Լևոն Զուրաբյանին սպասվո՞ւմ է Արամ Կարապետյանի «գլխին եկածը». դատախազությունն արդեն քննարկում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկում են, թե ինչ լուծում պետք է տալ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին պատգամավորը այդպես էլ չներկայացավ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Նա ոստիկանությանն ուղարկել է հոկտեմբերի 13-ի իր հայտարարությունը, որով հրաժարվել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ապացույցներ ներկայացնել` պատճառաբանելով, թե իրավապահներին չի վստահում: Եվ, ահա, ոստիկանությունն էլ նախապատրաստած նյութերը ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն` դրանց հետագա ընթացքի հարցը լուծելու համար: Ու եթե Գեւորգ Կոստանյանը որոշի դրան ընթացք տալ, ապա կարող է քրեական գործ հարուցել, որի շրջանակներում Զուրաբյանը կարող է մեղադրվել սուտ մատնության մեջ: Սակայն նման հեռանկարը քիչ հավանական է, քանի որ Զուրաբյանը դա կարող է ներկայացնել իբրեւ քաղաքական հետապնդում:

Ինչ լուծում կտա ՀՀ գլխավոր դատախազությունը եւ, առհասարակ, ՀԱԿ-ը, քրեական հետապնդումից խուսափելու համար, ի՞նչ փոխզիջման կգնա, ցույց կտա ժամանակը:

Այս իրավիճակում տեղին է հիշեցնել՝ դեռեւս 2008 թվականին ինչպես «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին ընդամենը որոշ հարցադրումների համար սուտ մատնության հատկանիշներով մեղադրանք էին առաջադրել ու կալանավորել: Իսկ ինչ հարցեր էր փորձել պարզել Արամ Կարապետյանը. «Պրն Քոչարյան, ճի՞շտ է արդյոք, որ անհայտ զինվորի գերեզմանի մոտի կտրված եղեւնիները եւ այլ ծառատեսակները, որոնք տարիներ շարունակ դրվել, աճեցվել են` որպես մայրաքաղաք Երեւանի լիաթոք շնչելու հնարավորություն, կտրվել եւ կառուցվել է «Գոլդեն Փալլաս» հյուրանոցային համալիրը, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է Քոչարյանների ընտանիքին եւ ձեւակերպված է այլ մարդկանց անունով: Ինչպիսի՞ բարոյական զգացմունք եք Դուք ունենում, պրն Քոչարյան, այդ հյուրանոց մտնելուց: Ճի՞շտ է արդյոք, պրն Քոչարյան, որ բոլոր նախարարություններին հրամայված է կազմակերպվող բոլոր գործընթացները, սեմինարները կայանան «Գոլդեն Փալլասում», որպեսզի Ձեր ընտանիքը օգուտ ունենա հյուրանոցից»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս