներով գործունեություն սկսելն արդեն իսկ լավ նախադրյալ չէ: Ի դեպ, Աբրահամյանի խոսքերից ակնհայտ է դարձել, որ մշտապես Հայաստանում բնակվելու խնդիրն իրենք լուծված են համարում: Երբ նրան այս մասին հարցրել են, նա պատասխանել է. «Տարեկան 18 անգամ լինում եմ Հայաստանում, ամեն ինչ գիտեմ, ամեն ինչից տեղյակ եմ, սահմանադրական ոչ մի խախտում չի լինելու, մի անհանգստացեք»: Այլ կերպ ասած՝ Հայաստան կատարած կոսմետիկ այցերը մեկ առ մեկ հաշվառել են, որպեսզի հետագայում դրանք մատուցեն որպես ՀՀ-ում մշտական բնակություն: Առավել աբսուրդ ու զվարճալի մեկնաբանություն հնարավոր էլ չէր գտնել:
Աբրահամյանի կողմից կուսակցություն հիմնելու քաղաքական խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանը, ի տարբերություն արեւմուտքի, Հայաստանի քաղաքական դաշտում փորձում է հին դեմքերով իր խաղացողին ներդնել: Այսինքն՝ ռուսական կողմը Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող սերնդափոխության գործընթացն անտեսում է կամ էլ մեծ նշանակություն չի տալիս: Ծրագրի հեղինակների հույսն այն է, որ իրենց «խաղացողը» դրսից, այն է՝ Ռուսաստանից է ներդրվելու եւ կարճաժամկետ հեռանկարում` անսպառ ֆինանսական հնարավորությունների դեպքում, կկարողանան քաղաքական դաշտում կշիռ ձեռք բերել: Բայց այս հաշվարկի սխալն էլ այն է, որ անտեսվում է ՀՀ քաղաքացու` ընտրողի գործոնը: Ի վերջո, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հենց այնպես չեն ծագել: Դրանց հիմքում ընկած է ՀՀ քաղաքացիների շրջանում կուսակցությունների եւ քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: Այլ կերպ ասած՝ դրսից «խաղացող» ուղարկելով՝ ռուսական կողմն արդեն իսկ իրեն դատապարտել է ձախողման:
Եւ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանին Արա Աբրահամյանով փոխարինելը չստացված ծրագիր է. իհարկե, ինտելեկտուալ մակարդակներով երկուսն էլ նույն հարթության վրա են, բայց Ծառուկյանի ընտանիքը գոնե ապրում է Հայաստանում եւ նա, իսկապես, բարեգործական շատ ծրագրեր է անում մեր երկրում՝ ակնհայտ ցույց տալով իր սերը ՀՀ-ի նկատմամբ: Աբրահամյանը միանգամայն հակառակ դաշտում է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
NO COMMENT
Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդեն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու ստացել նրա համաձայնությունը՝ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ը փորձել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ի՞նչ ասել է համաձայնություն, ի՞նչ համաձայնություն է ձեռք բերվել նրանց միջեւ: Սակայն Ս. Սարգսյանի մամուլի խոսնակը շատ «ժլատ» գտնվեց իր մեկնաբանություններում ու հայտարարեց. «Այլ գործիչների արած հայտարարությունները նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել»: Հասկանալի է, որ Արա Աբրահամյանը ինքնաբուխ հայտարարություն է արել, որը դեռեւս պարզաբանման կարիք ունի, ու երեւի հենց դա է պատճառը, որ Աբրահամյանը ասուլիսի ավարտից անմիջապես հետո գնացել էր նախագահական նստավայր:
Ի դեպ, երեկվա ամոթալի դրվագը նաեւ այն էր, որ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Արա Աբրահամյանի խոսափողն էր միացնում ու անջատում:

 

ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՐՔԵԼ
Նախօրեին Գորիսի մամուլի ակումբը տեղեկություն տարածեց, որ առավոտից գորիսեցիները սպասել են, որ Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Գորիսի Գր. Տաթեւացու անվան վերակառուցված հրապարակ` մասնակցելու բացման արարողությանը: Սակայն երբ նրան էին մոտեցել մի քանի քաղաքացիներ, Սարգսյանը նստել էր ավտոմեքենան եւ հեռացել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից պարզել, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել: «Նման բան չի եղել, որեւիցե միջադեպ չի եղել, արարողակարգում էլ նման հանդիպում չի եղել՝ հրապարակի բացում արարողակարգում ընդհանրապես նախատեսված չի եղել: «Կոնտր գլոբալի» հատվածով անցնելուց ընդամենը նախագահը տեսել է, որ մարդիկ են հավաքվել, նախագահը կանգնել է, մեքենայից իջել է, ողջունել է նրանց, ու մենք մեր ճանապարհը շարունակել ենք: Անհեթեթություն է»,- հայտարարեց մարզպետը:

 

ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
Հոկտեմբերի 23-ին Աժ տնտեսական մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ ՕԵԿ-ական պատգամավորների հեղինակած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նշենք, որ այս նախագիծը խորհրդարանում մեկ անգամ քննարկվել է, ու դրա շուրջ «աղմուկ» է բարձրացել, քանի որ առեւտրականները համաձայն չեն շրջանառության հարկի այն դրույքաչափի հետ, որը սահմանված է:
Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը բազում դժգոհություններ էր առաջացրել առեւտրականների շրջանում եւ զանգվածային բողոքի առիթ դարձել:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Աստանա` ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու նպատակով։

 

ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է
Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից եւ քաղաքական կամք դրսեւորել՝ փոխզիջման հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավոք սրտի, քաղաքական երկխոսության վերսկսումը դժվարանում է հակամարտության գոտում իրադրության սրման, զոհերի թվի աճի պատճառով», – ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ զոհերի թվում նաեւ խաղաղ բնակիչներ կան:

 

ԴԵՌ «ԴԱԲՐՈՆ» ՉԿԱ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ իր քաղաքական նպատակների իրագործումը կարող է լինել հարազատ գյուղի` Մալիշկայի «դաբրոյի» դեպքում: Armlur.am-ը զրուցել է Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանի հետ` պարզելու համար, թե ինչ տրամադրվածություն է առկա Մալիշկայում: Գյուղապետը, սակայն, ասել է, թե դեռ տեղյակ չէ Աբրահամյանի ծրագրերից.«Դեռ չեմ հանդիպել իր հետ, չգիտեմ՝ ինչ ծրագրեր ունի, պետք է դրանք ներկայացնի, որպեսզի հասկանանք` խորհուրդ ենք տալիս, թե չէ»:

 

ՀՐԱՎԻՐԵԼ Է
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առավել բաց, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի անունից հրավերներ է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կաներվային եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին՝ հրավիրելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ դիտարկելու Հայաստանում անցկացվելիք հանրաքվեն:




Լրահոս