ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը տարբեր ելույթներով, հարցազրույցներով փորձում է հանրությանը ներկայացնել իր ընկալումները` սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
Խոսրով Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումներին շատ դրական է վերաբերվում: Նա ասաց համամիտ է այն տեսակետի հետ, որ հանրության մի մասը տեղյակ չէ, թե այս փոփոխություններով իր հետ ինչ է լինելու:
«Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները նշում են, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը չի ձևավորվել հանրության ընդերքում: Ես պետք է նման դիրքորոշում ունեցողներին հիասթափեցնեմ. սահմանադրական փոփոխությունների գաղափարը չի ձևավորվում շարքային քաղաքացու մոտ, դրանք որպես կանոն ձևավորվում են քաղաքական վերնախավի շրջանակներում», – ընդգծեց Հարությունյանը:
Նրա խոսքով` նորանկախ Հայաստանի ամբողջ քաղաքական պատմության մեջ նախագահական ընտրություններին հաջորդել են հետընտրական ճգնաժամեր: «Մեզանում բոլոր նախագահական ընտրություններն ավարտվել են հասարակությանը, հանրությանը քաղաքացիական բախումների շեմին հասցնող ճգնաժամերով», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան