«Եվրոպական դատարանի որոշումը դրա համար ճանապարհ բացեց». նախկին դատավորը մտադիր է վերականգնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ՄԻԵԴ-ի այս վճռով ՀՀ Կառավարությունը պարտավորվել է նախկին դատավորին չորս հազար ինը հարյուր եվրոյի փոխհատուցում վճարել՝ 3600 եվրո՝ հասված վնասի համար, 1300-ը՝ որպես ծախսերի փոխհատուցում:

ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ, թույլ չտալով բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ նախագահի որոշումը, Հայաստանի դատարանները խախտել են Սաղաթելյանի արդար դատավարության իրավունքը։

Այսպես, 2004 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք որոշում էր կայացվել Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնել՝ որպես դատավոր աշխատելու ժամանակահատվածում կեղծիքներ կատարելու պատճառաբանությամբ։ Հայաստանում առաջին ատյանի դատարանը հրաժարվել էր քննել Սաղաթելյանի բողոքը՝ պատճառաբանելով, որ նախագահի հրամանագրերը ընդատյա չեն ընդհանուր իրավասության դատարաններին։ Վճիռը բեկանվել էր Վերաքննիչ դատարանում, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ առաջին ատյանի դատարանում կայացված վճիռը պետք է ուժի մեջ մնա։

Դեռ այն ժամանակ մամուլում գրվեց, որ իրականում Սաղաթելյանը պատժվել է. «Առանց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ համաձայնեցնելու՝ ինքնուրույն վճիռ կայացնելու համար, ինչի արդյունքում Հարությունյանը շտապել է հանդուգն դատավորի հարցը բարձրացնել Ռոբերտ Քոչարյանի առջև: Դրա հետեւանքը եղավ այն, որ Սաղաթելյանին չկարողացավ փրկել անգամ հիվանդության մասին պաշտոնական փաստաթուղթը, և նա «բյուլետենը» ձեռքին` անհապաղ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Մտադի՞ր է արդյոք նախկին դատավոր, ներկայում որպես փաստաբան աշխատող Անահիտ Սաղաթելյանը վերսկսել գործունեությունը որպես դատավոր, փորձեցինք պարզել հենց նրանից.

-Ես կուզեմ վերականգնվել, քանի որ ինձ անհիմն են ազատել:

-Օրենքը թույլ տալի՞ս է այս դեպքում դիմել վերականգնման պահանջով: 

-Եվրոպական դատարանի որոշումը դրա համար ճանապարհ բացեց: Դրանով ես կկարողանամ իմ խախտված իրավունքը դատարանում բարձրացնել:

-Իսկ պատրաստվո՞ւմ եք բարձրացնել:

-Որոշումը ստանալուց հետո՝ անպայման:

-Ձեզ հասանելիք փոխհատուցումը որքա՞ն ժամանակում պետք է հատկացվի:

-Երեք ամսվա ընթացքում: Դրա մեջ նաև փաստաբանի ծառայություններն են մտնում: Իսկ մնացած գումարն ինչպես կծախսեմ՝ դեռ չեմ որոշել:

-Այդ ժամանակ արդարադատության նախարարը ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էր: Նրանից կոնկրետ որևէ պահանջ ունե՞ք:

-Ես նրա դեմ ո՛չ անձնապես, ո՛չ իրավական հարթությունում պահանջ չունեմ: Իմ պահանջը նախագահի անօրինական հրամանագիրն անվավեր ճանաչելն է, քանի որ ես ազատվել եմ նախագահի՛ հրամանագրով: Արդարադատության խորհուրդն օրենքով կրում է զուտ խորհրդատվական բնույթ:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս