ՇՏԱԲԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ այլեւս ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը գլխավորելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս երեկ լրագրողների հետ զրույցում նման հնարավորությունը չի հերքել` միաժամանակ ասելով, որ խնդիրը վերջնական լուծում կստանա եկող շաբաթ` ՀՀԿ-ի խորհրդի նիստում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանից բացի՝ իշխանական կուլիսներում քննարկվել է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը: Բայց նրա թեկնածության վրա կանգ չեն առել այն պատճառով, որ տեղական` ընտրական գործընթացներում առավել փորձառու չէ, քան Աբրահամյանը: Նա մասշտաբային ծրագրերն է օրինակելի իրագործում` ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանը երեկ միանշանակ վստահեցրել է, որ սահմանադրական հանրաքվեի շտաբում իր աշխատելու ընթացքում «ժամանակավորապես» չի հրաժարվելու վարչապետի պաշտոնից: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ կառավարությունից պարզել, թե արդյոք այդ հայտարարությունը նշանակում է, որ քարոզարշավի շրջանում Հովիկ Աբրահամյանը նաեւ արձակուրդ չի մեկնելու եւ շարունակելու է սովորականի պես պաշտոնավարել` միեւնույն ժամանակ ղեկավարելով սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը: Սակայն մեզ չհաջողվեց մեր հարցման պատասխանը ստանալ: Ամեն դեպքում, առկա իրավիճակում առավել հավանական է, որ Հովիկ Աբրահամյանը շտաբը կղեկավարի առանց արձակուրդ մեկնելու, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել:

 

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստը: Մեր տեղեկություններով՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը նախապատրաստած Ռոբերտ Ուոլթերը փորձելու է իր հեղինակած փաստաթուղթը հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել: Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի՝ արդեն հունվարի նստաշրջանում քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը կարող է զեկույցը ներկայացնել ԵԽԽՎ լիագումար նիստին: Հիշեցնենք, որ հոկտեմբերին կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան առաջարկել էր հետաձգել զեկույցի քննարկումը եւ նշանակել նոր զեկուցող, որը խնդիրն առավել հանգամանալից ուսումնասիրելու ժամանակ կունենա, քանզի Ուոլթերի մանդատի ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է: Սակայն Դորա Բակոյանիսը մերժել է այդ առաջարկը:

 

 

 
Հայաստանի խոշոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունները մութ գործարքներով օտարելու հարցում Ռոբերտ Քոչարյանը կարող է համարվել միանշանակ առաջատար: Նա իր պաշտոնավարման առաջին` հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած երեք տարիների ընթացքում հասցրել է ռուսական ընկերություններին հանձնել Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը: Այդ գործարքների մեծ մասի մանրամասներն այդպես էլ երբեւէ չեն հրապարակվել, եւ մինչ օրս պաշտոնապես հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանը էներգետիկ համակարգի ձեռնարկությունները կոնկրետ ինչ գներով է վաճառել: Գործարքները «մթության» քողի տակ անցկացնելու փաստն էլ հիմքեր է տվել կարծելու, որ նա այդպիսով ոչ միայն իր իշխանությունն ամրապնդելու խնդիր է ժամանակին լուծել, այլ նաեւ ունեցել է անձնական նյութական շահագրգռվածություն: Փաստ է, որ երբեմնի ոչինչ չունեցող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, նրա պաշտոնավարման 10 տարիների արդյունքում, դարձավ Հայաստանի ամենահարուստ ընտանիքը:

 

 

 
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ չի ներկայացել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ոստիկանությանն ուղարկել է հոկտեմբերի 13-ի իր հայտարարությունը, որով հրաժարվել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ապացույցներ ներկայացնել` պատճառաբանելով, թե իրավապահներին չի վստահում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանությունն առաջիկա օրերին նախապատրաստած նյութերը կուղարկի ՀՀ գլխավոր դատախազություն` դրանց հետագա ընթացքի հարցը լուծելու համար: Ու եթե Գեւորգ Կոստանյանը որոշի դրան ընթացք տալ, ապա կարող է քրեական գործ հարուցել, որի շրջանակներում Զուրաբյանը կարող է մեղադրվել սուտ մատնության մեջ: Սակայն նման հեռանկարը քիչ հավանական է, քանի որ Զուրաբյանը դա կարող է ներկայացնել իբրեւ քաղաքական հետապնդում: Սպասենք զարգացումներին:

 

 

 

 

ՏԵՍԱՐ՝ ԻՆՉ ԵՂԱՎ

Ղազախստանում տեղի ունեցած ԵՏՄ վեհաժողովի ընթացքում երեկ կայացվել է անսպասելի որոշում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա ընդամենը մեկ տարի առաջ էր նշանակվել այդ բարձր դիվանագիտական պաշտոնում, որն, իհարկե, նրա` վարչապետական աթոռից զրկվելուց հետո շատերի մոտ ընկալվում էր իբրեւ «պատվավոր աքսոր»:
Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում Տիգրան Սարգսյանի մասին հանրությունը հիշում էր հիմնականում «օֆշորի» հայտնի գործով դատավարության շրջանակներում, եւ որեւէ մեկը, հատկապես նախկին վարչապետի քաղաքական հակառակորդները, չէին կարող պատկերացնել, որ նա ոչ միայն այսքան արագ կվերադառնա, այլեւ դա կանի ԵՏՀ նախագահի կարգավիճակում, այն էլ` Վլադիմիր Պուտինի հատուկ հավանությամբ, ինչի մասին երեկ ընդգծեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ասելով. «Նրա թեկնածությունը պաշտպանել է Ռուսաստանի նախագահը, ով նրա հետ աշխատել է: Ասում են՝ շատ փորձառու, զարգացած մասնագետ է»:
Այսպիսով` ինչ նպատակ է հետապնդում Տիգրան Սարգսյանի այդ «հաղթական վերադարձը»: Ինքնին հասկանալի է, որ այդ պաշտոնին նա չէր կարող նշանակվել` առանց Սերժ Սարգսյանի երաշխավորության: Հետեւաբար այս նշանակմամբ Հովիկ Աբրահամյանին, ըստ էության, կրկին դարձնելով Տիգրան Սարգսյանի ենթական, Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ ներքաղաքական վերադասավորում է կատարում, որի վերջնանպատակն, ի դեպ, կարող է առնչություն ունենալ Ս. Սարգսյանի կողմից սեպտեմբերի վերջին ԱՄՆ Քարնեգի հիմնադրամում արած այն հայտարարության հետ, թե նա գիտի` ով է լինելու Հայաստանի հաջորդ առաջնորդը:
Իսկ առայժմ այս նշանակմամբ Սերժ Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարի պաշտոնին առանձնապես բուռն չձգտող Հովիկ Աբրահամյանին (երեկ նա այդ մասին շատ թեական խոսեց` ընդգծելով, թե այդ նշանակումը չպետք է խանգարի իր գործունեությանը Կառավարությունում) բավականին անհարմար վիճակի մեջ է դնում թե՛ մարդկային, թե՛ քաղաքական առումներով: Այսուհետ Տիգրան Սարգսյանի դեմ խոսել կամ նրա դեմ որեւէ քայլ անելը հավասարազոր է լինելու ԵՏՄ-ի եւ Պուտինի ընտրության դեմ քայլ անելուն, ինչը, բնականաբար, Աբրահամյանն իրեն թույլ տալ չի կարող: Ուստի նրան այլ ելք չի մնում, քան խոնարհ կերպով աշխատել իր հին ու նոր վերադասի հետ` մինչեւ իրավիճակի հետագա հստակեցումը:




Լրահոս