Զինծառայողներն ալկոհոլի ազդեցության տա՞կ են կտրել կուրսանտի կոկորդը, երակները, ծեծի ենթարկել, ապա՝ կախել. դաժան սպանության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նախաքննությունը մոտենում է ավարտին: Գործը շուտով դատարան կմուտքագրվի: Մինչ այս պահը հայտնի դարձած տվյալների համաձայն՝ կուրսանտն առանձնակի դաժանությամբ է սպանվել: Նախ, ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովորդ» օրաթերթը, կուրսանտի համածառայակիցները նախքան ոճրագործություն անելը փոս էին փորել Հայկազին այնտեղ թաղելու համար: Սրանով անմարդկային վերաբերմունքը չի ավարտվել. պարզվում է՝ սպանության անմիջական մասնակիցներն ամեն բան արել են կուրսանտին փրկվելու հնարավորությունից զրկելու ուղղությամբ:

Այսպես, «Փաստինֆո»-ն հայտնեց, որ կազմակերպված խումբը կուրսանտին զրկել է անգամ որևէ կերպ օգնություն կանչելու հնարավորությունից. մասնավորապես՝ փակելով բերանն ու անշարժացնելով: Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել է այս տարվա հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ մահացած։ Սկզբնական վարկածն ինքնասպանությունն էր: Կուրսանտի ծնողները վստահեցնում էին, որ իրենց որդին նման քայլի չէր կարող դիմել: Պարզվեց՝ նրանք չէին սխալվում: Կուրսանտը նախքան պարանին հայտնվելը մահացած է եղել: Հարազատները պնդում էին, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:

Փորձաքննություններից հայտնի է դարձել, որ որոշ զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին: Չբավարարվելով դաժան տեսարանից՝ զինվորները սեղմել են Հայկազի պարանոցը, ապա կոտրել ենթալեզվային ոսկորը։

Ինքնասպանության իմիտացիա ստեղծելու նպատակով զինծառայողները հագցրել են դաժանության զոհ դարձած համածառայակցի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, և կախել պտտաձողից:

Առանձնակի դաժանությամբ սպանության մեջ որպես մեղադրյալներ են ներգրավվել նույն զորամասի զինծառայողներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով: Այն է՝ առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանություն:

Զինծառայողները կալանավորվել են:

Ի դեպ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ անդրադառնալով կատարվածին՝  հայտնել է, որ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

Հիշեցնենք, որ նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։ Իսկ հոկտեմբերի 1-ին կուրսանտի սպանության դեպքի առթիվ հարուցվել է մեկ այլ քրեական գործ:

Այսպես, քրեական գործի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քրեական գործի նյութերով Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) նոր քրեական գործ հարուցել այն փաստով, որ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ դեպքից առաջ դեռևս հրամանատարի տեղակալ Զարմիկ Մարկոսյանը 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. հունվարի 28-ը պարբերաբար հանձնարարել է ենթակա համապատասխան սպաներին՝ առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, իր որդուն՝ գործժով մեղադրյալ, նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանին, ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից: Նախաքննական մարմինը որոշել է, որ դրանով իսկ արտոնյալ պայմաններ են ստեղծվել Գ. Թևոսյանի համար: Այսպիսով, Գ. Թևոսյանն արհեստականորեն ստացել է առավելություն, ինչով զինծառայողների շրջանում ստեղծվել է անհավասարության մթնոլորտ:

Ի դեպ, պաշտպանական կողմի գնահատմամբ՝ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում միայն վկաների ցուցմունքների հիման վրա:

Տաթև Հարությունյան




Լրահոս