Համագործակցության ծրագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք իրականացնում են Իրավունքներ հիմա ծրագիրը:

Ծրագիրը, որ Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպությունն ու հայաստանյան Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ-ն իրականացնում են համատեղ, ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը:

Ներկայացնելով ծրագիրը, ԱՄՆ փորձագետ Փեդ Ռայսը նշել է, որ Հայաստան այցի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելուն ուղղված օրենսդրական դաշտի՝ միջազգային նորմերին համապատասխանության ուսումնասիրությունն է:

Նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ողջունելով հյուրերին, նշել է, որ տվյալ ոլորտում անելիքներ շատ կան, սակայն ՀՀ-ում գործող օրենսդրական դաշտը` մասնավորապես Քաղաքաշինության մասին օրենքը և իրավական ակտերը հարմարեցված են միջազգային նորմերին, իսկ 2006 թվականից հաստատվել և գործում է Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին որոշումը, որով կարգավորվում է հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովումը:

Հանդիպման ընթացքում քաղաքաշինության նախարարության մասնագետները՝ շինարարության քաղաքականության վարչության պետ Ա. Նազարեթյանը և ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի պետ Ա. Պատրիկյանը, ներկայացրել են նշված օրենսդրության կիրարկման մեթոդները:

Հանդիպման ավարտին տիկին Ռայսը նշել է, որ 2016 թվականին Հայաստան կժամանեն փորձագետներ, տեղի մասնագետների հետ դասընթացներ կազմակերպելու, փորձի փոխանակման և հետագա համագործակցության ծրագիր մշակելու նպատակով:




Լրահոս