Ինչու քրեական պատասխանատվության չենթարկվեց Լևոն Զուրաբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք չի տա ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որով նա ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել էր Վենետիկի հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ: Ու թեև այդ հայտարարությունից հետո դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննություն անցկացնել՝ պատգամավորի հնչեցրած մեղադրանքները ստուգելու համար, այնուամենայնիվ, ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց Զուրաբյանից կոնկրետ փաստեր ստանալ:

Ըստ երեւույթին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ չցանկացավ ներքաշվել քաղաքականության մեջ եւ որոշեց պատգամավորի հայտարարությանը ընթացք չտալ: Ի վերջո, եթե սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցվեր, Զուրաբյանը դա կարող էր ներկայացնել իբրեւ քաղաքական հետապնդում: Չի բացառվում նաեւ, որ դատախազը հաշվի առավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, թե պատգամավորի մեղադրանքները անհեթեթ են, դրա համար էլ որոշեց լուրջ չվերաբերվել կաշառքի մասին հայտարարությանը:

Armlur.am-ը նաև հայտնել էր, որ 2008 թվականին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ձերբակալվեց սուտ մատնության հատկանիշներով, այն էլ միայն այն բանի համար, որ հարցեր էր ուղղել այն ժամանակ գործող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Այդ հարցադրումների համար Արամ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 333 հոդվածի հատկանիշներով` սուտ մատնություն, Կարապետյանը 3 ամիս բանտարկվեց, իսկ 1 տարի 3 ամիս գործը ուսումնասիրելուց հետո այն կարճվեց՝ ապացույցների անբավարարության հիմքով:
Բայց ի տարբերություն Արամ Կարապետյանի, Զուրաբյանը հարցադրումների փոխարեն պնդում էր, որ ՍԴ նախագահը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին:

Թե ինչի համար չպատժվեց Լևոն Զուրաբյանը, ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է նկատել, որ երեկ, երբ Armlur.am-ը հարցեր էր ուղղում Զուրաբյանին, վերջինս այնպես էր խոսում, կարծես վստահորեն գիտեր, որ չի պատժվելու:




Լրահոս